Գործք Առաքելոցի մեկնություն 2:37

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

37-41. Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր» Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»: Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:
   
    Պետրոսն ուժգնությամբ խոսում էր, նույնը կրկնում էին մյուս առաքյալները։ Բոլոր ներկաները վկայում էին Հիսուսի հարությունը, որը Գողգոթայի եղեռնագործ սպանության զգալի և ազդու հակադրությունն էր։ Երկնային նշանների ազդեցությունն էլ ավելանալով, խորունկ տպավորություն էր գործում, թափանցում ներկաների սրտի խորքերը։ Ամեն ոք, սթափվելով, չէր կամենում մեղսակցության արատն իր վրա վերցնել, այլ, իրեն Հիսուսի մահվան մասնակցությունից զերծ համարելով, եթե անգամ Հիսուսի դեմ բղավող ամբոխի մեջ էլ եղած լիներ, արածն իբրև անգիտակցական քայլ ներկայացնելով, ձգտում էին իրենից հեռացնել որևէ չարություն, և այդ զորավոր ու երկնառաք մարգարեի հանդեպ իր համակրությունը, մանավանդ, Նրա հաստատած Ուխտին հետևելն էր վկայում։ Այդ նպատակով դիմում են առաքյալներին՝ հարցնելով, թե ի՞նչ պետք է անեն, որ այդ նպատակն իրականանա․ «Զի՞նչ գործեսցուք»։ Պետրոսը դարձյալ ամենքի անունից խոսելով, և ամենքն էլ իրենց մոտ կանգնածներին դառնալով՝ պատասխանում են․ «Արածներիդ համար զղջացեք, աներկյուղ հայտարարեք, որ Հիսուսի հետևորդներն եք և այդ նպատակին հասնելու համար Հիսուսի հաստատած պայմանը կատարեք, այսինքն՝ Հիսուսի հրամայած ձևով մկրտվեցեք, որպեսզի մեղքերի թողություն ստանաք, արժանանաք Սուրբ Հոգու շնորհներին ու Հիսուսավանդ Նոր Ուխտին աշակերտեք։ Այս ամենը Հիսուս ձեզ համար հաստատեց, ձեր փրկության համար կարգադրեց և ոչ միայն մեզ, այլև բոլոր հեռավոր ժողովուրդների համար, որ շտապեն պատասխան տալ աստվածակօմ կոչին»։
    Այդ հորդորներն ու խրատները թե՛ Պետրոսը և թե՛ մյուս առաքյալները կրկնելով և բացատրելով, տպավորում էին ամենքի մտքում, առանձին հարցեր տվողներին պատասխան պարզաբանություններ էին տալիս, դժվարություն և երկբայություն հայտնողներին «վկայութիւն դնէին», վհատյալներին ու վարանոտներին՝ «մխիթարէին» և, որպես իրենց խոսքերի կնիք, քաջալերում էին ու ասում․ «Ով փափագում է աշակերտել Երկնքի Արքայությանը, հետևել Հիսուսի քարոզած վարդապետություններին, Հիսուսի Ավետարանն ընդունել, նոր հաստատված Նոր Ուխտի մեջ մտնել, թող զատվի ու հեռանա Հիսուսին սպանող, Հիսուսին անարգող, Հիսուսին չլսող ժողովրդից․ «Ապրեցարուք յազգէ աստի խոտորելոյ յայսմանէ»»։
    Երկնային հրաշալիքները, մեծ քարոզությունը, վերջին բացատրությունները, քաջալերական հորդորներն իրենց արդյունքն ունեցան։ Հետզհետե ամեն մեկը համարձակությամբ սկսեց առաքյալներին ասել, թե համաձայն է կատարել առաջարկված պայմանները։ Ոմանց օրինակն ուրիշներին հորդորեց, ժողովրդի մեջ հետզհետե հոսանքն ընդարձակվեց։ Սկսեցին դավանել Հիսուսի վարդապետությունը և ընդունել հրամայած մկրտությունը։ Այդպիսիների թիվը հասավ երեք հազարի, ինչպես ասում է սրբազան պատմիչը, ովքեր, աշակերտելով Ավետարանին, ընկալեալ զբանն, կատարեցին խորհրդավոր պայմանը, վերածնության խորհրդով ու Հիսուսավանդ ձևով մկրտեցան, խառնվեցին Հիսուսին հետևող խմբին ու յաւելան յաւուր յայնմիկ։
    Այդ երեք հազարին Հիսուսի Եկեղեցու անդրանիկ ժողովուրդը կարող ենք հռչակել։ Դրանից առաջ Հիսուսին հետևողները՝ Նրան տեսած ու լսած, Նրանից ընտրված ու որոշված կամ գոնե ընդունված ու ճանաչված անձեր էին, այդ պատճառով էլ Հիսուսի աշակերտների խումբն էին կազմում։ Որքան էլ նրանք Եկեղեցու առաջին համայնքը համարվեն, այնուամենայնիվ, ժողովուրդը՝ Հիսուսի մեկնելուց հետո աշակերտած համայնքը կազմում էր այս երեք հազարը։ Նրանց համար բացահայտ հիշվում է մկրտության պայմանն էլ, ինչը բացահայտորեն չի ասվում աշակերտական դասակարգի համար, սակայն, անշուշտ, ամենքն էլ ընդունեցին Հիսուսի մկրտությունը կամ նույն Ինքը՝ Հիսուսից, կամ էլ Նրա աշակերտներից, ինչը Ավետարանը մի երկու անգամ հիշելուց հետո (Հովհ. 3:22-26 և Մատթ. 4:12), նորից կրկնելու հարկ չի համարել։ Մկրտության ձևը նախնական ու ավետարանական ընկղմման կերպը լինելը երկբայության տեղիք չի տալիս, և ավելորդ է ուսումնասիրության նախաձեռնումն ու խնդիրներ հարուցելը թե ո՞ւր և ո՞ր ջրում կատարվեց երեք հազարի մկրտությունը, կարողացա՞ն արդյոք յաւուր յայնմիկ, այսինքն՝ կեսօրից մինչև երեկո երեք հազարի մկրտությունն ավարտել, թե հաջորդ օրն էլ շարունակեցին, ինչը ամենևին էլ հակառակ չի լինի յաւուր յայնմիկ բացատրությանը, որ նույն օրը Ավետարանին աշակերտելու էական հանգամանքով արդարանում է։