Ա․ Լոպուխին
«Ամսվա հինգերորդ օրը (որը Հովակիմ թագավորի գերության հինգերորդ տարում էր)»։ (Սինոդական թարգ․)[2]
Եթե նկատի ունենանք, որ առաջին համարը դեռևս չի խոսում Քոբարի տեսիլքի մասին, այլ այն առհասարակ Եզեկիելի մարգարեական գործունեության սկզբնավորության և բնույթի մասին է, ապա այդ պարագայում արդեն 2-րդ և 3-րդ համարներն աչքի չեն ընկնի առաջին հայացքից անհաղթահարելի թվացող դժվարություններով, որոնք ստիպում են կասկածի տակ դնել գլխի ամբողջ սկզբնահատվածի վավերականությունը (Կորնելը անվավեր է համարում 1-ին համարը, մյուսները՝ 2-րդ համարը և այլն): Մի՞թե մարգարեն կարող էր սրանից ավելի պարզ և հասկանալի ձևով սկսել իր առաջին տեսիլքի նկարագրությունը, քան հետևյալ խոսքերն էին. «Ամսվա (նկատի ունի վերևում նշված ամիսը) հինգերորդ օրը՝ Հովակիմ թագավորի գերության հինգերորդ տարում, Տիրոջ խոսքը հասավ Եզեկիելին», և այդպես շարունակ։ Մարգարեական գրքերին բնորոշ, սովորական (կարծրատիպային) հանդիսացող սկզբնահատվածների շարադրման եղանակից Եզեկիելը միայն այն աննշան շեղումը թույլ տվեց, որ նմանատիպ ընդունված սկիզբը մի փոքր ավելի ուշ՝ նախաբանից հետո շարադրեց․ մի նախաբան, որում մարգարեն հանդես էր գալիս իր գրքում տեսիլքների առատության ու նաև ա՛յն մասին նկատառումով, թե երբ և որտեղ են սկիզբ առել վերոհիշյալ այդ տեսիլքները և որ երկինքը բացվել է նրա առջև (1-ին համար)։ Դա մի նկատառում էր, որը, հաշվի առնելով Եզեկիելի գրքին հատուկ ինքնատիպությունը, բացարձակապես ավելորդ չէր։ Առաջին համարի առեղծվածային և գուցե նաև սուբյեկտիվ թվացող ամսաթիվը մարգարեն այս երկրորդ համարում արդեն թարգմանում է ավելի պարզ, ավելի հստակ և օբյեկտիվ ձևով, որի արդյունքում ընթերցողը կարող է նկատել, թե Իսրայելի ժողովրդի կյանքի հատկապես որ ժամանակահատվածում է տեղի ունեցել Եզեկիելի մարգարեական ծառայության կանչը: Մյուս մարգարեներն իրենց խոսքերը թվագրում են իրենց ապրած ժամանակահատվածում իշխող թագավորության տարիներով։ Սակայն Եզեկիելի համար, որն ապրում էր իր հայրենիքից շատ հեռու և տվյալ ժամանակահատվածում նույնիսկ լուրերը հազիվ մեկ, մեկուկես տարի անց էին միայն հասնում մարգարեին (հմմտ․ Եզեկ․ 33։21 և Երեմ․ 39։1), իր մարգարեության խոսքերն իշխող թագավորության տարիներով թվագրելն ու հիշատակելը բոլորովին անհարմար էր, մանավանդ որ Հուդայի թագավորությունը շատ շուտով անկում պիտի ապրեր։ Եզեկիելի այս ժամանակագրական հիշատակությունը բավականին տխրահռչակ է. թագավորության տարիների փոխարեն մատնանշվում են «Հովակիմի» գերության տարիները: «Հովակիմ» անունն այստեղ սխալմունք է և հավանաբար առաջացել է մարգարեի նկատի ունեցած թագավորի հոր՝ Հովակիմի հետ շփոթությունից։ Երեմիա մարգարեի գրքում արդեն այս հիշյալ թագավորի անունը հիշատակվում է «Հեքոնիա» ձևով (Յոթանասնից թարգմանություն, 34:1)։ Շփոթության պատճառ է հանդիսացել այն, որ այս անվան մաս կազմող Աստծո անունը (անունը նշանակում է՝ «Աստված կամրացնի») մի դեպքում դրված է բառի վերջում, մյուս դեպքում՝ բառի սկզբում։ Այս անվան «Հեքոնիա» ձևակերպումն այժմ սովորական է դարձել։ Հեքոնիայի գերությունը տեղի ունեցավ Նաբուգոդոնոսորի թագավորության 8-րդ տարում (Բ Թագ․ 21:12), իսկ Նաբուգոդոնոսորը գահ էր բարձրացավ Ք․ա. 604 թվականին։ Հետևաբար Հեքոնիան (Եզեկիելի և մյուսների հետ) գերության էր տարվել Ք․ ա․ 598-597 թվականներին, իսկ Եզեկիելի՝ մարգարեական ծառայության կանչը տեղի է ունեցել 593-592 թվականներին։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր:
(Արարատ թարգ․) Ամսի հինգին՝ Հովաքին թագավորի տարագրության հինգերորդ տարում,
(Գրաբար) որ օր հինգ էր ամսոյն. ա՛յն ամ հինգերորդ էր գերութեանն Յովաքիմայ արքայի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: