Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։11

Ա․ Լոպուխին

«Եվ նրանց դեմքերը և նրանց թևերը տարածված էին վերևից, և նրանց յուրաքանչյուրի երկու թևերը միանում էին միմյանց, իսկ մյուս երկուսը ծածկում էին նրանց մարմինները»:(Սինոդական թարգ․)[11]

   

   Քերովբեների դեմքերը և թևերն այնքան սերտ կապի մեջ էին միմյանց հետ, որ անհնար էր նրանց մասին առանձին-առանձին խոսել, այդ իսկ պատճառով էլ մարգարեն դեմքերը նկարագրելուց հետո (հմմտ. 9-րդ համար և 6-րդ համար) դարձյալ անցում է կատարում թևերի նկարագրությանը և դրանց՝ դեմքերի հետ ունեցած առնչակցությանը։ Այս երկու հատվածներն էլ, հանդիսանալով տեսիլքի մեջ երևացած ամբողջական կերպարանքի վերնահատվածը, իրենցից ներկայացնում էին ասես մի ​​ներդաշնակ և խիստ չափավորված մի համակարգ, որի տիրապետության ներքո գտնվող ոչ մի անդամ չէր կարող շարժվել՝ առանց մյուսին շարժման մեջ դնելու: Քերովբեների դեմքերից և թևերից կազմված այս համակարգի նկարագրությունը մարգարեն ներկայացնում է սույն գլխի 9-12-րդ համարների միջակայքում գտնվող հատվածում, որը հստակորեն բաժանված է 2 մասի՝ 9-10-րդ համարներ և 11-12-րդ համարներ։ Եվ այդ մասերից յուրաքանչյուրն էլ սկսվում է «և նրանց դեմքերն ու թևերը․․․» բառերով։ Մարգարեի այս հրաշալիորեն ներդաշնակված համակարգի կազմում գտնվող անդամների փոխադարձ կապն 9-րդ համարում արտահայտվում է «հովերոտ» հասկացության շնորհիվ («շոշափում էին», «պահելով»), իսկ ահա այստեղ «պերուդոտ» բայի միջոցով այդ անդամներն «առանձնացվում են» իրարից, սլավոնական տեքստում՝ «վանում» են միմյանց: Սակայն ի՞նչ իմաստով մարգարեն կարող էր խոսել իրեն հայտնված արարածների դեմքերի և թևերի մասին՝ դրանք միմյանցից բաժանված համարելով: Ա՛յն իմաստով, որ դրանք չմիաձուլվեցին մեկ զանգվածի մեջ, սակայն դա էլ ինքնին բխում էր դեմքերի և թևերի էութենական տարբերությունից։ Այնուամենայնիվ, թևերի պարագայում դեռևս կարելի էր ակնկալել նման արտահայտության գործածությունը. այդպիսով մարգարեն ընթերցողին հեռու կպահեր այնպիսի մի գաղափարից, ըստ որի՝ թևերի այդ կապը կարող էր հանգեցրած լինել այդ բոլոր թևերի ամբողջական միաձուլմանը մեկ թևի, մեկ թևի կաղապարի մեջ, և այդպիսով նաև ընթերցողին կփոխանցեր այն նկատառումը, որ թևերից կազմված այս համակարգում մեկ թևը հստակորեն սահմանազատված էր մյուս թևերից: Սակայն ի՞նչ իմաստ կարող էր ունենալ մարգարեի կողմից նմանատիպ մի դիտողությամբ հանդես գալն արդեն դեմքերի պարագայում։ Արդյո՞ք դա այն իրողության արձանագրում էր, որ քերովբեների դեմքերն աննկատելիորեն չէին ձուլվում մեկը մյուսի մեջ, այլ յուրաքանչյուր դեմքը տեսանելի էր այնքան ամբողջական և հստակ կերպարանքով, որ կարծես մյուս դեմքերը գոյություն էլ չունեին՝ յուրաքանչյուրը դիմացինի հետ հարաբերակցության պայմաններում: Քերովբեների դեմքերի ու թևերի հարաբերակցությունը, ինչպես նաև քերովբեներին վերաբերող առհասարակ ամեն բան անբացատրելի և անճառելի էր։ Ալեքսանդրյան և Վատիկանյան կոդեքսներում, ղպտիական և եթովպական թարգմանություններում այս հատվածում բացակայում են համարի առաջին բառերը՝ «և նրանց դեմքերը» արտահայտությունը, ու այդպիսով վերոնշյալ տարընթերցումներում համարի այդ առաջին նախադասությունը վերաբերում է միայն քերովբեների թևերին:

   «Եվ նրանց յուրաքանչյուրի երկու թևերը միանում էին միմյանց» - Ինչպես 9-րդ համարում էր, այստեղ նույնպես մարգարեն, իր խոսքը սկսելով դեմքերի և թևերի մասին նկարագրությամբ, այնուհետև անցում է կատարում միայն թևերի նկարագրությանը: Եզեկիելն 9-րդ համարում թևերի մասին արդեն իսկ ասել էր, որ դրանք դիպչում էին միմյանց. այժմ այդ նկատառումը լրացվում է ա՛յն դիտողությամբ, որ յուրաքանչյուր «կենդանու» միայն երկու թևն է դիպչել, իսկ մյուս երկուսն իջեցված են եղել նրանց մարմինների վրա։ Հարակից զույգ թևերի առնչությամբ նույնպես մարգարեն կարևոր լրացում է կատարում 9-րդ համարին։ Մարգարեն    ասում է, որ թևերը շոշափում էին ոչ թե պարզապես «մեկը մյուսին», այլ «մեկ» քերովբեի թևը մյուս քերովբեի թևին, մինչդեռ 9-րդ համարը թույլ էր տալիս մտածել միայն միևնույն կենդանու թևերի՝ միմյանց հետ շփման մասին: Այստեղից էլ հետևում է, որ քերովբեների միջև եղել է մի մշտապես գոց վայր, որը ծածկված էր քերովբեների թևերով։

   «Իսկ մյուս երկուսը ծածկում էին նրանց մարմինները» - Թռչելու և մարմինը ծածկելու այն երկու գործառույթները, որոնք բնականորեն կատարում է թռչնի թևը, քերովբեների պարագայում բաժանվում են առանձնահատուկ թևերի միջև, իհարկե, ա՛յն նպատակով, որպեսզի վերոնշյալ այդ գործառույթներն ավելի կատարյալ ձևով իրականացվեն։ Եվ ինչպես որ քերովբեները չէին կարող անընդհատ սավառնել օդում, այդպես էլ չէին կարող առանց ծածկի թողնել իրենց մարմինները: Քերովբեների կողմից թևերով իրենց մարմինները ծածկելը սովորաբար բացատրվում է որպես Աստծո հանդեպ ակնածանքի դրսևորման նշան։ Հերոնիմոս Երանելու մեկնության համաձայն (որի հետ համաձայն է նաև Թեոդորետոս Երանելին)՝ «մարմինը ծածկող երկու թևերը խորհրդանշում են քերովբեների մասին մեր իմացության անկատարությունը», իսկ  ավելի շուտ, կարող ենք ասել, որ քերովբեների կողմից իրենց մարմինները թևերով ծածկելը կարող է խորհրդանշել հենց քերովբեների էության անհասանելիությունը:

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները:
(Արարատ թարգ․) Եվ նրանց թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք միանում էին մյուսի թևերին, և երկուսով ծածկում էին իրենց մարմինները։
(Գրաբար) ա՛յս կերպարանք նոցա։ Եւ թևք նոցա տարածեալ ‘ի վերուստ չորեցունց. իւրաքանչիւր երկու երկու խառնեալ ընդ միմեանս, և երկու երկու ծածկէին ‘ի վերուստ զմարմինս իւրեանց։