Ծննդոց գրքի մեկնություն 31:33

Ա. Լոպուխին

33-35. Լաբանը, խուզարկեց Հակոբի կացարանը, Լիայի կացարանն ու երկու հարճերի կացարանը, բայց ոչինչ չգտավ։ Դուրս գալով Լիայի կացարանից՝ Լաբանը մտավ  Ռաքելի կացարանը։ [33] Ռաքելը, առնելով կուռքերը,  դրանք դրել էր ուղտի թամբի տակ և  նստել դրանց վրա։ Լաբանը խուզարկեց ողջ վրանը, բայց ոչինչ չգտավ։ Նա իր հորն ասաց. «Մի՛ բարկացիր, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև  կանանց հատուկ վիճակի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ողջ կացարանը, բայց կուռքերը չգտավ։ (Սինոդական թարգ․)
   
   Լաբանը խուզարկում է Հակոբի և նրա բոլոր կանանց վրանները, քանի որ կանայք նույնպես առանձին վրաններ ունեին։ Այս ամենի մեղավոր Ռաքելի խորամանկությունն ու հնարամտությունը այն է, որ իմանալով նաև մյուս ժողովուրդներին հայտնի հնագույն սովորույթի մասին (այս սովորույթը հետագայում Մովսեսի կողմից պարտադիր օրենք է հռչակվում (Ղևտ. 15։19–20), քանզի ամսականի ժամանակ կինը մաքուր չէ, և նրան դիպչելիս մարդ պղծվում է)՝ արձանիկը թաքցրել էր ուղտի նստատեղի տակ և նստել էր դրա վրա այն համոզմամբ, որ Լաբանը չէր խուզարկի իրեն, եթե ինքը հայտներ, որ անմաքուր է։ Ուշագրավ է այն հարգալից վերաբերմունքը, որ աղջիկը ցուցաբերում է հոր հանդեպ, թեև ո՛չ Ռաքելը և ո՛չ Լիան Հակոբի նկատմամբ Լաբանի վերաբերմունքը նորմալ և արդարացի չէին համարում  (Ծննդ. 31:15-16):
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Լաբանը, մտնելով, խուզարկեց Յակոբի կացարանը, Լիայի կացարանն ու երկու հարճերի կացարանը, բայց ոչինչ չգտաւ: Դուրս գալով Լիայի կացարանից՝ Լաբանը մտաւ Ռաքէլի կացարանը:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի և երկու աղախինների վրանները, սակայն չգտավ: Ապա դուրս եկավ Լիայի վրանից ու Ռաքելի վրանը մտավ:
(Գրաբար) Եւ մտեալ Լաբան յուզէր ի տան Յակոբայ: Եւ ի տան Լիայ, եւ ի տան երկոցուն հարճիցն, եւ ոչ գտանէր. եւ ելեալ ի տանէ անտի Լիայ` եմուտ ի տուն Ռաքէլի: