Ա․ Լոպուխին
«Եվ կենդանիները սուրում էին դեսուդեն, ինչպես կայծակն է փայլատակում»։ (Սինոդական թարգ․)[14]
Համարի առաջին հատվածը եբրայեցերենում բառացիորեն այսպես է. «Եվ կենդանիները վազեցին և վերադարձան»՝ «ratso vashov»: Բայերը ենթարկված են անորոշ խոնարհման, որն այստեղ ակնհայտորեն փոխարինում է վերջնականին։ Երկրորդ բայը, անկասկած, «վերադառնալ» բառն է, իսկ ահա առաջինը, որը «apax legomenon» է (միայն մեկանգամյա կիրառություն ունեցող), համարվում է «ruts»՝ «վազել» բայի արամեական տարբերակը: Այսպիսով, անորոշ խոնարհումն այստեղ մնում է առեղծվածային խնդիր։ Իսկ ահա կիրառված առաջին բայի համար էլ «վազել» իմաստը շատ խնդրահարույց է։ Արամեականացված նմանատիպ կառուցվածքը, որն այստեղ վերագրվում է «ruts» բային, «համեմատության եզրեր չունի. «վազելու» գործառույթը քերովբեներին չի պատշաճում» (Սմենդ)։ Բացի այդ էլ, նմանատիպ իմաստով այդ բառը չի համապատասխանում անմիջականորեն իրեն շաղկապված «վերադարձան» բառին, որի շրջածիրից ներս հասկացվում է շարժման ուղղության, այլ ոչ թե դրա արագության վերաբերյալ ցուցումը (չնայած որ, բացի Յոթանասնից թարգմանությունից և Պեշիթոյից, մյուս բոլոր դեպքերում այստեղ զետեղված է «փախան» բառը): Ի նկատի ունենալով այս հանգամանքը՝ մեկնաբաններն առաջարկում են «ratso» բառի փոխարեն ընթերցել «յեցու»՝ «դուրս եկան», որը համապատասխանում է Վուլգաթային («ibant») և Թարգումին («դարձան և շրջվեցին ու վերադարձան») և այդ դեպքում արդեն անհրաժեշտություն է առաջանում փոխել միայն մեկ տառ, սակայն իրականում տեքստում նմանատիպ տառասխալը շատ քիչ հավանական երևույթ է (եբրայեցերեն «ռոշ» տառը շատ հեռու է փոքր «յոդ» տառից): Այսուամենայնիվ, հստակորեն չիմանալով հանդերձ, թե մարգարեն իր գործածած այդ առաջին բայով ինչ էր կամենում ասել քերովբեի շարժման մասին, բայցևայնպես երկրորդ բայից («շով»՝ «վերադառնալ») գլխի ենք ընկնում, որ այստեղ խոսքը շարժման ոչ էական մի հատկանիշի՝ այդ շարժման ուղղություն մասին է, մի հատկանիշ, որը մեզ համար հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք նախորդիվ հնչած նկատառումը, համաձայն որի՝ քերովբեները շարժվելիս հետ չեն նայել. հետևաբար, այստեղից կարող ենք եզրակացնել, որ քերովբեների՝ հետ չնայելու վերաբերյալ այս վերջին հանգամանքը չէր խանգարում նրանց հետընթաց շարժմանը։ Քերովբեների այս շարժումը, որը բնութագրվում է «ռացո վաշով» բառերով, մարգարեն համեմատում է «բազակի» («ռուսերեն թարգմանությամբ՝ «կայծակ», սլավոներեն թարգմանությամբ՝ «վեզեկովյան տեսիլք») շարժման հետ։ Եվ ահա այս նոր հասկացությունը մի փոքր պարզաբանում է սույն համարը, քանի որ «բազակ» բառը «apax legomenon» է (միայն մեկանգամյա կիրառություն ունեցող), և դրա նշանակությունը պետք է փնտրել ըստ արմատի հետ համապատասխանության։ Աստվածաշնչում այս բառի կիրառության բացակայության պատճառով շատերը ենթադրում են, որ այստեղ տառասխալ կա՝ «բազակի» փոխարեն պետք է լինի «բարաք»՝ «կայծակ»։ Համաձայն խնդրո առարկա հարցի էության՝ հնարավոր է, որ Եզեկիելի մարգարեության այս առաջին գլխում նկարագրված քերովբեների շարժը կայծակի նմանություն ուներ։ Այսպիսով, բնության մեջ գոյություն ունեցող միակ շարժումը, որին կարելի էր նմանեցնել քերովբեների շարժումը, դա լույսի շարժումն էր: Դատելով «վերադառնալ» բայից, որը գործածվում է քերովբեների շարժումը բնութագրելու համար՝ կարող ենք եզրակացնել, որ քերովբեների շարժումը լույսի շարժման հետ համեմատության մեջ դնելը հիմնավորված է նրանով, որ լույսը մշտապես վերադառնում է իր աղբյուրին և երբևէ չի լքում այն: «Ինչպես որ եթերն է լուսավորվում կայծակի հաճախակի փայլատակումներով, և կայծակը մեկ ակնթարթում հանկարծ սուրում է տարբեր ուղղություններով և հետ է վերադառնում՝ «չուրանալով» իր լույսի աղբյուրն ու պարգևատուին, այդպես էլ այս կենդանիները, անարգել շարունակելով իրենց ճանապարհը, շտապում են առաջ» (Հերոնիմոս Երանելի): Թարգումն այս համարը փոխանցում է հետևյալ կերպ. «Եվ (այդ) արարածները, երբ ուղարկվեցին իրենց Տիրոջ կամքը կատարելու, Նրա՛, Ով Իր վեհությունը հռչակեց նրանց գլխավերևում, մեկ ակնթարթում շրջվեցին և դարձան ու ճեղքեցին տիեզերքը, և այդ արարածները միասին վերադարձան, ու նրանք արագ էին, ինչպես կայծակը»: Այսպիսով, քերովբեները կարող էին շարժվել ցանկացած ուղղությամբ՝ առանց Աստծո գահից հեռանալու և առանց այն որևէ տեղ տեղափոխելու։ Բացի Աստծո գահի հետ ընդհանուր եղող շարժումից՝ նրանք կարող էին ունենալ իրենց առանձին ընթացքը, որը, չհամընկնելով այդ վերոնշյալ շարժման ուղղությանը, միաժամանակ, սակայն, համապատասխանում էր դրան։ Առաջին հայացքից անհամատեղելի երևույթների նմանատիպ համակցությունը, -ասում է մարգարեն, - հանդիպում է նաև բնության մեջ՝ իր դրսևորումներից մեկում, որը մարգարեն անվանում է «բազակ»։ Որոշ հիմքեր կան՝ Հերոնիմոս Երանելու հետ համաձայնելու և ենթադրելու համար, որ այս համարը բացակայել է Յոթանասնից թարգմանության օգտագործած տեքստում: Համաձայն Հերոնիմոս Երանելու տեսակետի՝ սույն համարը, որ Յոթանասնից թարգմանության մեջ ավելացվել է Թեոդոտիոնի թարգմանության միջից։ Այն բացակայում է Վատիկանյան և Վենետիկյան, ինչպես նաև Փարսոնսի կոդեքսներից մեկում։ Իսկ ահա Ալեքսանդրյան, Մարշալյան (VI–VII դդ.), Չիսիական (IX–XI դդ.) կոդեքսներում և սիրիական էքսապլայում (VII դ.) այս համարը ներկայացված է աստղանիշի տակ, այսինքն՝ ներմուծված է եբրայական տեքստից։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի պէս:
(Արարատ թարգ․) Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։
(Գրաբար) և գազանքն երագս ընթանային, և թեթևս դառնային ‘ի նմանութիւն արեգական։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: