Ա. Լոպուխին
28-29. Եվ Նոյը ջրհեղեղից հետո ապրեց երեք հարյուր հիսուն տարի: [28] Նոյի կյանքի բոլոր օրերը կազմեցին ինը հարյուր հիսուն տարի, և նա վախճանվեց: (Սինոդական թարգ․)
Եվ Նոյը ջրհեղեղից հետո ապրեց երեք հարյուր հիսուն տարի…Ըստ որոշ աստվածաշնչյան մասնագետների հաշվարկի` հետջրհեղեղյան այս ժամանակաշրջանի երեք հարյուր հիսուններորդ տարին համընկնում է Աբրահամի կյանքի հիսունութերորդ տարվա հետ, հետևաբար Նոյը ականատես է եղել բաբելոնյան աշտարակաշինությանը և դրան հաջորդած` ժողովուրդների տարածմանը:
Նոյի կյանքի բոլոր օրերը կազմեցին ինը հարյուր հիսուն տարի, և նա վախճանվեց…Ժամանակագրական այս երկու տվյալները հիշեցնում են մեզ քաջ ծանոթ օրինակներ սեթականների ծննդաբանությունից (Ծննդ.5:31 և այլն): Նոյը նահապետներից վերջինն էր, ով ապրեց այդքան երկար, և դա առանց աստվածային հատուկ նախախնամության չէր կարող լինել: Մինչջրհեղեղյան աշխարհի վերջին վեց դարերի գործիչը` Նոյը, վկան դարձավ նաև հետջրհեղեղյան աշխարհի նոր պատմության առաջին երեք ու կես դարերի և իր անձով ասես կամուրջ հանդիսացավ այդ երկու աշխարհների միջև և դարձավ կրողն ու պահպանողը մարդկության համընդհանուր ավանդույթների: Նախաջրհեղեղյան վերջին վեց դարերի կյանքը նրան հնարավորություն էր տվել տեսնելու Մաթուսաղային և հենց նրա շուրթերից լսելու նախաստեղծ ժամանակների մասին, որն էլ Մաթուսաղան ստացել էր անմիջականորեն Ադամից, իսկ հետջրհեղեղյան շրջանում ապրած երեք հարյուր հիսուն տարիները նրան հնարավորություն տվեցին անձնական զրույցներ ունենալու Աբրահամի հետ և նրան փոխանցելու սրբազան ավանդույթները, որից հետո երկու-երեք միջանկյալ աստիճաններով (Հակոբ, Ղևի, Կաափ) այս ամենը միանգամայն բնական ճանապարհով կարող էր հասնել Մովսեսին, ով այս ամենից զատ, լուսավորված էր նաև աստվածային գերբնական հայտնություններ-պատգամներ ստանալու կարողություններով: «Այնքան անմիջական էր փոխանցվում բանավոր ավանդույթը՝ հետագայում շարադրված աստվածաշնչի էջերում, որ երբ Մովսեսը գրի էր առնում դրանք, ամբողջ հրեա ժողովուրդը կարող էր հավատալ ծերերից փոխանցված այդ ավանդազրույցների ճշմարտացիությանը» (Գ. Կ. Վլաստով):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի:
(Արարատ թարգ․) Եվ Նոյը ջրհեղեղից հետո ապրեց երեք հարյուր հիսուն տարի:
(Գրաբար) Եւ եկեաց Նոյ յետ ջրհեղեղին՝ ամս երեքհարիւր յիսուն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: