Ա․ Լոպուխին
«Եվ ես տեսա կարծես մի բոցավառ մետաղ, շուրջանակի կրակի պատկեր՝ նրա ներսում։ Նրա մեջքի վերևից և նրա մեջքի ներքևից ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն»։ (Սինոդական թարգ․)[27]
Մարգարեին հայտնված Թագավորի «միջավայրում» թանկարժեք քարերը, որոնք սովորաբար զարդարում էին թագավորներին և նրանց թագերը, ակնհայտորեն երկրորդական դիրք էին զբաղեցնում, հետևաբար այդ թանկարժեք քարերը «նահանջեցին» այդ աստվածային «միջավայրի» այնպիսի ստորին հատվածներ, որտեղ որ գտնվում էին գահի անիվները և գահի պատվանդանը: Այդ թանկարժեք քարերը չէին զարդարում գահի վրա Բազմածին։ Նրանց ողջ գեղեցկությունն ու փայլն անկարող էին որևէ բան ավելացնելու ա՛յն լույսին, որով փայլում էր գահին Բազմածը և որի հետ, թերևս, կարելի էր համեմատել միայն մեզ համար անհայտ «հաշմալ»-ի փայլը (այստեղից է միայն պարզ դառնում, թե ինչպիսի թանկարժեք քար էր «հաշմալ»-ը և թե որքան էին սխալվում մեկնիչներն իրենց այն ենթադրության մեջ, համաձայն որի՝ այդ «հաշմալ»-ն իրենից ներկայացնում էր, օրինակ, սաթ կամ էլ պղնձի մի ինչ-որ տեսակ): «Նկատելի է, որ մարգարեն շատ համեստ է արտահայտվում իր կողմից նկարագրվող այս պատկերի վերջին հատվածում. նա հազիվ է ուրվագծում աստվածային Կերպարի ուրվագիծը։ Այդ Կերպարի արձակած փայլը կարծես շլացնում է մարգարեին և նրանից ասես թաքցնում է մանրամասները» (Ռեյս):
«Եվ ես տեսա» - այս արտահայտությունը կիրառվում է չորրորդ համարից հետո առաջին անգամ և արդեն երկու անգամ՝ այս համարում։ Դրվագի արտասովոր կարևորությունն ընդգծվում է «կարծես մի բոցավառ մետաղ» արտահայտությամբ, բառացիորեն՝ «կարծես մի ինչ-որ հաշմալի նման»․․․ «Հաշմալի» պես (տե՛ս 5-րդ համարը) փայլում էր գահի վրա Բազմողը։ Սակայն մարգարեն Նրա կերպարի ուղղակի նկարագրությունը (ինչպիսին կարող էր լինել, օրինակ, «և նրա տեսքը նման էր «հաշմալ»-ի» արտահայտությունը) փոխարինում է այս զգուշավոր արտահայտությամբ․ գահի վրա հազիվ տարբերվող մարդկային պատկեր էր ուրվագծվում. փաստորեն, այն, ինչ «ամբողջովին» կարելի էր տեսնել գահի վրա, միայն «հաշմալ»-ի լույսն էր։ Սակայն միայն այդ փայլը չէր, որ շողարձակում էր գահից։ «Հաշմալ»-ի լույսին մի կրակոտ լույս միացավ։ Իսկ թե ինչ հարաբերության մեջ էր գտնվում այս երկրորդ, պարզապես կրակոտ լույսն այն առաջին լույսի հանդեպ, արտահայտվում է հետևյալ անհասկանալի արտահայտությամբ. «Ասես շուրջանակի կրակի պատկեր՝ նրա ներսում»... Համարի հաջորդող բառերն ավելի ճշգրիտ են նկարագրում գահին Բազմածի պայծառությունը։ Համաձայն նկարագրված պատկերի՝ գահին Բազմածը, ինչպես «հաշմալ»-ն ու կրակը, շողշողում էր մեջքի վերևից, իսկ Նրա մեջքի ներքևից մարգարեն տեսավ կրակի նմանությամբ մի բան՝ միայն թե առանց «հաշմալ»-ի: Այս ամբողջ նկարագրությունը շատ ավելի պարզ է 8:2-րդ համարում, որտեղ այդ նույն Կերպարը մեջքից ներքև փայլում է միայն կրակի նմանողությամբ, իսկ մեջքից վերև՝ «հաշմալ»-ի և արշալույսի պես (հետևաբար, ռուսերեն թարգմանության մեջ ստորակետը պետք է թարգմանել «իր»): Մարգարեն ծայրաստիճան զգուշավորությամբ է արտահայտվում։ Աստծո լուսավոր մարմինը կառուցվածքորեն բաժանված է երկու մասի. եթե Աստված, ընդհանուր առմամբ, ընկալվում է մարդկային կերպարանքով, ապա այն, ինչ մարդիկ անվանում են մեջք («մեջքի տեսք»), դա սահմանն է այն երկու մասերի միջև, որոնք շողում էին ոչ միօրինակ փայլմամբ: Քանի որ Կերպարը նստած դիրքում էր, Նրա ուղղահայաց մասը գոտկատեղից վեր փայլում էր «հաշմալ»-ի և կրակի պես, իսկ ստորին մասը միայն կրակի նմանությունն ուներ։ Կերպարի ստորին հատվածը, որը գետնին ավելի մոտ դիրքում էր գտնվում և, ամենից առաջ, տեսանելի էր մարդու աչքերի համար, փայլում էր ավելի «չափավորված» լույսով, ինչպես կրակը (սակայն ոչ թե ուղղակիորեն կրակի պես, այլ «կրակի տեսքով», «կրակի նման մի ինչ-որ բանի նման), և դա միգուցե ա՛յն պատճառով էր, որ Նրա մարմնի այդ հատվածը ծածկված էր հագուստով, որն իր լայն ծալքերով տարածվել էր Նրա շուրջբոլորը (հմմտ․ Ես. 6։1)։ Վերին հատվածը, որը, հավանաբար, ներկայանում էր մերկ կերպարանքով (առնվազն մասամբ՝ պարանոցի և կրծքավանդակի հատվածում) շողշողում էր այն ամենաշլացուցիչ փայլով, որը մենք կարող ենք պատկերացնել (սա այն շողշողուն պայծառությունն էր, որը մարգարեն նկատեց նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ ամպը նոր-նոր էր հայտնվել հորիզոնում – 5-րդ համար)։ Սակայն այս վերին հատվածը նույնպես, «հաշմալ»-ի փայլից բացի, պարունակում էր նաև կրակի պայծառություն. ուրեմն հնարավոր է, որ գահի վրա Բազմածն Ինքն իսկ «հաշմալ»-ի փայլին նմանվող լույսով փայլելով, որպես հագուստ՝ կրակով էր զգեստավորված։
«Եվ պայծառություն՝ Նրա շուրջբոլորը» - «Նրա», այսինքն՝ գահի վրա Բազմածի։ Անձնական դերանվան կիրառությունը խոսքը վերադարձնում է համարի հիմնական թեմային, մի բան, ինչը որ առանց որևէ բացատրության տեղի էր ունենում նաև «Նրա մեջքի» կապակցության կիրառության պարագայում։ Աստծու այս ամբողջ լուսավոր պատկերի շուրջբոլորը առկա էր մի պայծառ, լուսե ոլորտ, որի տեսքն ավելի մանրամասնորեն նկարագրվում է 28-րդ համարում՝ ծիածանի հետ համեմատության համատեքստում:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Այդ կերպարանքի մէջ բազմագոյն ակի պէս մի պատկեր էի տեսնում, նրանից աւելի ներքեւ՝ շուրջանակի կրակի պատկեր, մէջքից վեր՝ արեգակի նմանութեամբ, իսկ մէջքից ներքեւ՝ կրակի: Եւ լոյսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ունէր ծիածանի տեսք, որ անձրեւային օրերին ամպերի մէջ է ձգւում:
(Արարատ թարգ․) Եվ այնտեղից վերև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա, որ հրափայլ պղնձի տեսք ուներ, իսկ այնտեղից ներքև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն։
(Գրաբար) Եւ տեսանէի իբրև զտեսիլ ական բազմագունի, և իբրև զտեսիլ հրոյ ‘ի ներքոյ քան զնա շուրջանակի. միջովք չափ ‘ի վեր՝ նմանութիւն արեգական, և միջովք չափ ‘ի խոնարհ՝ նմանութիւն հրոյ. և լոյսն որ շուրջ զնովաւ բա՛կ ունէր,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: