Ծննդոց գրքի մեկնություն 31:50

Ա. Լոպուխին

 50-52. Եթե վշտացնես իմ դուստրերին, եթե իմ դուստրերի կենդանության օրոք կանայք առնես, զգո՛ւյշ եղիր, քանի որ մարդ չկա, որ այդ բանը տեսնի, բայց Աստվա՛ծ վկա կլինի իմ ու քո միջև»։ [50] Լաբանը  Հակոբին ասաց. «Ահա այս քարակույտն ու այս կոթողը, որ կանգնեցրինք իմ ու քո միջև. վկա թող լինի այս քարակույտը, վկա թող լինի այս կոթողը, որ ես չեմ անցնի քարակույտից այն կողմ, իսկ դու էլ չես անցնի քարակույտից ու կոթողից այս կողմ չար դիտավորությամբ։ (Սինոդական թարգ․)
   
   Դաշինքի պայմանները և բնույթն արտահայտելու համար Լաբանը հավատարմության և անխախտության երաշխիք է համարում միայն Աստծուն, Ում նա երդումով կանչում է՝ պահպանելու իր առաջադրած պարտավորությունները և պատժելու խախտող կողմին։ Լաբանն էլ ավելի է մտահոգվում, քանի որ արդեն այդ ժամանակի կնոջ հնազանդության սովորույթի համաձայն Հակոբը կարող էր  կեղեքել իր ընտանիքի անդամ Լիային ու Ռաքելին: Բացի այդ՝ Լաբանը վախենում է, որ Հակոբը հնարավոր է  վերադառնա Միջագետք` իրենից վրեժխնդիր լինելու համար։ Այդ պատճառով նա պահանջում է, որ թշնամական նպատակներով Հակոբը երբեք չհատի «Վկայության բլուրը»։ Առևտրային և ընդհանրապես խաղաղ հարաբերություններն այստեղ հնարավոր են համարվում (հմմտ. Գ Թագ. 20։34): Լաբանի՝ Հակոբի հետ կնքած պայմանն իր վերջին մասով ավելի շուտ միջազգային պայմանագիր է, քան  դաշինք։
--------------------------------
[50](Էջմիածին թարգ․) Եթէ վշտացնես իմ դուստրերին, եթէ իմ դուստրերի կենդանութեան օրօք կանայք առնես, զգո՛յշ եղիր, քանի որ մարդ չկայ, որ այդ բանը տեսնի, բայց Աստուա՛ծ վկայ կը լինի իմ ու քո միջեւ»:
(Արարատ թարգ․) Եթե իմ աղջիկներին վշտացնես և կամ իմ աղջիկներից բացի ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ, որ այդ բանը տեսնի, բայց տե՛ս, իմ ու քո միջև վկա է Աստված:
(Գրաբար) Եթէ վշտացուսցես զդստերս իմ. եթէ առցես կանայս առ դստերաւք իմովք: Զգոյշ լեր զի ոչ ոք է ընդ մեզ որ տեսանէ. Աստուած լիցի վկայ ընդ իս եւ ընդ քեզ: