Ա. Լոպուխին
9-13․ Աստված երևաց Հակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Հակոբը Ասորիների Միջագետքից եկավ Լուզ, Աստված, օրհնելով նրան, ասաց. [9] «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»: Եվ նա կոչվեց Իսրայել: Աստված ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստվածը: Հզորացի՛ր և բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնվեն քեզանից, և թագավորներ պիտի ելնեն քո կողից: Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»: Եվ Աստված անհետացավ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ: (Սինոդական թարգ․)
Այստեղ պատկերվում է «Միջագետքից վերադառնալու ժամանակ առաջին անգամ» Աստծո հայտնվելը Հակոբին (քանի որ ավելի վաղ՝ համար 1–ում, միայն Աստծո սովորական հրաման էր եղել) և Նրա կողմից Հակոբին օրհնելը: Այս տեսիլքը զուգորդվում է Միջագետք փախչելիս Հակոբի տեսած նախկին տեսիլքի հետ: Այս և մյուս տեսիլքները տեղի են ունեցել Բեթելում. մեկը՝ Միջագետք ճանապարհորդության սկզբում, երբ Հակոբը երդում էր տալիս, մյուսը՝ հայրենիք վերադառնալիս և ուխտը կատարելիս: Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ կրկնվում է Աստծու կողմից ավետյաց երկրի մասին Աբրահամին տրված խոստումը, ընդ որում՝ վերջինի ժամանակ Աստված վերջնականապես հաստատում է Հակոբի Իսրայել անունը (հմմտ. Ծննդ. 32:27, 28)՝ ամրապնդելով Հակոբի կանխամտածված օրհնությունը (հ. 9-10): Եվ ինչպես որդու ծնունդը ավետվեց Աբրահամին (Ծննդ. 17։1), այդպես էլ Հակոբին է բացահայտվում ամեն ինչ (հ. 11): Այս դեպքում ևս կրկնվում են ավետյաց երկրի ու բազում ազգերի ծագման մասին խոստումները: Նույն կերպ էլ այստեղ է նշվում քանանացիների բնակեցրած տարածքի՝ իբրև ավետյաց երկրի (h. 12) շնորհումը Աբրահամի և Հակոբի սերունդներին: Աստված բացահայտվում է եբրայական Էլ–Շադայ բառերով, որը նշանակում է «Ամենակալ Աստված»: Մահանալիս Հակոբը վերհիշում է բեթելյան դեպքերը (Ծննդ. 48։3)՝ իբրև իր կյանքի լավագույն պահեր: Իրականում Աբրահամի պատմությունները, (Ծննդ. 17։1 և այլն) Հակոբի տեսիլքը Միջագետքի ճանապարհին (Ծննդ. 28։12-16 ) և Հակոբի առեղծվածային աստվածամարտը Փանուելում (Ծննդ. 32:27) նախորդ ողջ նահապետական պատմությունը միավորում են մեկ ամբողջության մեջ՝ այն ներկայացնելով որպես Աստծո անդադար ներգործության ներքո կատարվող համընդհանուր փրկության պատմություն:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝
(Արարատ թարգ․) Եվ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա գալիս էր Միջագետքից, և օրհնեց նրան:
(Գրաբար) Եւ երեւեցաւ Աստուած Յակոբայ` մինչդեռ անդ էր ի Լուզ. յորժամ եկն ի Միջագետաց Ասորոց: Եւ աւրհնեաց զնա Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: