Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։20

Ա․ Լոպուխին

«Հոգին որ կողմը ուզում էր գնար, նրանք գնում էին այնտեղ, և անիվները հավասարապես բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանիների հոգին անիվների մեջ էր»։(Սինոդական թարգ․)[20]
   

   Հարկադրված լինելով դարձյալ վերադառնալ կենդանիների շարժման եղանակին՝ մարգարեն կրկնում է այն ամենակարևոր խոսքը, որն ասվել էր այս շարժման վերաբերյալ։ Այն մեծապես տարբերվում էր ցանկացած այլ շարժումից, բայց ամենից շատ տարբերվում էր իր այն հատկանիշով, որ այս շարժման ուղղությունը որոշվում էր յուրահատուկ, խորհրդավոր կերպով։ Նրա համար որոշիչ զորությունը «հոգին» էր։ Ինչո՞ւ է անիվների վերաբերությամբ ասվում «բարձրանում էին», և ոչ թե՝ «ընթանում էին»։ «Բարձրանում էին» արտահայտությունն այստեղ հազիվ թե պետք է ընդունել երկրից «բաժանվելու», «հեռանալու» նշանակությամբ. 19-րդ և 21-րդ համարներում, որտեղ այս արտահայտությունը հանդես է գալիս այդ նշանակությամբ, դրան ավելացվում է «երկրից» բառը (այսինքն՝ «բարձրանում էին երկրից»)։ Այս պարագայում արդեն սույն արտահայտությունը նշանակում է «տեղից վեր կենալ», «այդ վայրից հեռանալ», «շարժվել» (Թվ. 23:24 և այլ տեղիներ)։ Եթե այս բայն այստեղ հանդես է գալիս իր սովորական նշանակությամբ, ինչպես որ 19-րդ և 21-րդ համարների պարագայում է, ապա այն նախադասությանը հաղորդում է այն միտքը, որ կենդանիներն անիվներով ավելի շատ սավառնում էին օդում, քան թե քայլում էին գետնի վրա: Մարգարեն մատնացույց է անում նաև անիվների և կենդանիների շարժման միջև առկա նմանատիպ «համաձայնության» պատճառը. «Որովհետև կենդանիների հոգին անիվների մեջ էր»։ «Կենդանիների հոգին», իսկ ավելի ճիշտ՝ «կենդանու հոգին»՝ եզակի թվով (եբրայեցերեն՝ «գահայա»): «Մարգարեն կենդանիներին համարում է միմյանց հետ անբաժանելիորեն կապված և ճիշտ նույն ձևով շարժվող չորս էակներ» (Սմենդ): Մեկ անգամ չէ, որ մարգարեն այսպիսի հավաքական անվան ներքո է ներկայացնում այս չորս կենդանիներին (նա բոլորին անվանում է եզակի թվով՝ «կենդանի», Եզեկ․ 1:22, 10:15, 20)։ Մարգարեի խոսքում անիվները նույնպես մատնանշվում են «գալգալ» (Եզեկ․ 10:2, 13) հավաքական անունով: Կենդանիներն այնքան սերտորեն էին կապված միմյանց հետ, որ մարգարեն, այնուամենայնիվ, 11-րդ համարում հարկ է համարում տեղեկացնել, որ այդ կենդանիների դեմքերն ու թևերն իրարից բաժանված են եղել։ Առհասարակ, քերովբեները պատկերվում են միմյանց հանդեպ փոխառնչակցության այնպիսի անբաժանության մեջ, որ նրանց մասին գրեթե երբեք առանձին-առանձին չի խոսվում, և նրանց անվանունը եզակի թվով գրեթե չի կիրառվում: Քանի որ քերովբեների պարագայում խոսք լինել չի կարող նրանց «ոգու» մասին՝ «հոգի» նշանակությամբ, այստեղ ակնհայտորեն նկատի է առնվում ոգին (թեև հայերեն թարգմանության մեջ այն արտահայտված է «հոգի» բառով), որն էլ հենց, համաձայն 12-րդ համարի, պայմանավորում էր նրանց շարժումը: Յոթանասնից թարգմանությունը, Պեշիթոն և Վուլգաթան այստեղ եբրայերեն արտահայտությունը թարգմանում են «կյանքի ոգին» իմաստով, սակայն «հայա» բառը՝ կիրառված «համիմ»-ի փոխարեն՝ «կյանք» իմաստով, հանդիպում է միայն պոեզիայում։ Սակայն այս բառն իր այդ նշանակությամբ չի կարող գործածվել մեկ այլ անդամի հետ, ինչպես որ այստեղ է։ Բացի այդ, եթե անիվները, ընդհանուր առմամբ, միայն կենդանի հոգի ունեն, ապա դրանից չի բխում, որ նրանք պետք է շարժվեն կենդանիների ընթացքին համապատասխան ձևով և ուղղությամբ:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար:
(Արարատ թարգ․) Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։
(Գրաբար) Ընդ որ կողմ դիմէր ամպն և հողմն, երթային գազանքն՝ և անիւքն ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանի՛ գոյր յանիւսն։