Ա․ Լոպուխին
«Նրանց չորսի դեմքերի տեսքն էլ աջից մարդու և առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան և արծվի կերպարանք՝ բոլոր չորսի դեմքերն էլ»։ (Սինոդական թարգ․)[10]
Մարգարեն միայն հիմա է խոսում իրեն հայտնված արարածների դեմքերի մասին՝ արդեն իսկ խոսած լինելով նրանց թևերի, ձեռքերի, ոտքերի և նույնիսկ ոտքերի մասին։ Մարգարեի այս քայլը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ այդ արարածների դեմքերը նրանց կերպարանքների մյուս հատվածներից ավելի ուշ են դուրս եկել մարգարեին երևացած այն ամպի և մրրիկի միջից, որոնցով պատված՝ քերովբեները գնում էին դեպի մարգարեն: Միգուցե նաև տեսիլքի ժամանակ այդ էակների դեմքերը մարգարեի հայացքի առջև չէին հայտնվել բավականաչափ պարզ և հստակ երևումով։ Ամպերը պատված էին թանձր մշուշով, և քերովբեները, հավանաբար, երևում էին միայն ա՛յն կրակի փայլատակումների շնորհիվ, որը բոցկլտում էր քերովբեների միջև, և ա՛յն կայծակների փայլատակումների ժամանակ, որոնք երբեմն-երբեմն ճեղքում էին տեսողական խավարը (13-րդ համար): Եթե մարդ ընդհանրապես չի կարող տեսնել Աստծո երեսը, ապա ուրեմն քերովբեի՝ Աստծուն ամենամոտը եղող այդ էակի դեմքն ամբողջությամբ չի կարող երևալ մարդուն: Այս իսկ պատճառով էլ մարգարեի նկարագրության մեջ այստեղ դարձյալ կիրառվում է «նմանություն» հասկացությունը, որը 5-րդ համարից այս կողմ դեռևս չէր օգտագործվել։ Մարգարեն առաջինը հիշատակում է «մարդու դեմքը» կա՛մ մյուս դեմքերի հետ համեմատությամբ ունեցած արժանավորության պատճառով, կա՛մ էլ այն պատճառով, որ դեմքի այդ երեսով էին բոլոր քերովբեները պտտվել դեպի իրեն: Լիովին հասկանալի է, թե ինչու է առյուծը զբաղեցնում աջ կողմը, եզը՝ ձախը, իսկ արծիվն էլ վերջին տեղում է։ Քերովբեների ներկայությունն այդպիսի դեմքերի տեսքով սովորաբար բացատրվում է նրանով, որ մարդու դեմքն արտահայտում է այդ էակների բանականությունը, առյուծի դեմքը խորհրդանշում է նրանց ուժը, եզը՝ ամրությունն ու հեզությունը, իսկ արծիվը՝ վեսեմությունը։ Կենդանիների ընտրությունը կատարված է այնպես, որ ձևավորվող պատկերն իր մեջ ներառի ներկայացուցիչների՝ վերցված ամբողջ կենդանական աշխարհից։ Մեր այս աշխարհում առաջնահերթություն ունեն չորս տեսակի հետևյալ էակները․ մարդը՝ արարածների մեջ, արծիվը՝ թռչունների մեջ, եզը՝ խոշոր եղջերավոր անասունների մեջ, և առյուծը՝ գազանների մեջ (Schemoth rabba 23): Բացակայում է միայն սողունների «թագավորությունը» (որի թվին, լայն ըմբռնումով, կարելի է դասել նաև ձկներին), իսկ դա էլ հասկանալի պատճառներից ելնելով։ Այսպիսով, երկրային կյանքի յուրաքանչյուր բնագավառից ընտրվում է լավագույնը՝ որպես այս կյանքի մի երանգ քերովբեների նմանությունն արտահայտելու համար։ Եթե իսկապես արդեն անհրաժեշտություն էր դարձել, որ քերովբեի կերպարի հնարավորինս լիարժեք արտահայտման համար կենդանիների կերպարի կողքին իր տեղն ունենար նաև մարդկային կերպարանքը (տե՛ս 5-րդ համարի բացատրությունը), ապա ուրեմն դա ավելի լավ ձևով չէր կարող տեղի ունենալ, քան արված է այստեղ։ Աստված Ինքը չի խորշում Ինքն Իրեն համեմատել այս վեհաշուք կենդանիների հետ (Օսսէէ 11:10, Ելք 19:11, Բ Օրին. 32:11 և այլ տեղիներ): Կենդանական տեսակների այս բազմազանությունն ու բազմատեսակությունն այստեղ պայմանավորված էր «գաղափարի ամբողջականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, մի գաղափար, որը հազիվ թե կարելի էր կառուցել միայն զգայական երևույթի վրա» (Գեֆերնիկ), ճիշտ այնպես, ինչպես որ եգիպտական աստվածները բացարձակապես «նման չէին ո՛չ անասունների, ո՛չ թռչունների, ո՛չ կենդանիների, ո՛չ էլ նույնիսկ մարդու, սակայն նրանք արհեստականորեն «ընդունել» էին մի ձև, որն ակնածանք էր առաջացնում հատկապես իր յուրօրինակությամբ» (Ապուլեյ , Մետամ, XI):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը:
(Արարատ թարգ․) Իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում. չորսից յուրաքանչյուրն առյուծի դեմք ուներ աջ կողմում, և չորսից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ձախ կողմում, և չորսից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներ հետևի կողմում։ Այսպիսին էին նրանց դեմքերը։
(Գրաբար) Եւ կերպարանք երեսաց նոցա՝ կերպարանք մարդոյ՝ և կերպարանք առիւծու յաջմէ չորեցունց. և կերպարանք եզին, և կերպարանք արծուոյ ‘ի ձախմէ չորեցունց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: