Ա․ Լոպուխին
«Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այդ բոլոր չորսն էլ մի նմանություն ունեին. և նրանց տեսքից ու շինվածքից թվում էր, թե կարծես անիվն անիվի մեջ էր»։ (Սինոդական թարգ․)[16]
Այս համարը բովանդակում է անիվների արտաքին տեսքի և կառուցվածքի նկարագրությունը։ Քանի որ համարի առաջին կեսում խոսվում է անիվների արտաքին տեսքի մասին, ուստի երկրորդ հատվածում, ուր խոսվում է անիվների կառուցվածքի մասին, «ու դրանց շինվածքից» բառերը, ինչպես նաև «և նրանց տեսքից» արտահայտությունն ավելորդ են թվում, այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանության մեջ այդ բառերը բացակայում են։
«Ոսկեքար» - եբրայեցերեն «թարշիշ»։ Եզեկիելի մարգարեության 10:9-րդ համարից տեղեկանում ենք, որ այն թանկարժեք քար էր. այն գոհարների շարքում է հիշատակվում նաև Եզեկիելի մարգարեության 28:13-րդ համարում։ Քահանայապետի լանջապանակի վրա այն չորրորդ շարքի առաջին տեղն էր զբաղեցնում (Ելք 28:20)։ Համաձայն Դանիելի մարգարեության 10։6-րդ համարի՝ մարգարեին հայտնված Էակի մարմինը նման էր «թարշիշ»-ի: Այս անունը վերցված է Իսպանիայում գտնվող փյունիկյան գաղութից, որը բնակվում էր համանուն գետի ափին՝ ներկայիս Գվադալկվիվիր տեղավայրում, անվանադրության ճիշտ այն օրինակով, ինչպես ոսկու հայտնի տեսակն էլ կոչվում էր «օֆիրյան» (Հոբ 22:24): Յոթանասնից թարգմանությունն այդ բառը թողնում է առանց թարգմանության («թարսիս»)։ Թարգումում այն թարգմանվում է՝ «լավ քար», Պեշիթոյում բառը ներկայացվում է տրանսկրիպցիայի ձևով (տառադարձում): Սիմմաքոսի թարգմանության մեջ՝ «uakinqoV», արաբերենում՝ «յաստիս»):
«Եվ այդ բոլոր չորսն էլ մի նմանություն ունեին» - Նաև առանց նմանատիպ նկատառման՝ ասվածն ինքնին տրամաբանական էր ա՛յն իրողությունից ելնելով, ըստ որի՝ մարգարեն ոչ մի տեղ չի նշում անիվների միջև եղած տարբերությունների առկայության մասին։ Հետևաբար այս նկատառումը նպատակ ունի ընթերցողի առանձնահատուկ ուշադրությունը հրավիրել անիվների ունեցած նմանության վրա։ Անիվները միմյանց նման էին, ինչպես կենդանիները, և կենդանիների նմանողությամբ՝ դրանք նույնպես չորսն էին: Այսպիսով, անիվները, ինչպես որ նաև կենդանիները, միանգամից և նույնապես ուղղվեցին դեպի «երկրի բոլոր ծագերը»։ Աշխարհի բոլոր կողմերը ճիշտ նույնանման դյուրությամբ հասանելի էին Աստվածային կառքի համար: Այն չուներ առջև և թիկունք, որը բնորոշ էր սովորական կառքին և դրսևորվում էր անիվների և դրանց չափերի միջև առկա տարբերությամբ: Միմյանց հետ ունեցած կատարյալ նմանությունից բացի շարժման տարբեր կողմերի հետ հարաբերակցությամբ անիվների նմանությունը պայմանավորված էր նաև այդ անիվների հատուկ կառուցվածքով, որի մասին և խոսվում է հաջորդիվ։
«Կարծես անիվն անիվի մեջ էր» - Մեկնաբանների մեծամասնությունն իրավացիորեն այս արտահայտությունն ըմբռնում է այնպես, որ մեկ անիվը մյուս անիվի մեջ էր՝ մեկը մյուսի հանդեպ ուղղահայաց դիրքով: Հետևաբար այս համարում խոսվում է այն մասին, որ անիվները կարող էին շարժվել իրենց չորս կողմերի ուղղությամբ՝ առանց շրջվելու, այստեղից էլ հետևում է, որ նրանք ունեին չորս կողմ։ Անիվի մեկ կողմը կարելի է համարել միայն նրա կիսաշրջանը, ուստի և տեսիլքի մեջ հայտնված անիվը, ամենայն հավանականությամբ, պետք է բաղկացած լիներ չորս կիսաշրջաններից կամ երկու հատվող շրջաններից։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում:
(Արարատ թարգ․) Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։
(Գրաբար) և կերպարանք չորեցունց՝ և տեսիլ նոցա, և գործուած իւրեանց, որպէս թէ շրջիցի անիւ ‘ի մէջ անուոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: