Սրբ. Եփրեմ Ասորի
3-6․ Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են: Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»: Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին: Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում, զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում:
Ուշադրություն դարձրու դու նույն կարգի ընթերցվածքներին. «Եվ ասում է՝ թող իմ հոգին հավիտյան չմնա այդ մարդկանց մեջ» (Ծննդ. 6:3): Թեպետ և այս ուխտը կնքվել էր այն բանի համար, որ նա հավիտյան ապրեր, սակայն, քանի որ նրանք չկամեցան, ուստի և նա ասում է՝ «Թող չբնակվի իմ հոգին նրանցում հավիտյան», թող նրանք էլ հավիտյան չապրեն, այսինքն՝ իրենց ողջ կյանքը, այլ թող նրանց կյանքի տարիները հարյուր քսան դառնան: Արդ, որովհետև ասում է. «Թող իմ հոգին չբնակվի նրանցում հավիտյան» (Ծննդ. 6:3), նշանակում է՝ թող չավելանան նրանց կյանքի օրերն աշխարհում, քանի որ հոգին էին հալածում, որպեսզի նրանցում հավիտյան չբնակվի. նրանցից հալածվեց իրենց կենդանության օրոք, ուրեմն թող որ նրանցում հավիտյան չբնակվի: Մեղքերից հետո վրա հասավ վրեժխնդրությունը, որ իբրև թե նրա հետ շաղկապվել էր սխալմամբ, իմ հոգին թող չբնակվի ձեր մեջ հավիտյան, թող ձեր մեջ հավիտյան չբնակվի ձեր կենդանությունը:
Արդ, «Նրանց կյանքի սահմանը թող լինի հարյուր քսան տարի» (Ծննդ. 6:3). այս էր քարոզում Նոյը, քանի որ տապանը կառուցելու պատվիրանը նրան տրվեց: Վաստակեցին, աշխատեցին տապանի կառուցման վրա, և ծաղրում էին նրա փրկությունը: «Զղջաց, - ասում է,- Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա» (Ծննդ. 6:6), ինչպես մենք մեր մտքերում զղջացինք և աշխատեցինք, քանի որ եթե Աստված մեր համար զղջաց, ապա որչա՞փ առավել մենք պետք է զղջանք մեր անձերի համար: Քանի որ եթե արարեց Ադամին և իրոք զղջաց, ապա նա տապանի մեջ չէր պահի նրա զավակների ժառանգներին: Նոյին փրկելով՝ բացահայտեց, որ մեղավորի զղջումն է կամենում, և այն, որ ասում է՝ «Քանի որ նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6:3), փոխանակ այն բանի, որ նրանք մարմնի մտքով եղան. «Քանզի մարմնավոր խորհուրդը - ասում է, - թշնամություն է առ Աստված» (Հռոմ. 8:7) և «Մարմինն ու արյունը Աստծու թագաւորությունը ժառանգել չեն կարող» (Ա Կորնթ. 15:50): Եվ քանի որ ներողամիտ եղավ և նրանց ներեց, նախ՝ որպեսզի ապաշխարեն, և երկրորդ՝ որպեսզի նրանց մեջ արդարները մնան, քանի որ նրանցով են դատապարտվելու, արդարներն իրենց կյանքերով կլիանան: Եվ որպեսզի մեղավորները չասեն, թե սրանք ևս չխառնվեցին. եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ նրանց չթողեց, և սուտ կլինի նրանց աչքերում դատաստանը:
Տե՛ս դու, թե ինչքան կողմեր ունի հարյուր քսան տարին, նայիր դու Նոյին, որ հինգ հարյուր տարի սպասեց ամուսնությանը: Թող ամոթապարտ լինի Մարկիոնը, որովհետև ասում է՝ Տիրոջից այսքան եղավ ողջ սրբությունը, և ոչ ավելի: Նույնպես և Ենովքը: Եվ այն, որ ասում է. «Զղջաց Տեր Աստված» (Ծննդ. 6:6), որպեսզի ցույց տա մեզ, որ ոչ թե այս հեղձուցիչ իրողությունների մեջ է նրանց հաստատել, այլ այն փափուկ վայելքի, սակայն մխիթարվեց Նա և ողորմեց նրան, քանի որ ասում է. «Մարդկանց միտքը, - ասում է, - մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդ. 8:21), այսինքն՝ նրա մտածումները:
Ա. Լոպուխին
Տեր Աստված ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են։ Նրանց կյանքի սահմանը թող լինի հարյուր քսան տարի»։(Սինոդական թարգ․)[3]
Ակնհայտ է, որ սա նախորդ պատմության շարունակությունն է: Այնտեղ մատնանշվում էր փաստը, այստեղ տրվում է դրան համապատասխան գնահատականը. եթե այստեղ գործող դեմքերը հստակորեն անվանված են մարդիկ, ապա նրանք այդպիսին հասկացվում էին նաև վերևում (և ոչ թե հրեշտակներ): Մասնավորապես աստվածաշնչյան տեքստի՝ Իմ հոգին բառերը ցույց են տալիս կա՛մ մարդկային բնության ներքին, հոգևոր էությունը (լռելյայն հղում անելով մարդու արարչության պատմությանը- Ծննդ. 2։6) կա՛մ էլ, ինչն ավելի հավանական է, Սուրբ Հոգուն՝ իբրև ընդհանրապես ամեն ինչի (Ծննդ. 1։2) և հատկապես կրոնաբարոյական կյանքի արարողի: Նրան արհամարելը հենց այն հայհոյանքն է Սուրբ Հոգու դեմ, որը, մեր Փրկչի խոսքի համաձայն, ամենածանր մահացու մեղքերից մեկն է (Մարկ. 3:29), որովհետև այն բնութագրում է մարդու հանցավոր չարացածության այնպիսի աստիճան, որի դեպքում հոգեբանորեն անհնար է դառնում որևէ ուղղում-վերանորոգում:
Որովհետև նրանք մարմնավոր են... Ահա այն պատճառը, որի հետևանքով մարդիկ արհամարեցին Աստվածային Հոգին և արժանացան պատժի: Այս արտահայտության առաջին բառը Ս. Ֆիլարետն ավելի ճիշտ է թարգմանում. «Իրենց մոլորության մեջ»: Ակնհայտ է, որ սրանով աստվածաշնչյան հեղինակը կրկին մատնանշել է սեթականների անօրեն հարաբերությունները կայենականների հետ: Քանի որ նման ամուսնական կապերի մեջ մտնելով՝ մարդիկ վկայում էին իրենց վեհ, հոգևոր ձգտումների անկման և ստոր, մարմնական նկրտումների տիրապետության մասին, ապա և իրենք էլ, կարծես թե, վերածվում էին այն կոշտ մարմնի, որը Սուրբ Գրքի լեզվով դառնում է ամեն ստորության, նյութականի և մեղսականի հոմանիշ:
Նրանց կյանքի սահմանը թող լինի հարյուր քսան տարի... Ասվածը պետք չէ հասկանալ մարդկային կյանքի մինչև հարյուր քսան տարեկանը կրճատվելու իմաստով (ինչպես ընկալում էր Հովսեփիոս Փլաբիանոսը «Հրեական հնություններ»-ում, 1, 2, 3), որովհետև ստույգ հայտնի է, որ դեռ երկար ժամանակ, ջրհեղեղից հետո էլ, մարդկությունն ապրում էր հարյուր քսան տարուց ավելի՝ հասնելով երբեմն հինգ հարյուր տարեկանի, այլ հարկավոր է դրանց մեջ տեսնել Աստծո կողմից սահմանված ժամանակամիջոց մարդկանց ապաշխարության և ուղղման համար, որի ընթացքում արդար Նոյը մարգարեացավ ջրհեղեղի մասին և նախապատրաստվեց դրան համապատասխան (Ա Պետ. 3:20):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են: Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Իմ հոգին միշտ չի մնա մարդու վրա, որովհետև նա մարմնավոր է, այլ նրա օրերը թող հարյուր քսան տարի լինեն»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած. Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկա՛նդ յայդմիկ յաւիտեան. վասն լինելոյ դոցա մարմին։ Եւ եղիցին աւո՛ւրք դոցա ամք հարիւր քսան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: