Ծննդոց գրքի մեկնություն 31:41

Ա. Լոպուխին

41-42. Քսան տարի է՝ քո տանն էի։ Տասնչորս տարի քո դուստրերի համար աշխատեցի, իսկ վեց տարի՝ քո հոտերի, բայց դու խաբեցիր ինձ և իմ բաժնից տասը ոչխար խլեցիր։ [41] Եթե ինձ հետ չլինեին իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածն ու Իսահակի երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Աստված, սակայն, տեսավ իմ չարչարանքն ու իմ ձեռքի գործը և երեկ քեզ հանդիմանեց»։ (Սինոդական թարգ․)
   
   Իր հովվական  պարտականությունների նկատմամբ Հակոբի հետևողական և նույնիսկ անձնազոհ վերաբերմունքը չէր գնահատվում Լաբանի կողմից, այլ ընդհակառակը՝ վերջինս ամեն կերպ նվազեցնում էր Հակոբի աշխատանքի վարձը (հմմտ. հմր. 7)։ Հակոբի համոզմամբ Աստծու նախախնամության շնորհիվ է, որ Լաբանը չի կարողանում իրեն զրկել ձեռք բերած հարստությունից. Լաբանի համար ակնհայտ խնամքն է, որ պահում էր նրան Հակոբի ձեռք բերված ունեցվածքից զրկվելուց. «Քանի որ Աստծուն է հայտնի, թե ինչ մեծ ջանադրությամբ էի ես քեզ մոտ կատարում իմ ծառայությունը և ինչ դժվարություններ էի ես կրում… անտեսելով այդ՝ Նա՝ որպես մարդասեր Տեր, երեկ մերկացրեց քեզ, վանեց ինձնից քո անարդար և անմիտ հարձակումները» (սուրբ Հովհան Ոսկեբերան, Բան 57): Հակառակ Լաբանի պոլիթեիստական հավատալիքների (հմմտ. հմր. 30 և 53)՝ Հակոբը, ինչպես իր կանանց ուղղված խոսքում (հմր. 5), Աստծուն խոստովանում է որպես տիեզերքի, իր հոր և պապերի Աստված և միաժամանակ օգտագործում է միմյանց զուգահեռ՝ «Աստված Աբրահամի» և «Իսահակի երկյուղ» արտահայտությունները։ Վերջին արտահայտությունը փոխաբերություն է և ի նկատի ունի Իսահակի երկյուղի պատճառը, այսինքն` Աստծուն։ Նման անվանում Աստծու համար օգտագործվում է Եսայի մարգարեության մեջ (Ես․ 8:13): «Իսահակի երկյուղ է կոչում առաքինությունը` այսինքն՝ Աստծո հանդեպ երկյուղը, քանի որ Իսահակը սրտում կրում էր այն» (երանելի Թեոդորիտ, Հարցմունք 92): Աստծո նկատմամբ երկյուղը կրոնի և հատկապես հինկտակարանյան կրոնի անբաժան մասն է։ Իսահակի համար այն օգտագործվում է հատուկ իմաստով` նրա անհատական առանձնահատկությունն ընդգծելու համար։ Ըստ ռաբբիների՝ այս անվանումը նշանակում է կամ այն, որ Իսահակը զոհաբերվելիս երկյուղել է Աստծուց, կամ էլ այն, որ դեռ կենդանության ժամանակ Իսահակը անխուսափելիորեն երկյուղել է Աստծուց։

Ինչպես նաև, ըստ էության, Հակոբն իր կենդանի հոր համար դեռ չէր էլ կարող ասել «Իսահակի Աստված»  (հմմտ. Н. Grotius. Annotationes іn Vetus Тestamentum. T. 1. Halae,   1775. P. 39: non dicit Deus Isaaci, quia vive–bat adhuc Isaac):
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Քսան տարի է, որ քո տանն էի: Տասնչորս տարի քո դուստրերի համար աշխատեցի եւ վեց տարի՝ քո հօտերի համար, բայց դու խաբեցիր ինձ եւ իմ բաժնից տասը ոչխար խլեցիր:
(Արարատ թարգ․) Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի՝ քո երկու աղջիկների համար և վեց տարի՝ քո հոտերի համար: Եվ տասն անգամ դու փոխեցիր իմ վարձը:
(Գրաբար) Այս քսան ամ է ի տան քում էի. զչորեքտասան ամ փոխանակ դստերաց քոց վաստակեցի, եւ զվեց ամ ի խաշինս քո. եւ խաբեցեր զիս ի վարձս տասն բծացս: