Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։3

Ա․ Լոպուխին

«Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային՝ քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի մոտ, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ»։ (Սինոդական թարգ․)[3]
   
   «Տիրոջ խոսքը հասավ» - Անկախ այն հանգամանքից, թե Հին Կտակարանի ողջ պատմության տեսանկյունից Քոբար գետի վրա Եզեկիել մարգարեին հայտնված տեսիլքը որքան հիասքանչ և անզուգական էր, այդ տեսիլքը մարգարեի համար մեծագույն կարևորություն ուներ ո՛չ թե իր արտասովորության պատճառով, այլ ա՛յն պատճառով, որ այս տեսիլքի միջոցով Եզեկիելը կանչվեց իր մարգարեական ծառայությանը, և այդ տեսի՛լքն էր, որ մարգարե «դարձրեց» նրան։ Այդ տեսիլքի միջոցով Աստված առաջին անգամ խոսեց Եզեկիելի հետ ճիշտ այն նույն ձայնով, որով  խոսել էր Իր մյուս մարգարեների հետ: «Տիրոջ խոսքը հասավ Եզեկիելին» արտահայտությունն այստեղ խիստ հանդիսավոր է հնչում և, ինչպես երևում է, բավականին անհամապատասխան կերպով է այստեղ տեղադրված: Նմանատիպ արտահայտությունն ունկնդրելուց հետո ընթերցողն ակնկալում է լսել մի այնպիսի հայտարարություն, որում կհռչակվեր, թե հատկապես ինչ էր Աստված ասել մարգարեին, սակայն դրա փոխարեն տեսիլքի սարսափելի պատկեր է բացվում ընթերցողի հայացքի առջև, և ընթերցողը սկսում է հասկանալ, որ Տիրոջ այն խոսքը, որը մարգարեն լսել է, ի սկզբանե եղել է, այսպես ասած, մի «լուռ» խոսք, ասել է թե՝ խոսք առանց բառերի, որը, սակայն, ցանկացած բառից առավել ապշեցուցիչ և զորեղ է եղել: «Եզեկիել» անունը (ճշգրիտ արտասանությունը՝ «Եխեցկել», եբրայերեն ժարգոնում՝ «Խացկել») բաղկացած է «խազակ»՝ «ուժեղ լինել» բայից և Աստծո «Էլ» (նույնն է թե՝ «Էլոհիմ») անունից և նշանակում է (ինչպես «Եզեկիա» անվան պարագայում, որը նույնպես բաղկացած է «chazak» և «Ehovah» բառերից)՝ «Աստված ուժ է», «Աստված կստեղծի, կդարձնի կամ կուժեղացնի»։ Հնարավոր է, որ սա ոչ թե մարգարեի ծննդյան անունն էր, այլ այն պաշտոնական անունը, որը նա ընդունել էր, երբ կանչվել էր Աստծո կողմից (Gengstenberg. Die Weissangungen des Pr. Ezechiels erklarte, 1867-1868):

   Մարգարեի անվան մասին ակնարկի մենք հանդիպում ենք Եզեկիելի մարգարեության 3։8-ում։ Եզեկիելի հոր՝ Բուզիի անունը նշանակում է «անտեսված», ինչը, ամենայն հավանականությամբ, ցույց է տալիս այն ստորին դիրքը, որը Երուսաղեմում զբաղեցրնում էր մարգարեի ընտանիքը (որպես հակադրություն որոշ մեկնաբանների՝ Եզեկիելի մարգարեության 44:10-14-ի վրա հիմնված այն պնդմանը, համաձայն որի՝ մարգարեն պատկանել է արիստոկրատ քահանաների՝ սադոկիդների դասակարգին, որի ներկայացուցիչներն էլ զբաղեցնում էին լավագույն տեղերը)։ Որևէ կերպով հիմնավոր չէ ռաբբիների այն կարծիքը, որ «Բուզի»-ն նույնական է Երեմիայի հետ, որը նման անվանում է ստացել իր դաժան պախարակումների պատճառով։ «Քահանային» հատկորոշիչը եբրայերենի քերականության կանոնների համաձայն կարելի է վերագրել ինչպես մոտակա «Բուզի» գոյականին, այնպես էլ Եզեկիելին։ Յոթանասնից թարգմանությունը, Հերոնիմոսը և մյուս բոլոր հնագույն թարգմանությունները «քահանա» կոչումն արդարացիորեն վերագրում են Եզեկիելին, քանի որ հենց ինքը՝ Եզեկիել մարգարեն, և ոչ թե նրա հայրը պետք է բնութագրվեր մարգարեական այս խոսքում (հմմտ․ Երեմ. 1:1, 28:1): Եթե անգամ ​​Եզեկիելը քահանայի կոչումը չի էլ ստացել, այնուամենայնիվ այդ տիտղոսն անբաժանելի էր նրանից՝ նշանավոր ազգակցական կապով Ղևիից ծագելու պատճառով։ Հեքոնիայի հետ գերության էին մատնվել նաև քահանաները (Երեմ․ 29:1): Մարգարեի քահանայական ծագումը նրա գրքում առկա շատ հարցերի է պատասխանում, սակայն մարգարեն այդ հանգամանքը հիշատակում է ոչ միայն առաջացած այդ հարցերին բացատրություն տալու նպատակով, այլև այն պատճառով, որ նա ինքն արժևորում էր քահանայական այդ կոչումը։

   «Քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի մոտ» - Մարգարեի կրկնակի ցուցումը այն վայրին, որտեղ տեղի էր ունեցել նրա մարգարեական կանչը, քննադատների համար 1-ին, 2-րդ և 3-րդ համարների վավերականությունը կասկածի տակ դնելու հիմնական անկյունաքարերից մեկն է։ Եվ իսկապես որ, 3-րդ համարում այդ մատնանշումը որոշակիորեն անսպասելի է: Էվալդն իր «Die Propheten des Alten Bundes» (2 Aus. 2 B. Jeremja und Heseqiel, 1868) աշխատության մեջ այս կրկնությունը բացատրում է նրանով, որ գրքի գրության ժամանակ արդեն մարգարեն մեկ ուրիշ վայրում էր ապրում։

   «Եվ այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ» - Այս արտահայտությունն Աստվածաշնչում կիրառվում է մարդու հանդեպ ցուցաբերած Աստծո ցանկացած անմիջական, հրաշագործ և հատկանշականորեն զորավոր ներգործության մասին խոսելիս (Գ Թագ․ 18:46, Բ Մնաց․ 30:12, Դ Թագ․ 3:15, Եզեկ․ 3:14, Գործք 13:11)։ Եզեկիելի մարգարեության մեջ, սակայն, այն ​​անփոփոխելիորեն նախորդում է մարգարեի յուրաքանչյուր տեսիլքի նկարագրությանը (1:3, 3:22, 8:1, 37:1, 40:1)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարգարեն այս արտահայտության միջոցով ներկայացնում է իր հոգեվիճակը տեսիլքի սկզբում (էքստազի մեջ լինելը), որն ակնհայտորեն պայմանավորված է Աստծո անմիջական զորությամբ, որը բավականին դժվարըմբռնելի է մարդու համար (հմմտ․ Դան․ 10:8 և սաղմոսներում կիրառվող սույն արտահայտությունը. «Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին:
(Արարատ թարգ․) քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ Եզեկիէլ քահանայ՝ որդի Բուզեայ, յերկրին Քաղդեացւոց ‘ի վերայ Քովբար գետոյ։ Եւ ա՛նդ եղև ‘ի վերայ իմ ձեռն Տեառն։