Ծննդոց գրքի մեկնություն 3:6

Սրբ. Եփրեմ Ասորի

Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար* : Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան:

   

   «Եվ կինը տեսավ, թե ծառի պտուղը լավ է ուտելու համար»: Այն ժամանակ, երբ Եվան լսեց այդ խոսքերը բորբոքվեց ցանկությամբ և տարվեց նենգ թշնամու գաղափարներով: Եվ նա, որ մի ժամանակ հեռացած էր ծառից և չէր մոտենում նրան հանդգնեց, համարձակվեց և անցավ սահմանը. «Տեսավ, ասում է կինը, թե բարի է ծառի պտուղը»: Սա ցույց է տալիս, որ մինչև ծառին մոտենալը Եվան իր ցանկությամբ կերավ այն: Որովհետև ասում է. «Տեսավ, որ ակնահաճո է», քանի որ երբ լսեց օձի խոսքերը, նախ նրա մտքի մեջ ցանկություն առաջացավ: Եվ այն, որ ասում է «գրավիչ երևաց» ցույց է տալիս, որ Եվան նույն պահին անմիջապես չմոտեցավ ծառին, այլ երկար մտածում և նայում էր ծառին: Եվ քանի որ օձի խրատը լսելով շտապում և աճապարում էր մեծ դառնալ, Ադամին պատիվ չարեց և նախ նրան չտվեց, այլ ինքը կերավ, և հետո միայն տվեց Ադամին: Եթե մոտենաք ծառին, ասում է, չեք մեռնի, այլ կլինեք աստվածների նման: Օձը չհամարձակվեց մոտենալ Ադամին, ով լույսով էր ստեղծվել, այլ մոտեցավ Եվային, որովհետև նա ստեղծվել էր քնից, որ մահվան ընկերն է, հարևանը և դուռն է, որպեսզի Եվան հասկանա և ճանաչի, թե մահն իր հորդորով աշխարհ եկավ, ինչպես ինքը` Ադամի քնից:

   Եվայի անձն ավելի գայթակղվեց այն հրաշքով, երբ տեսավ, որ օձը, որ բնությամբ բանական չէր, սկսեց խոսել, անխոս օձը խոսուն եղավ: Եվ երբ նոր և զարմանալի խոսք լսեց նրանից, այդ պատճառով անմիջապես ընդունեց նրա հորդորը: Սատանան նախանձեց նրանց տկարացնելով և խոնարհեցնելով և նրանց համար կերակուր ստեղծեց, որպեսզի Աստված բարկանա նրանց վրա: Ս. Գիրքն ասում է. Անօրեն իշխանը, երբ կամեցավ աստվածանալ, պարզեց իր ձեռքը դեպի մարդիկ և բոլորին կապեց մեղքով»: Նաև նրա անունն իսկ վկայում է իր խոտոր հանցանքների մասին: Իսկ բարերարը, երբ տեսավ, որ նա անցել է իր բնության չափը, Ադամին ստեղծեց աշխարհի մեջ իր պատկերով և նմանությամբ` սատանային հանդիմանելու համար: Արդ լսեց նա, որ Ադամին ասվեց, թե երբ ուտեք կմեռնեք և մտածեց նրանց մահվան մասին, որպեսզի խոչընդոտվի և փոքրանա աշխարհը, չսերվի և չբազմանա, այդ պատճառով էլ նրանց խորհուրդ տվեց ուտել այն ծառից:

   Ասում են օձը խորամանկ է, ծառը՝ ցանկալի և կինը՝ Ադամի կողակիցը, Աստված նրանց փորձության ենթարկեց Ադամի ազատության քննության համար, թե արդյո՞ք հավատարիմ կմնա իր պատվերին: Ինչպես սատանան խնդրեց Հոբի ունեցվածքը և տրվեց նրան, Հոբին քննելու համար, այնպես էլ սատանան խնդրեց օձին տալ խոսքի կարողություն, որպեսզի կենդանիներից ամենախորամանկի միջոցով գա և պատերազմի նրա դեմ, ով ստացել էր իշխանություն գազանների և սողունների վրա: Եվ ինչպես Աստված Հոբին բարերարություն արեց, որպեսզի վերջինս զորանա Տիրոջով, այնպես էլ Ադամն առավելություն կունենար, եթե չշտապեր և իր ագահության պատճառով սուտ համարեր իր Արարչին :

   Ահա նոր խոսք տվեց օձին, ինչպես և մի ժամանակ` էշին (Թվեր 22։22, 35). գրված չէ, թե վերցրեց այն գրաստից և տվեց օձին կամ էլ Ադամին: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է օձը մեղավոր, քանի որ ահավասիկ վերցրեց խոսքը և ուղարկեց: Այսպես, ինչ որ ասվում է սատանայի մասին վերաբերում է նաև օձին: Ուստի օձը ստացավ պատիժները, որովհետև նա եղավ մարդկանց մահվան պատճառը, որպեսզի ահ և երկյուղ թափվի նրանց վրա, որ լսեցին և հնազանդվեցին նրան: Ինչպես ասվում է. «Թող անիծվի երկիրը քո գործերով» և «Չարը գալու է, բայց վա~յ նրան, ում ձեռքով չարը գա»: Օձը ստացավ պատիժները՝ կապվելով բնությանը, որպեսզի իմանա և ճանաչի, թե որչափ մեծ է ազատությանը տիրելու հանցանքը: Ինչպես օրինակ հրամայվեց քարկոծել անասուններին, ոչ այն պատճառով, որ անասունը ձգտեց պղծության, այլ որովհետև նա եղավ նրանց մահվան պատճառը, որ պղծվեց նրա հետ: Նույնպես և օձը անեծքի արժանացավ ոչ այն պատճառով, որ տեղյակ էր խորամանկ սատանայի կարողությանը, այլ որովհետև դարձավ թշնամու սպասավորության և պաշտելու անոթ, և նա նույնպես ստացավ պատիժների տանջանքները:

   Եթե Աստված նրան խոսք տվեց և եթե սատանան խոսեց նրա միջոցով, ապա ինչո՞ւ նրանից վերցվեցին ոտքերը, որպեսզի նա սողա և կամ ինչո՞ւ հողը տրվեց նրան որպես կերակուր, չէ՞ որ նա Ադամին դարձրեց դեպի հողը: Եվ ահա դու եկել և պահանջում ես օձի վրեժը, թե ինչո՞ւ պատժվեց, ուրեմն ասա մեզ, թե ինչո՞ւ է քարկոծվում պղծված անասունը` հիշելով պատճառները: Եվ ինչո՞ւ սատկեցին գազանները և թռչունները ջրհեղեղից: Եվ ինչո՞վ են մեղավոր ոչխարները, եզները և թռչունները, որ ամեն օր մորթվում են: Ինչո՞վ են մեղավոր Հոբի հոտերը, որ այրվեցին և հազարավոր խոզերը, որ տրվեցին դևին: Եվ եթե մաքուրների մասին չեն դատում, ապա անիծված օձի մասին չպետք է մտածել: Իսկ ինչո՞ւ էր մեռնում սուրբ զվարակը հանցավոր քահանայի փոխարեն, և ինչո՞վ էին մեղավոր աղավնիները և տատրակները, որ մատուցվում էին տղաների փոխարեն և կամ գառը, որ մորթվում էր ժողովրդի փրկության համար կամ նոխազը, որ պատարագվում էր ժողովրդի հանցանքների համար: Այնպես ինչպես անասունները մատուցվեցին ժողովրդի փրկության և նրանց մեղքերի քավության համար` որպես պաշտամունքի սպասավոր և ազգերի կերակուր, այնպես էլ օձը եղավ Ադամի քննության և փորձության համար և Ադամի փառքի պատվի համար ստացավ հատուցման պատիժները: Նաև արդարներին և մարգարեներին ստուգելու համար, որպեսզի հանուն մարդասիրության համբերեն թշնամու անարգանքներին: Եվ դարձյալ՝ ինչով էր մեղավոր Մովսեսը, որ անարգվեց այն ժողովրդի կողմից, և Եղիան, որ հալածվեց Եզաբելի կողմից, և Երեմիան, որ ընկղմվեց տղմի գուբի մեջ և Եզեկիելը, որ կապվեց շղթաներով, ինչպես ասում է Աստված. «Ես ջնջեցի մարգարեներին և չարչարեցի նրանց իմ բերանի խոսքով»: Եվ եթե մարգարեները թշնամի դարձան, անարգվեցին հանուն ժողովրդի, և մեր Տերը եկավ բարձրացավ խաչի վրա մեր կյանքի համար, այդ ով է, որ կարող է տրտնջալ և բարկանալ օձի ստացած մի փոքր պատժի համար: Կամ արդյո՞ք դու կցանկանայիր, որ Ադամը ստանար անեծքը, իսկ օձն ազատվեր պատուհասից և կամ Ադամը կորցներ իր փառքը, իսկ օձն իր ոտքերը` ոչ: Եվ հատուցված պատիժներն ավելի դառը կլինեին մարդկանց համար, եթե իրենց նենգ թշնամուն տեսնեին առանց պատժի:

   Եվ եթե ասեիր, թե այլ էին այն ամենը, որ պատճառներ եղան իր համար` կխախտվեր ճշմարտությունը և այն բոլոր պատուհասներով եղած պատիժները, որոնք և նրա համար պատճառներ եղան: Այլ ինչպես օրինակ խոզերի կորստով դևի չարչարանքների մասին իմացանք, այնպես էլ տկարությամբ իմացանք օձի պարտության մասին և ճանաչեցինք նրա չարչարանքները, ում կամքը գործադրվեց և կատարվեց օձի միջոցով: Սատանան գաղտնի չարչարվեց, տանջվեց այն պատիժների պատճառով, որոնք եկան բաժին հասան օձին: Թշնամին կոտրվեց, փշրվեց, խորտակվեց, երբ տեսավ իր անոթը սողում է պորտի և որովայնի վրա:

   

Ա. Լոպուխին

Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և բաղձալի՝ գիտություն ձեռք բերելու համար։ Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նա կերավ։ (Սինոդական թարգ․)[6]
   

   Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և բաղձալի՝ գիտություն ձեռք բերելու համար։ Երբ սատանային հաջողվեց Եվայի միջից ոչ միայն ոչնչացնել մահվան վախը, այլ նաև վերջինիս մեջ արթնացնել խորը գիտելիքների և մեծագույն իշխանության փառասիրական մտածումներ (ինչպես աստվածներ), նրա հոգում, ըստ էության, արդեն իսկ տեղի ունեցավ մտովի անկման գործընթացը: Մնում էր միայն, որպեսզի այս մեղանչական տրամադրվածությունը հայտնաբերվեր դրսից, արտահայտվեր հանցագործ արարքի մեջ: Այստեղ գայթակղիչին օգնում է հենց արգելված պտղի ազդեցությունը, ինչը գրգռել էր կնոջ բոլոր զգայարանները: Այս հատվածում, Եվայի մեղսալի անկման գործողության մեջ, որն այդքան պատկերավոր ու խորը հոգեբանական կերպով ներկայացված է Աստվածաշնչում, առկա են մեղքի բոլոր՝ երեք հիմնական տեսակները, որոնք Հովհաննես առաքյալը (Ա Հովհ. 2։16) որակում է իբրև մարմնական ցանկություն (լավ է ուտելու համար), աչքերի ցանկություն (ակնահաճո է), աշխարիկ հպարտություն (բաղձալի՝ գիտություն ձեռք բերելու համար):

   Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն...Եվան, հրապուրված սատանայի գրավիչ խոսքով և պտղի պատճառով վերջնականապես զգացական գրգռվածությամբ մշուշված, քաղում և ճաշակում է արգելված պտուղը (Բ Կորն. 11։3): Ինքն ընկնելով՝ շտապում է ամուսնուն ևս մասնակից դարձնել իր արարքին, մեկնիչների մեծամասնության կարծիքով, դա անում էր առանց չար մտադրության, քանի որ մեղքի թույնը դեռևս չէր ներթափանցել իր հոգու մեջ և թունավորել խղճի հանգստությունը:

   Եւ նա կերավ... Եթե Եվայի համեմատաբար բնածին թուլությունը, պատվիրանի մասին ձևական-չափազանցված և զուտ արտաքին պատկերացումը, և վերջապես, անմիջական զգացմունքային տպավորությունը պտղից, ինչ որ չափով նրան արդարացնում է, ապա Ադամը, որ անձամբ Աստծուց էր ստացել ահարկու պատվիրանը և իր նկատմամբ զգացել աստվածային սիրո այսչափ դրսևորումները, ոչ մի մեղմացուցիչ հանգամաք չուներ իր հանցանքն արդարացնելու համար: Այնպես որ, նրա մեղքը միանգամայն հոգևոր հանծագործություն էր և ավելի ծանր, քան Եվայինը (Հռոմ. 5։12-14, Ա Կորն․ 15։21–22, Ա Տիմ. 6։14):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար , ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան:
(Արարատ թարգ․) Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի է աչքերին, և ծառը ցանկալի է նայելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և իր մարդուն էլ տվեց, և նա կերավ:
(Գրաբար) Եւ ետես կինն՝ զի բարի՛ էր ծառն ի կերակուր, և հաճո՛յ աչաց հայելոյ, և գեղեցի՛կ ի տեսանել։ Եւ ա՛ռ ի պտղոյ նորա, եկեր. և ետ առն իւրում ընդ իւր, և կերան։