Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։26

Ա․ Լոպուխին

«Եվ այն կամարից վեր, որ նրանց գլխավերևում էր, ասես շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում ասես մարդու տեսքով մի նմանություն կար»։ (Սինոդական թարգ․)[26]
   

   «Շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն» - բառացիորեն՝ «ասես թե նմանություն շափյուղա քարի, նմանություն գահի հետ»։ Այսպիսով, բնագրային նախնական տեքստն անհայտ է թողնում, թե արդյոք գա՞հն էր շափյուղայից, թե՞ շափյուղան ինչ-որ մի այլ բան էր՝ գահի հետ կապ չունեցող։ Յոթանաանից թարգմանությունը հակված է վերջին մտքին. «Ինչպես շափյուղա քարի տեսիլ՝ նրա վրա գահի նմանությամբ»։ Այս «նրա վրա» արտահայտությունը, որը ընդդիմանում է եբրայական տեքստին, պարզորոշ վկայում է, որ գահը դրված շափյուղայի վրա և, հետևաբար, ոչ թե գահն էր շափյուղայից, այլ շափյուղան գահի տակ եղող մի ինչ-որ բան էր՝ գահի պատվանդանը, թե մեկ այլ բան, անհայտ է: Սակայն անկախ այն հանգամանքից, թե արդյոք գահն էր շափյուղայից, թե մեկ այլ առարկա, այնուամենայնիվ այստեղ այդ թանկարժեք քարի հիշատակությունը բավականին նշանակալի իրողություն է։ Սա մի քար է, որը կրում է բուն իսկ «փայլ» անվանումը («սաֆար» - «փայլել»)։ Այն համարվում է ամենագեղեցիկ քարերից մեկը (Ես․ 54:11, Հայտն․. 21:19), որն իր արժեքով չի զիջում ոսկուն (Հոբ 28:6, 16)։ Այս քարը բոլոր դեպքերում (եթե անգամ այն նույնական չէ մեր պատկերացրած սաֆիրին) հանդիպում է կապույտ գույնով՝ համաձայն Պլինիոսի տեղեկությունների (Hist. nat. 87, 9), այն երբեմն հանդիպում է կապույտ և կարմիր երանգներով ու փայլում է ոսկեգույն բծերով. կետեր (հազիվ թե նմանություն ունենալով մեր լապիս-լազուր քարի հետ): Երկնքի բաց կապույտ երանգն ունենալով՝ շափյուղան աչքի է ընկնում նաև իր անթափանցելիությամբ, ինչի համար էլ այստեղ մեջբերվել է որպես համեմատության եզր։ «Ինչպես որ բյուրեղը ցույց է տալիս երկնքում եղող բոլորովին մաքուր և լուսավոր ամեն երևույթ, այդպես էլ շափյուղան մատնանշում է Աստծո թաքնված, գաղտնի և անհասանելի առեղծվածները, ա՛յն Աստծու, Որը «խավարը հաստատեց Իր գաղտնիությունն ապահովելու համար» (Հերոնիմոս Երանելի) «Այս թանկարժեք քարի նմանությունը որպես համեմատության եզր մատնացույց անելով՝ մարգարեն ակնարկում է առեղծվածային և անտեսանելի Էությունը» (Թեոդորետոս Երանելի): Մարգարեն տեսնում է մի գահ, որի պատկանելիության վերաբերյալ որևէ կասկած չէր կարող լինել։ Ելնելով անհասանելի բարձունքները (հմմտ․ Ես․ 6։1), պարուրված լինելով կրակով և ողողված լինելով աչքի համար անտանելի լույսով՝ երկնային գահը, իհարկե, հազիվ թե թույլ տար իրեն լիովին տեսնել, ուստի և մարգարեն այժմ պետք է մտովի ավարտին հասցներ այն պատկերը, որը նա մասնավոր կերպով տեսել էր։ Ահա այստեղից էլ հետևում էր «նմանությունը» մի այնպիսի հստակ զանազանելի առարկայի հետ, ինչպիսին գահն է, ու նաև այստեղից էր հետևում գահի լուսավորության և նյութի վերաբերյալ մարգարեի «պահպանած» լռությունը (եթե, իհարկե, մի կողմ թողնենք այն տեսակետը, որ գահը շափյուղայից էր): Գահը ենթադրում էր թագավորի ներկայությունը։ Այսպիսով, Աստված Եզեկիել մարգարեին հայտնվում է առաջին հերթին որպես թագավոր։ Ճիշտ է, առաջին անգամը չէր, որ Աստված հայտնվում էր թագավորի կերպարանքով (և, հետևաբար, Եզեկիել մարգարեն առաջինը չէր, որ Աստծուն տեսնում էր այդ կերպարանքով), սակայն Աստծու այսօրինակ հայտնությունները սկզբնավորվել էին Եզեկիելից ոչ շատ առաջ: Գահի վրա բազմած Աստծու մասին գաղափարը ծագել է թագավորների ժամանակներում. չէ՞ որ Մովսեսին Աստված հայտնվել էր մորենու մեջ՝ վառվող կրակի տեսքով, Եղիան անապատի քամու մեջ էր տեսել Տիրոջը, իսկ Սամուելը լսել էր Աստծու կանչող ձայնը։ Թագավորի կերպարանքով Աստծու հայտնությունն առաջին անգամ նկարագրում է Միքիան (Գ Թագ․ 22։8, 17-22, որին հաջորդում է Եսայու տեսիլքը։ Այսօրինակ գաղափարի զարգացման վրա չէր կարող իր ազդեցությունը չունենալ թագավորական իշխանության առաջացումն ու ամրապնդումը. երկրի վրա Աստծուն մարմնավորելու համար ավելի լավ կերպար չէր կարող լինել, քան ամենակարող թագավորի կերպարը՝ իր փառավորության ողջ շքեղությամբ: Նաբուգոդոնոսորի արքունիքի շքեղությունն անուղղակիորեն կարող էր պատկերացում առաջացնել Աստծու՝ որպես Թագավորի գաղափարի վերաբերյալ, ուստի և Դանիել մարգարեի գրքում մենք գտնում ենք Երկնային Թագավորի և Նրա սուրբ արքունիքի մասին ավելի բարդ կառուցվածք ունեցող մի պատկեր՝ առ ի համեմատություն Եզեկիելի մարգարեության (Դան․ 7: 9-10, 13-14):

   «Եվ այդ գահի նմանության վերևում (մտքի կրկնությունը գաղափարն ավելի ամրապնդելու նպատակն ունի) մարդու տեսքով մի նմանություն կար» - բառացիորեն՝ «նմանություն՝ ասես մարդու տեսքով»։ Այս պատկերը հազիվ թե կարողանար ընդգծվել այն լույսի ծովում, որով այն ողողված էր: Եթե ​​գահը միայն անորոշ կերպով էր տեսանելի («նմանություն»), ապա դրա վրա Բազմածը գրեթե դուրս էր տեսանելիության սահմաններից: Այստեղից էլ հետևում է «սահմանափակող» բառերի այս խումբը՝ «նմանություն», «ասես», «տեսք»։ Այսպիսի հաղորդակցության պայմաններում, սակայն, Եզեկիել մարգարեն ավելի փոքր չափի հայտնություն չունեցավ , քան դա տրված էր մյուս աստվածատեսներին։ «Իսրայելի ավագներին՝ Մովսեսի հետ, ցույց տրվեց միայն այն տեղը, որտեղ Աստված կանգնած էր։ Եսային տեսավ միայն այն սերովբեներին, որոնք շրջապատում էին Աստծո գահը։ Իսկ ահա Եզեկիելը տեսնում է հենց նրանց՝ «կրողներին», ովքեր առանց միջնորդավորության իրենց վրա «կրում էին» Աստծո գահը» (Կրեչմար): Չէ՞ որ, իրականում, «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Հովհ․ 1։18)։ Եթե ​​Մովսեսը, Եսային և Դանիելն ասում էլ են, որ տեսել են Տիրոջը (օրինակ՝ գահի վրա բազմած տեսքով), ապա նրանց այս կարճառոտ խոսքերը («տեսա Աստծուն»), ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ է ըմբռնել Եզեկիելի ճշգրիտ և մանրամասն նկարագրության լույսի ներքո. այդ վերոնշյալ մարգարեներն իրականում չեն տեսել իրենց հայտնված Աստծու դեմքը (որն անհնարին էր նույնիսկ Մովսեսին ցույց տալը, Ելք 33:23), այլ տեսել են միայն Աստծու պատկերի անորոշ ուրվագծերը:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Նրանց գլխավերեւի երկնակամարից է՛լ աւելի վեր կար գահի պէս մի բան, որ շափիւղայ ակի էր նմանւում, իսկ գահի վրայ՝ մարդու կերպարանքով մի բան:
(Արարատ թարգ․) Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։
(Գրաբար) Եւ ‘ի վերոյ քան զհաստատութիւնն որ ‘ի վերայ գլխոց նոցա իբրև զտեսիլ ական շափիղ’այ. և նմանութիւն աթոռոյ ‘ի վերայ նորա. և ‘ի վերայ աթոռոյն՝ նմանութիւն կերպարանաց մարդոյ։