Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։18

Ա․ Լոպուխին

«Իսկ նրանց թիկունքները բարձր էին ու ահեղ, և նրանց չորսի թիկունքների շուրջբոլորը լիքն էին աչքերով»։ (Սինոդական թարգ․)[18]

   

   Այս համարի սկզբնահատվածը եբրայեցերենում բառացիորեն այսպես է․ «Եվ նրանց թիկունքներն ու նրանց բարձրությունը»: Հետևաբար, «և նրանց թիկունքները» («եզրերը») արտահայտությունը (եբրայերենում այն արտահայտված է մեկ բառով) քերականորեն լիովին անկախ են հաջորդող բառերից, ինչի պատճառով էլ Յոթանասնից թարգմանությունն այն կապում է նախորդող համածր հետ և թարգմանում է այսպես. «Նրանց մեջքի տակ» - «Չշրջվողները (այսինքն՝ անիվները) միշտ երթի մեջ են՝ իրենց մեջքի տակ»։ Սակայն այս համակցության պարագայում այս խոսքը ոչ մի նոր միտք չի արտահայտում և զուրկ է իմաստից։ Եթե անիվները շարժման մեջ գտնվելիս չէին պտտվում, ապա անիվների «եզրերը» նույնպես չէին կարող պտտվել։ Այստեղ տեղեկացնելով, որ ինքն այժմ խոսելու է անիվների եզրերի մասին, մարգարեն մատնացույց է անում դրանց երեք առանձնահատկությունները, ինչպես որ քերովբեների ոտքերի պարագայում, երբ շեշտադրվում էին վերջիններիս երեք առանձնահատկությունները։ Առաջինն այն է, որ դրանք «բարձր» էին։ Եբրայեցերենում բառացիորեն այսպես է․ «Եվ նրանց բարձրությունը»՝ արտահայտություն, որը կարելի է հասկանալ հետևյալ ձևով․ այդ եզրերը «վեհ և վսեմ տեսք ունեին, ինչը սովորաբար բնորոշ չէ փոշու մեջ գլորվող երկրային անիվների համար» (Կրեչմար): «Եզրերը բարձրություն ունեին» արտահայտությունը եբրայեցերենում նույնքան անսովոր է հնչում, որքան հայերենում և ռուսերենում. կարելի էր ուղղակի ասել. «Եվ նրանք բարձր էին» կամ «նրանք մեծ էին»: Ավելին, եթե խոսելու լինեինք բարձրության մասին, ապա ավելի շուտ պետք է խոսեինք ոչ թե եզրերի, այլ հենց անիվների բարձրության մասին. նմանատիպ հատկանիշն անիվների համար արդեն կունենար հասկանալի նշանակություն ՝ անիվների մեծ չափերի հասնող բարձրությունը կապահովեր կառքի արագությունը։ Բայց մյուս կողմից էլ այս պարագայում ապավինելն այն ենթադրությանը, որ տեքստը վնասվել է կամ էլ եբրայեցերեն «գովա» բառին (որը թարգմանված է «բարձրություն» նշանակությամբ) մեկ այլ նշանակություն հաղորդելը, ինչպիսին կարող է լինել, օրինակ, «վերին կողմ» իմաստը («անիվների եզրերն ունեին վերին կողմ»), խոչընդոտում է այս հատվածի՝ բոլոր տեքստերում միանման ընկալմանը և հնագույն «գովա» բառի՝ իբրև «բարձրություն» նշանակող հատկանիշի միաձայն թարգմանությանը։

   «Ու ահեղ էին նրանք» - Բառացիորեն՝ «Եվ վախ կար նրանց մեջ»: Թե որն էր անիվների եզրերի այդ վախը կամ սարսափը, ասվում է այժմ. «նրանք աչքեր ունեին»: Մի՞թե սարսափելի չէ. աչքեր՝ անիվների վրա:

   «Եվ նրանց չորսի թիկունքների շուրջբոլորը լիքն էին աչքերով» - Ոչ միայն աչքեր ունեին, այլ «լեցո՛ւն» աչքեր ունեին, «լցված» էին աչքերով (gemonta dfqalmwn, Հայտ. 4:8): Եվ դա այդպես էր «բոլոր չորս» անիվների պարագայում, ինչը դարձյալ կրկնաբանության դրսևորում է (8-րդ, 10-րդ, 16-րդ համարներ, որպես կրկնաբանության հավաստում տե՛ս 17-րդ համարը), բայց միևնույն ժամանակ այդ երանգն էլ ավելի է ընդգծում սույն պատկերը․ չորս անիվներ, և բոլորն էլ աչքեր ունեին։ Այն, որ անիվներն աչքեր ունեին, դրսևորումն է զուտ արևելյան խորհրդանիշներից մեկի, համաձայն որի՝ վերոնշյալ գաղափարը մարմնավորումն է մի յուրահատուկ զորության, որը չի տեղավորվում բնական ըմբռնողության և հասկացության մեջ: Եվ իհարկե, այն, ինչ ներկայացվում է այս խորհրդանիշի միջոցով, «մարդու տկարության պատճառով նրան ներկայանում է որոշակիորեն կոպիտ և մարմնական պատկերի ներքո» (Թեոդորետոս Երանելի): Քանի որ աչքը ներքին գործունեության, կենսունակության, խորաթափանցության և իմաստության արտահայտությունն է, անիվների մեջ գտնվող աչքերը խորհրդանշում են կենսունակությունն և իմաստությունը: Անիվները կենդանաշունչ են, քանի որ «մեռած» առարկան չի կարող Աստծո Փառքի գործիքը լինել: Այդ աչքերն, անշուշտ, անգործունյա կարգավիճակում չէին՝ անիվների վրա գտնվելով. նրանց միջոցով անիվները կարող էին նայել (Պեշիթո թարգմանության մեջ տեղ է գտել «և նրանք տեսան» արտահայտությունը՝ «նրանք ահեղ էին» խոսքերի փոխարեն)։ Անիվները նայում էին այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ նրանք գլորվում էին, նրանք գիտակցաբար էին գլորվում, «անիվները լեցուն էին գիտակցությամբ» (Թեոդորետոս Երանելի): Անիվներն աչքերով էին հագեցած՝ «արտահայտելու համար այն անմեղանչական վստահությունը, որով ընթացել է Աստվածային գահը» (Սմենդ), «Հսկող աչքերով անիվները չէին կարող մոլորվել ճանապարհից» (Բերթոլետ): Քանի որ անիվները տեղաշարժում են Աստծո գահը, կարելի է ասել, որ անիվների աչքերի միջոցով Աստված Ինքն է նայում երկրի այն հատվածին, որով Ինքն անցնում է: Այս խորհրդանիշը, ինչպես երևում է, առանձնահատուկ տեղ է զբաղեցրել գերության և հետգերության շրջանների մարգարեների գրվածքներում (Դան. 7:8, Զաք․ 3:9, 4:10) և, հավանաբար, արևելյան միջավայրի և խորհրդաբանական համակարգի հետ ազդեցության արգասիքն է եղել, «ինչպես Յուպիտերի՝ Լարիսայում գտնվող հնագույն քանդակագործական պատկերը, որն ուներ երեք աչք ու տրոյական գծեր, սակայն, այդուամենայնից, ասիական ծագումնաբանությանն էր պարտական (Պավզանիա I, 24): «Անիվներն այնպիսին էին, - ասում է Հերոնիմոս Երանելին, - ինչպիսին որ բանաստեղծական պատումները պատկերում են հարյուր աչք ունեցող կամ բազմաչյա Արգուսին»։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով:
(Արարատ թարգ․) Նրանց շրջանակները բարձր էին և ահեղ, և նրանց չորսի շրջանակների շուրջբոլորը լիքն էին աչքերով։
(Գրաբար) և բարձունք էին. Հայէի ընդ նոսա՝ և տեսանէի զի լի էին աչօք թիկունք նոցա շուրջ զչորեքումբք.