Ծննդոց գրքի մեկնություն 31:10

Ա. Լոպուխին

10-13. Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում տեսնում էի, թե ինչպես էին նոխազներն ու խոյերը ելնում պտավոր, խատուտիկ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։ [10] Երազի մեջ Աստծու հրեշտակն ինձ ասաց. «Հակո՛բ»։ Ես պատասխանեցի. «Ես այստեղ եմ»։ Նա ասաց. «Քո աչքով տե՛ս, որ մաքիների ու էգ այծերի վրա ելնող խոյերն ու արու այծերը ի՜նչ պտավոր են, խայտաճամուկ ու խատուտիկ։ Չէ՞ որ ես տեսա, թե ինչքան անարդար վարվեց քեզ հետ Լաբանը։ Ես այն Աստվածն եմ, որ երևացի քեզ Բեթել կոչվող վայրում, ուր ինձ համար կոթողը յուղով օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, դո՛ւրս արի այս երկրից, գնա՛ քո ծննդավայրը, [և ես կլինեմ քեզ հետ]»։ (Սինոդական թարգ․)
   
   Վերը մատնանշելով Լաբանի հոտի մեծ մասի աստիճանաբար իրեն անցման`  Աստծո օրհնություն և Լաբանի կեղծիքից Տիրոջ  պաշտպանություն լինելու փաստը՝  Հակոբը կանանց ցույց է տալիս, թե ինչպես է ինքը համոզվել, որ Աստծուց օրհնված է: Նա պատմում է իր մի շարք տեսիլք–երազների մասին, որոնցից մի քանիսը կապված էին իր վեցամյա ծառայության հետ, իսկ մնացածները` այդ ժամանակահատվածի վերջին մասի։ Առաջին դեպքում, ամեն անգամ, երբ Հակոբը տխրում էր Լաբանի որևէ անարդարության պատճառով, նա երազում տեսնում էր իր փափագների կատարումը. Աստծո հրեշտակը նրան ցույց էր տալիս, որ ծնված այծերն ու գառները կլինեն այն գույների, որոնք, ըստ պայմանի, պետք է պատկանեն Հակոբին։ Աստված, տեսնելով Լաբանի անարդար վերաբերմունքը Հակոբի նկատմամբ, իր արարչագործ զորությամբ պահպանում է Հակոբի բարեկեցությունը,  և կարելի է ենթադրել, որ ներում է Լաբանի սնափառության դեմ պայքարի ընթացքում նրա կատարած գործողությունները, որոնք  ոչ միշտ էին օրինավոր։ 13–րդ համարում խոսվում է Հակոբի՝ վերջին անգամ տեսած երազի մասին, որտեղ Տիրոջ հրեշտակը, Հակոբին հիշեցնելով Բեթելի տեսիլքի և այնտեղ տրված խոստման մասին, պատվիրում է նրան վերադառնալ հայրենիք։ Յոթանասնից թարգմանության մեջ (սլավոներեն և ռուսերեն) նշված է, որ Աստծո խոստումը միշտ Հակոբի հետ է լինելու։ Այս ամբողջ պատմությամբ Հակոբը ցանկանում է համոզել իր կանանց, որ իր հետ Քանան գնան։ Ուշագրավ է այն, որ Աստծո Հրեշտակը կրում էր  Աստծո անունը՝ նույնանալով Եհովայի հետ, որը  Հակոբին հայտնվել էր Բեթելում` Միջագետքի ճանապարհին (Ծննդ. 28:12-13): «Հայտնվածին Հրեշտակ կոչելը ցույց է տալիս, որ Նա հենց Աստված է, որովհետև ինքն ասում է. «Ես եմ Աստվածը, որ հայտնվեց քեզ ճանապարհին»։ Քանզի նա տեսել էր սանդուղքով բարձրացող և իջնող հրեշտակներին ու վերևում հաստատուն կանգնած Տիրոջը։ Նրան այստեղ կոչում է Հրեշտակ և Աստված. Աստված՝ ըստ բնության, իսկ հրեշտակ, որպեսզի իմանան, որ հայտնվածը Հայրը չէ, այլ Միածին Որդին` «մեծ խորհրդի հրեշտակը» (երանելի Թեոդորետ, «Պատասխաններ հարցերին, 90»): Եփրեմին և Մանասեին օրհնելիս Հակոբը Եհովայի այդ Հրեշտակին (Ծննդ. 48:15-16) կոչում է  Ազատիչ–Հրեշտակ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Երբ մաքիները բեղմնաւորւում էին, ես երազում, իմ աչքերով տեսնում էի, թէ ինչպէս նոխազներն ու խոյերը ելնում էին պտաւոր, խատուտիկ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ հոտերի բեղմնավորման ժամանակ երազ տեսա. աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա հոտերի հետ զուգավորվող խոյերը բծավոր, խայտախարիվև գորշախայտ էին:
(Գրաբար) Եւ լինէր յորժամ զկծէին խաշինքն, տեսանէի աչաւք իմովք յերազի, եւ ահա քաղք եւ խոյք ելանէին ի վերա մաքեաց եւ այծից. պիսակք եւ խայտախարիւք եւ գորշախայտք: