Ա․ Լոպուխին
«Եվ կամարի տակ նրանց թևերն անմիջապես դեպի իրար էին տարածվում, և յուրաքանչյուրն ուներ երկու թևեր, որոնք ծածկում էին իրենց, յուրաքանչյուրն ուներ երկու թևեր, որոնք ծածկում էին իրենց մարմինները»։ (Սինոդական թարգ․)[23]
Այն նկարագրությունը, որն արդեն իսկ ակնկալելի էր, ա՛յն ամենի նկարագրությունը, ինչը որ կար երկնակամարում, մարգարեն միտումնավոր, դրամատիկ կերպով հետաձգում է մինչև վերջ և դարձյալ վերադառնում է այն տեսարանի նկարագրությանը, երբ քերովբեներն իրենց թևերի որոտացող հարվածներով ընթանում էին դեպի նա։ Այս խլացնող թռիչքի պատկերի նկարագրության համար (տե՛ս 23-25-րդ համարներ) 23-րդ համարը ծառայում է որպես ներածություն, որի միջոցով մարգարեն հիշեցնում է այն, ինչն արդեն իսկ նկարագրվել էր 9-րդ և 11-րդ համարներում․ թևերի՝ միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ-համեմատական դիրքավորվածությունը։ Մարգարեն այդպիսով արդեն երրորդ անգամ է խոսում այս մասին, ինչը ցույց է տալիս տեսիլքի սույն հատվածի կարևորությունը: 23-րդ համարը, սակայն, պարզապես չի կրկնում 9-րդ և 11-րդ համարների տվյալները։ Սույն 23-րդ համարն ավելի ստուգությամբ է սահմանում քերովբեների թևերի՝ դեպի մեկը մյուսին ձգվելու հանգամանքը՝ միմյանց հանդեպ ուղիղ դիրքավորվածությամբ․․․Թևերի այս դիրքն առավել քան զարմանալի էր, քանի որ նույնիսկ թռիչքի ժամանակ նրանք չէին «հրաժարվում» այս մշտամնա, մաթեմատիկորեն ճշգրիտ հաշվարկված դիրքից, որը միմյանց նկատմամբ զբաղեցնում էին քերովբեների թևերը: Եբրայեցերենից բառացի թարգմանությամբ՝ «թևերը ուղիղ էին («յեշարոտ») մեկը մյուսի նկատմամբ», սույն արտահայտությունը որոշակիորեն տարօրինակ է հնչում (ինչպես որ նախկինում էր՝ 9-րդ և 11-րդ համարներում, որոնցում թևերի՝ միմյանց նկատմամբ ունեցած դիրքը բնութագրվում էր «հովերոտ» և «պերուդոտ» դժվար ըմբռնելի բառերի միջոցով, կարծես թե թևերը միմյանց նկատմամբ մի այնպիսի դիրքում էին գտնվում, որը բառերով արտահայտելը դյուրին չէր), այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանությունը «յեշարոտ» բառի փոխարեն դրեց 11-րդ համարի «տարածված էին, տարածվում էին» արտահայտությունը՝ դրան ավելացնելով 3-րդ գլխի 13-րդ համարի «pterussomenon» «սավառնում, ճախրում էին» արտահայտությունը՝ այդպիսով ակնարկելով թևերի «թռչող», «թափահարող», և ո՛չ թե միայն հանգիստ ձգվող վիճակը: Մարգարեն ինչպես 11-րդ համարում էր, այստեղ նույնպես անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ քերովբեների միայն երկու թևերն էին տարածված, իսկ մյուս երկուսը բաց էին թողնված դեպի ներքև, քանի որ այս վերջինների նպատակը քերովբեների մարմինը ծածկելն էր․․․Չնայած որ 23-րդ համարի վերջին միտքը ոչ թե նոր է, այլ նախորդ համարներում արտահայտված մտքի կրկնությունն է, սակայն այն առկա գաղափարը ընդգծելուց բացի նաև մի նոր լույս է սփռում այդ գաղափարի վրա՝ այսպիսի հարաբերակցություն ստեղծելով․ քերովբեները ծածկում էին միայն իրենց մարմինը, քանի որ նրանք գտնվում էին երկնակամարի և Աստծո գահի տակ, և ո՛չ թե դրանց առջև, ինչպես սերովբեների պարագայում էր:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Իսկ երկնակամարի ներքեւում նրանց թեւերը պարզուած սաւառնում էին իրար հետ. իւրաքանչիւրը երկուական թեւ, որ ծածկում էր իրենց մարմինները:
(Արարատ թարգ․) Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։
(Գրաբար) Եւ ‘ի ներքոյ հաստատութեանն թևք իւրեանց տարածեալ սաւառնէին ընդ միմեանս. և իւրաքանչիւր երկու երկու ծածկէին զմարմինս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: