Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:20

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

20-21. «Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքո՛ւմ, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ոչնչացնում, և որտեղ գողերը չեն փորում ու գողանում»:  «Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»։
   
   Հաշվի առնելով սա՝ Փրկիչը հարստությունը դիտարկում է նաև մեկ այլ տեսանկյունից, ինչպես վերևում նշեցի: «Որտեղ մարդու գանձն է,— ասում է Նա,— այնտեղ էլ կլինի նրա սիրտը»։ Այսինքն` նույնիսկ եթե վերոհիշյալ դեպքերից որևէ մեկն էլ («ցեցն ու ժանգը ոչնչացնում են, գողերը գողանում են…») քեզ չպատահի, սակայն քեզ համար փոքր վնաս չի լինի միայն ա´յն, որ դու կառչած կլինես երկրայինին, ազատ լինելու փոխարեն ստրուկ կդառնաս, կհեռանաս երկնայինից և ընդունակ չես լինի խորհել վսեմի մասին, այլ միայն փողերի, տոկոսների, պարտքերի, շահույթների և նողկալի առևտրի մասին կմտածես։ Ի՞նչը կարող է ավելի աղետալի լինել, քան սա է։ Նման վիճակում հայտնված մարդն ընկնում է ստրկության մեջ, ինչն իրականում ավելի տաժանագին է, քան ցանկացած ստրուկի ստրկությունը, և, որ ամենից վնասակարն է, այս դեպքում ագահը կամովին մերժում է մարդուն հատուկ ազնվությունն ու ազատությունը։
   Ինչքան էլ որ մեկը խոսի քեզ հետ, եթե քո միտքը գամված է հարստությանը, դու նույնիսկ քեզ համար օգտակար որևէ բան լսել չես կարող։ Այլ այդժամ դու կնմանվես վանդակի մեջ բանտարկված շան, որը, շղթաներից էլ առավել ամուր կապանքներով շղթայված լինելով փողի մասին մտատանջություններին, կհարձակվես բոլոր նրանց վրա, ովքեր կմոտենան քեզ: Այդպիսով, սակայն, դու կհասնես միայն նրան, որ քո ունեցած գանձը կպահպանես գեթ ուրիշների´ համար։ Ի՞նչը կարող է սրանից ավելի ցավալի լինել: Բայց քանի որ Քրիստոսի այս միտքը գերազանցում էր Իր ունկնդիրների ընկալունակության աստիճանին, և թե՛ հարստությունից բխող վնասը, ու թե՛ օգուտը շատերի համար ակնհայտ չէին ու դա հասկանալու համար էլ անհրաժեշտ էր բավականին խորաթափանց միտք ունենալ, ուստի Փրկիչը, նախնական «բացատրություն» տալուց հետո, ասաց հետևյալը. «Որտեղ մարդու գանձն է, այնտեղ էլ կլինի նրա սիրտը»։
   Այս միևնույն միտքը հետագայում ևս բացատրելով՝ Հիսուս հոգևոր իրողությունների մասին Իր խոսքը շրջում է դեպի զգայականներն ու մասնավորապես ասում է. «Մարմնի ճրագն աչքն է» (Մատթ. 6:22)։ Փրկչի խոսքերի իմաստը հետևյալն էր. հողի տակ մի թաղիր ո´չ ոսկի, ո´չ էլ նմանատիպ որևէ այլ հարստություն, որովհետև այդպիսով դու գանձեր ես դիզում որդերի, փտության և գողերի համար։ Ու եթե անգամ դու քո այդ գանձերն ապահովաբար պահպանես վերոհիշյալ կործանիչներից, այդուհանդերձ, անկարող կլինես քո սիրտը հեռու պահել ստրկությունից ու երկրաքարշ գոյությունից, քանի որ որտեղ քո գանձը լինի, այնտեղ կլինի նաև քո սիրտը։ Եվ, ընդհակառակը, եթե քո գանձերը երկնքում լինեն, ապա ոչ միայն երկնային պատիվների կարժանանաս, այլ նաև արդեն իսկ այստե´ղ կվարձատրվես պարգևներով՝ դեպի երկինք բարձրանալով ու խորհելով և հոգալով երկնայինի մասին, քանի որ, ակնհայտորեն, դու քո միտքը կտեղափոխես այնտեղ, ուր զետեղել ես քո գանձերը, մինչդեռ եթե քո գանձերը երկրի վրա դիզես, ապա բոլորովին հակառակ զգացողությունը կունենաս։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում.
   

   Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ոչ ցեցն ու ուտիճն են փչացնում, ոչ էլ գողերն անցք են բացում ու գողանում:
   Սա նաև Պողոսն է ասում. «Մեր առաքինությունը երկնքում է» (Փիլպ. 3։20), և թե՝ «Վերի՛նը խորհեք» (Կող. 3։2), որովհետև երկնային բարիքների համար կատարված բարի գործերն անապական են և հրեշտակների պես հավերժական են դարձնում:

   «Անցք» (ական) է [Տերը] կոչում կամ գիշերվա խավարը, երբ աչքը (ակն) հազիվ է տեսնում՝ ըստ այսմ. «Եթե գողը բռնվի անցք [փորելու] ժամանակ, թող [նրան սպանողը] չսպանվի» (հմմտ. Ելք 22։2), այսինքն՝ կհասկանա, որ մարդ է  1, կամ գողերը, բրիչներով, պատերի մեջ աչքի (ակն) ձևով անցք բացելով են կողոպտում ուրիշի [սեփականությունը]: Կամ էլ՝ [Տերն] «անցք» (ական) է ասում գողի գալստյան հանկարծության ու արագության պատճառով, ինչպես [ասում է] առաքյալը. «Մի ակնթարթում՝ վերջին շեփորահարության ժամանակ» (Ա Կոր. 15։52):

   «Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում»: Այսինքն՝ եթե վախենում ես գողերից կամ ցեցերից, [ունեցվածքդ] իբրև ողորմություն բաշխիր աղքատներին, և այն ոչ միայն չի վատնվի, այլև է՛լ ավելի կշատանա՝ ըստ այսմ. «Ինչ որ արեցիք այս փոքրիկներից [մեկի] համար, Ի՛նձ համար արեցիք, եկեք արքայությո՛ւնը ժառանգեք» (հմմտ. Մատթ. 25։34, 40): «Որովհետև ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ [ձեր] սիրտը [կլինի]»: [Տերը] սա նաև մի ուրիշ տեղ ասաց. «Ձեզ համար բարեկամներ ձեռք բերեք անիրավ մամոնայից, որպեսզի երբ այն պակասի, ձեզ ընդունեն հավիտենական հարկերից ներս» (Ղուկ. 16։9): Սա միայն գանձերը [երկնքում] հավաքելու դիմաց հատուցում չէ, այլ հենց երկնքում գտնվելն է՝ այստեղ՝ հույսով ու մտքով, որը [Տերը] «սիրտ» կոչեց, և հանդերձյալում՝ հոգով ու մարմնով: Նաև եթե միտքդ երկրին ես հակում ողորմության գանձերի համար, երկրային [կյանքի] ավարտից հետո կփոշիանաս, իսկ եթե երկնքին ես [նայում]՝ առ Աստված, մշտնջենական [կյանք կստանաս] Նրա հետ անմահանալով, Ով մի փոքր սերմի՝ քո ողորմության դիմաց՝ բազմապատիկ բերք է պարգևում: Իսկ որպեսզի [համոզվես], որ սա այսպես է, լսի՛ր հաջորդ [խոսքը]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19