Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի:
Եվ իսկույն նրանցից մեկը գնաց, վերցրեց քացախով լի սպունգ և եղեգի վրա հագցնելով` տվեց Նրան, որ խմի:
Կամ [Հիսուսն] ասաց` ծարավ եմ` ըստ Հովհաննեսի (Հովհ. 19։29), ուստի քացախ տվեցին Նրան` այն անուշաբույր գինու դիմաց, որ քաղցրացրել էր նրանց համար Գալիլեայի Կանայում` ջուրը գինու փոխարկելով 1613, կամ էլ, քանի որ աղաղակում էր, քացախով կամեցան լռեցնել: Քանի որ գիտեին, որ Հայրը լսում ու հրաշքներ է գործում, ինչպես [երևում է] ամենուր, քացախը տվեցին, որ [Հիսուսն] արագ մեռներ, որովհետև խոցված մարմինը մեռնում է, երբ քացախ է ընդունում: Ուստի որպեսզի չկարծվեր, թե [Հիսուսը] դրանից մեռավ, մյուս ավետարանիչներն ասում են, որ «չընդունեց» [քացախը] (Մարկ. 15։24), և թեպետ մեռավ, իշխանաբա՛ր մեռավ, ինչպես ասվում է հաջորդ [խոսքում], թե «աղաղակեց»: Կամ էլ դա ևս եղավ ըստ [մարդկային] բնության, որը [Հիսուսը] չարհամարհեց, ինչպես մնացած ամեն ինչ, որ խաչի բարձրության շնորհիվ եղեգով ու սպունգով քամեց նրանց բերանների մեջ: Բայց նախ քացախի փոխարեն, որը փորձեց եղեգով, հեթանոսների քացախուտ չարիքները քաղցրացրեց Հոգով` ասես սպունգով, և [դարձի եկած հեթանոսների անունները] գրեց երկնքում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի:
Փրկչական տնօրինությունները հետզհետե ավարտվում էին, մարգարեների նախագուշակությունները հերթով կատարվում էին, դրանց շարքը ավարտվում է ծարավով և քացախ խմելով: Հովհաննեսի բացատրությունն այդ իմաստով պիտի հասկանալ, երբ գրում է. «Գիտաց Յիսուս եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է, զի կատարեսցի գիրն ասէ. Ծարաւի եմ»: Հնարավոր չէ, որ որ ավետարանչի մտքով անցներ, թե Հիսուս ոչ թե ծարավելու, այլ միայն մարգարեությանը նմանեցնելու համար «Ծարաւի եմ» ասած լիներ, ինչպես ավետարանի խոսքերը քաշքշողները հանդգնել են ասել, այլ, ինչպես ուրիշ հանգամանքների ժամանակ, այս առիթով էլ Հիսուսի ասածն ու արածը մարգարեությունների գուշակն էր: Հիսուսի ծարավ լինելը, քանիցս մեջ բերված սաղմոսի մեջ էլ կա. «Չորացաւ որպէս խեցւոյ՝ զօրութիւն իմ, լեզու իմ ի քիմս իմ կցեցավ» Սաղմ. 21:16: Բայց ավելի հստակ կերպով է գրվում մի ուրիշ սաղմոսի մեջ. «Ետուն ի կերակուր ինձ լեղի, եւ ի ծարաւ իմ արբուցին ինձ քացախ» Սաղմ 68:22:
Երբ Հիսուս ասում է, թե ծարավ է, պահապան զինվորները իրենց պարտքն են համարում համամերձ մահապարտին չզլանալ այդ դյուրին բանը և սպունգը թաթախում են քացախով, ջրով և լեղիով պատրաստված խառնուրդի մեջ, թաթախված սպունգը, անցկացնելով եղեգի ծայրին և կապելով չոր կողմից զոպայի ճյուղերի խրձից անցած խմիչքով Հիսուսի բերանը թրջվի, կոկորդը զովանա: Հիսուսին այս անգամ մատուցած ըմպելիքը առաջին անգամ մատուցած զմռսած գինուց կամ մահապարտների հարբեցնող ըմպելիքից չէր, այլ զովանալու համար գործածվող քացախի խառնուրդ էր, որ հռոմեացի զինվորներն էին գործածում իրենց ծանր հոգնածության դեպքերում:
Ղուկասի պատմության համեմատ, երբ խաչը պահպանող զինվորները մի կողմից մարդասիրական ծառայություն էին մատուցում, մյուս կողմից չէին վարանում ձայնակցել Հիսուսին ծաղրող բազմությանը, և հրեաների թագավոր լինելու խոսքերը կրկնելով` ասում էին. «Չ՞է որ հրեաների թագավորն ես, չէ՞ որ իբրև թագավոր իշխանություն ունես, ուրեմն լա՜վ, հրամայիր մատրիկներիդ, որ գան և քեզ մեր ձեռքից ազատեն»: Զինվորների այդ արածն ու ասածը շարունակությունն էր այն կոշտ ու կոպիտ ձաղանքի, որ սկզբից Հիսուսին հասցրեցին պրետորիոնի գավթում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: