Ա. Լոպուխին
18-20․ Եվ նրա եղբայրները հեռվից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մոտեցել իրենց: Նրանք իրար մեջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան: [18] Յուրաքանչյուրն իր եղբորը դիմելով` ասում էր. «Ահա երազատեսը գալիս է: Եկեք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մեկի մեջ և ասենք, թե՝վայրի գազան է կերել նրան: Այն ժամանակ տեսնենք, թե ինչ կլինեն նրա երազները»: (Սինոդական թարգ․)
Եղբայրները, հեռվից նկատելով Հովսեփին (գուցե հագուստից նկատեցին), բացի Ռուբենից և Հուդայից (ինչպես երևում է հաջորդ համարներից՝ հ. 21-30), ինչպես նաև մանուկ Բենիամինից, որոշում են սպանել նրան, ընդ որում՝ ինչպես «երազատես» (եբր.՝ baal) բառից, այնպես էլ նրանից, որ երազատես եղբոր սպանության միջոցով նրանք հույս ունեին կանխելու նրա երազների իրականացումը, երևում է, որ նրանք հիմնովին հավատում էին դրանց իրականացմանը և այդ պատճառով չափազանց անհանգիստ էին: Սակայն նրանց հենց այս մտադրությամբ էր, որ Աստված Հովսեփի համար դեպի բարձունք տանող մեկ այլ ուղի գծեց (հմմ. Ծննդ. 50:20): Ըստ ավանդույթի՝ Շմավոնն ու Ղևին էին առաջարկել սպանել Հովսեփին (հմմ. սյուքեմացիների արյունահեղությունը), կամ էլ՝ միայն Շմավոնը, քանի որ Հովսեփը Եգիպտոսում բանտարկում է հենց Շմավոնին (Ծննդ. 42:24): Սպանված Հովսեփի մարմինը եղբայրներն առաջարկում էին գցել անապատի ցամաքած հորերից մեկի մեջ (bor), որոնցից քիչ չեն Պաղեստինում հատկապես ամռան ժամանակ (նույնիսկ հիմա կան, հմմ. Երմ. 41:9):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց: Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան:
(Արարատ թարգ․) Եվ դեռ չմոտեցած՝ եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրաբար որոշեցին սպանել նրան:
(Գրաբար) Տեսին զնա եղբարքն յառաջագոյն ի հեռաստանէ, մինչ չեւ մաւտ եկեալ էր առ նոսա. խորհուրդ վատ ի մէջ առին սպանանել զնա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: