Ա․ Լոպուխին
«Եվ երբ կենդանիները քայլում էին, անիվները գնում էին նրանց կողքով, իսկ երբ կենդանիները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին»։ (Սինոդական թարգ․)[19]
Մարգարեն արդեն իսկ ավարտել է անիվների նկարագրությունը. թվարկելով դրանց տեսքի և կառուցվածքի վերաբերյալ բոլոր առանձնահատկությունները՝ առ ի համեմատություն սովորական անիվների, նա նկարագրել է նաև դրանց շարժման եղանակը: Այժմ հարց էր առաջացել անիվների և կենդանիների միջև առկա փոխհարաբերությունների առնչությամբ․ արդյոք որևէ կապ կա՞ր այդ երկուսի միջև, ինչպես կառքը քաշող կենդանիների և հենց կառքի միջև առկա կապի պարագայում էր։ 19-21-րդ համարներում մարգարեն տալիս է նաև այդ հարցի պատասխանը՝ այնպիսի մի պատասխան, որը հատուկ էր Եզեկիելին. կենդանիների և անիվների միջև փոխհարաբերությունները «հանդիսատեսի» համար միանգամայն անհասկանալի էին։ Այդ երկուսի միջև տեսանելի որևէ կապ չկար. «Կենդանիները ոչ մի երասան կամ լուծ չունեին. աստվածային կառքն ինքն իրենով էր շարժվում. կենդանիներն առջևի հատվածում էին, անիվները շարժվում էին նրանց հետևից՝ ընթանալով բոլոր ուղղություններով, սակայն առանց այս կամ այն կողմ պտտվելու» (Թեոդորետոս Երանելի): Այսուամենայնիվ, «երբ կենդանիները քայլում էին, անիվները գնում էին նրանց կողքով»։ Կենդանիների և անիվների նմանատիպ համատեղ շարժումը, անտարակույս, հուշում էր այդ երկուսի միջև առկա կապի մասին։ Այս կապն էլ ավելի հստակորեն ընդգծվում էր ա՛յն առանձնահատկության շնորհիվ, համաձայն որի՝ անիվները հետևում էին կենդանիների ընթացքին ո՛չ միայն այն ժամանակ, երբ վերջիններս շարժվում էին գետնի երկայնքով, այլ նաև այն ժամանակ, երբ կենդանիները գետնից վեր էին բարձրանում, և նրանց հետ անիվները նույնպես բարձրանում էին։ Անիվը բացառապես գետնի վրա շարժվելու համար նախատեսված մի մեխանիզմ է։ Անիվների՝ բաց օդում առկայությունը նրանց համար անբնական համարվող մի դիրք էր, և այն, որ նրանք նաև այդ դիրքն էին ընդունում, դա անխոս ապացուցում է նրանց և կենդանիների միջև առկա հատկապես սերտ հարաբերությունները:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Կենդանի էակներն ընթանալիս՝ անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում:
(Արարատ թարգ․) Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։
(Գրաբար) և ‘ի գալ գազանացն, գնային և անիւքն ընդ նոսա, և ‘ի վերանալ գազանացն յերկրէ՝ վերանային և անիւքն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: