Ծննդոց գրքի մեկնություն 37:35

Ա. Լոպուխին

Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ գերեզման` իմ որդու մոտ»: Եվ ողբաց նրա համար: [35] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի դուստրերից մինչև հիմա միայն Դինան է հիշատակված (Ծննդ. 34), մյուսները հիշատակված չեն տոհմացանկում, կամ էլ (ըստ Միդրաշի և Ռոզենմյուլերի և այլոց) այստեղ դուստրերը կոչվում են Հակոբի հարսներ: «Դժոխքը», եբր.՝ scheol (schaal բայից, որը նշանակում է պահանջել տեղ, որն  իր մեջ անդադար կանչում է բոլոր մարդկանց (Ես. 5 -14, Առակ. 30:16),  ըստ Հակոբի՝ Հովսեփի գերեզմանը չէ (քանի որ Հովսեփը  հիշատակվում էր՝ իբրև գազանների կողմից հոշոտված), այլ մահացածների համար նախատեսված խորհրդավոր մի վայր էր: Ինչպես աստվածաշնչյան հեղինակներն են արտահայտվում (Աբրահամի, Իսահակի մասին), «միացավ իր նախնիներին» (Ծննդ. 25:8, 35:29), նահապետական ժամանակահատվածի պատկերացումն է, որն էլ վկայում է, որ նահապետները հավատում էին անմահությանը:
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»: Եւ հայրը ողբաց նրան:
(Արարատ թարգ․) Եվ նրա բոլոր որդիներն ու բոլոր դուստրերը եկան նրան մխիթարելու, բայց նա չէր ուզում մխիթարվել: Նա ասաց. «Ես սգով գերեզման՝ որդուս մոտ կիջնեմ»: Եվ նրա հայրը լաց եղավ որդու համար:
(Գրաբար) Եւ ժողովեցան ամենայն ուստերք նորա եւ ամենայն դստերք նորա, եւ եկին մխիթարել զնա, եւ ոչ կամէր մխիթարել. ասէ` Զի իջից ես սովին սգով առ որդի իմ ի դժոխս. եւ ելաց զնա հայրն իւր: