Ծննդոց գրքի մեկնություն 30:37

Ա. Լոպուխին

37-39. Հակոբն առավ կաղամախի, թխկիի և սոսու դալար ճյուղեր, հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը: Նրանց կեղևները տեղ–տեղ քերծեց, սպիտակեցրեց, այնպես որ գավազանների վրա եղած սպիտակը երևում էր: [37] Քերծած գավազանները նա դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն: Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու խատուտիկ գառներ: (Սինոդական թարգ․)
   
   Առաջին հնարքը. իբրև հմուտ մի անասնաբույծ` Հակոբը օգտագործում է հայտնի և հնագույն ձև, այն է` ծայրահեղ զգայուն ոչխարների և այծերի արտաքին տպավորությունների և զգայական զգացումների վրա ազդել զուգավորման ժամանակ: Նա այդ պահին ջուր խմելու գուռի մեջ նրանց բոցավառված աչքերի առաջ դնում է բարդու, սպիտակ թխկիի և նշենու գույնզգույն բույսերի դալար ճյուղեր` վարպետորեն կեղևահան անելով և դարձնելով գույնզգույն: Այս արարքով սկսվում է կենդանիների տարբեր տեսակի և ձևի, պտավոր և բծավոր մասսայական ծնունդ, որոնք, ըստ պայմանի, դառնում էին Հակոբի սեփականությունը: Կարելի է ենթադրել, որ Հակոբը հույսը դրել էր «ոչ թե տաշած մականների վրա, այլ աստվածային օգնության» (երանելի Թեոդորիտի պատ. հարց. 90): Կատարվածի մեջ կար «շատ սքանչելի և իրերի բնականոն հերթականությունը գերազանցող մի բան» (Հովհան Ոսկեբերան, 57, 609):
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը: Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն իր համար սպիտակ կաղամախուց, նշենուց և սոսենուց դալար ճիպոտներ կտրեց, տեղ-տեղ քերծեց դրանց կեղևները, մինչև որ երևաց ճիպոտների մեջ եղած սպիտակը:
(Գրաբար) Եւ ա՛ռ Յակոբ գաւազան՝ շէ՛ր դալար և ընգուզի և սաւսւոյ, և կեղևեաց զնոսա Յակոբ, և եղև սպիտակ. և էքերծ զդալարն ՚ի գաւազանացն. և երևէր ՚ի գաւազանսն սպիտակն զոր քերծոյր՝ նկարէ՛ն։