Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:48

Հովհաննես Ծործորեցի

Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»:
   

    Ով մատնելու էր Նրան, նշան տվեց և ասաց. «Ում համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»:

    Ինչո՞ւ այս նշանը տվեց: Ինձ թվում է` սովորություն կար, որ դրսից եկած աշակերտներն ու ռամիկները համբուրում էին ուսուցչի և թագավորի աջը, ուստի Հուդան այս նշանը տվեց` կարծելով, թե [Հիսուսը] գուցե այլակերպեր Իրեն կամ ծածկվեր նրանցից, ինչպես շատ անգամներ. որովհետև եթե ուրիշներից կարող էր, [Հուդայից] չէր թաքնվի. և երբ այդ նշանով մատներ Նրան նրանց ձեռքը, եթե [Հիսուսը]փախչեր, նրանք կիմանային: Բայց դու տե՛ս մատնիչի անպատկառությունը, թե որքա՛ն չարությամբ էր նրա միտքը լցվել, կամ ի՛նչ աչքերով էր նայում Ուսուցչին և բերանով համբուրում Նրան ու չէր ամաչում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

48-49․ Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»: Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
   
    Մատնիչ աշակերտին և ձերբակալող ամբոխին նախօրոք կարգադրություն էր արված, որպեսզի դավադրությունը ապահով կերպով իրականացվի։ Ամբոխը, միանգամից շփոթություն չառաջացնելու համար, մի փոքր հեռու՝ անձայն և առանց աղմուկի պիտի սպասեր։ Հուդան մենակ առաջ պիտի գար` իբրև թե գործի համար գնացած լիներ և գործն ավարտած լինելով՝ վարդապետի մոտ էր դառնում։ Առանց վարանման Հիսուսին պիտի մոտենար, նրան բարի ողջույն պիտի տար և մտերմորեն երեսը համբուրեր։ Համբույրը նշան պիտի լիներ հասկացնելու, թե առաքելական խմբում ով էր Հիսուսը։ Այդ նշանի վրա ձերբակալության եկող խումբը միանգամից պիտի շրջապատեր Հիսուսին և պաշտոնյաներն ու զինվորները նրան պիտի բռնեին, ձերբակալեին, կապեին և գործը պիտի վերջանար։
Հիսուս Գեթսեմանիի մեջ էր՝ Իր օթևանի մոտ, ուր եկել էր միանալու մնացած ութին, որոնք միացել էին քնից ելած երեքին։ Հուդան միայնակ, մի տեսակ սիրալիր փութկոտությամբ՝ իբրև վարդապտին կարոտած և տեսնելու շտապելիս, մոտենում է Հիսուսին՝ «Ռաբբի՛, ռաբբի՛», այսինքն «Վարդապե՛տ, վարդապե՛տ» կանչելով։ Հիսուս անտարբերությամբ պատասխանում է․ «Ի՞նչ կա, եղբա՛յր, ինչո՞ւ ես գալիս և ի՞նչ ես ուզում․ Ընկե՛ր, վասն որո՞յ եկիր»։ Հուդան առանց պատասխանելու և իր սովորական կեցվածքն էլ չփոխելով, հարգալից ողջույնով մոտենում է Հիսուսին ու փարվելով՝ համբուրում Նրա երեսը։ Հիսուս չի կարողանում այդ աստիճանի լրբության դիմաց լռել և այդպիսի վատ դավադրական գործը չհանդիմանել։ Հուդային դառնալով, ծանր կերպով, լուրջ դեմքով ու մեղմ ձայնով նրա երեսով է տալիս այդ աններելի վատությունը, ասելով․ «Հուդա՛, նույնիսկ համարձակվեցիր սիրո համբո՞ւյրը մատնության նշան դարձնել․ Համբուրելո՞վ մատնես զՈրդի Մարդոյ»։ Հուդան սարսափահար է լինում։ Որքան էլ նա գիտեր, որ ՀԻսուս տեղյակ է իր մատնության մասին, սակայն ստոր և վատ բնավորության տեր մարդկանց բնական է միշտ իրենց համար նպաստավոր ենթադրություններով տարբերվել։ Հիսուս մատնությունը կարող էր իմանալ ընդհանուր կերպով, բայց համբույրը որպես մատնության նշան լինելու մասին որտեղի՞ց կարող էր իմանալ, երբ դեռևս նոր էր որոշվել ու նոր էր կարգադրվել։
    Հիսուսի և Հուդայի միջև տեղի ունեցած խոսակցությունը ոչ ոք չէր լսել՝ ամբոխը հայացքը սևեռած հեռվից դիտում էր, թե ում պիտի համբուրի Հուդան։ Միայն քահանայապետարանի բարապաններից ոմանք կարող էին ճանաչել, թե որ մեկն էր Հիսուսը, բայ ոչ հավաքված ամբողջ բազմությունը, մանավնդ, հռոմեացի զինվորները։ Անգամ գիշեր ժամանակ, Գեթսեմանիի ձիթենիների հովանու տակ և խառնաշփոթ իրավիճակում անձին ճանաչելով իսկ շփոթելը շատ հեշտ էր։ Ահա թե ինչու էր անհրաժեշտ արտաքին և շոշափելի նշանով Հիսուսին զատորոշելը։ Ավանդություն կա, ըստ որի Հիսուս և Հակոբ Տյառնեղբայրը այնքան միմյանց նման էին, որ մեկը մյուսին շատ հեշտությամբ էին շփոթում, և այս էլ հիշվում է որպես համբույրով նշան տալու պատճառը։ Սակայն այդ բացատրությունը հիմված էր Հակոբ Տյառնեղբոր Տասներկուսից մեկը լինելու վրա, որը մենք չընդունեցինք և երեք Հակոբների՝ այսինքն Զեբեդյան, Ալփյան և Տյանեղբոր, երեք տարբեր անձնավորություններ լինելու տեսակետը պաշտպանեցինք (Մատթ. 10:2-4