Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։4

Ա․ Լոպուխին

«Եվ ես տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մի մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը»։
(Սինոդական թարգ․)[4]

   

   Սկսվում է մարգարեի՝ Քոբար գետի վրա հայտնված խորհրդավոր տեսիլքի նկարագրությունը։ Այս տեսիլքը, որում մարգարեին մատնացույց են արվում երկնային էակները (քերովբեներ) և նրանց անդրանցական գործունեությունն ու փոխհարաբերությունները, բացահայտվել է զուտ երկրային երևույթներով, ասել է թե՝ բնության երևույթներով, չնայած որ բնության բնական ընթացքի հետ հարաբերության տեսանկյունից էլ այն հասել է անսովոր աստիճանի և նույնիսկ անհնարինության  մակարդակի, ինչը դրսևորվում է մրրկալից հողմի, մեծ ամպի և ինչ-որ մի յուրահատուկ կրակի առաջացման տեսքով։ Այս բոլոր երևույթները կարելի է միավորել «փոթորիկ» հասկացության ներքո, որն ինքը՝ մարգարեն, կիրառում է որպես այս նշյալ երևույթներից առաջինի՝ հողմի («մրրկալից») սահմանում: Ինքնին հասկանալի է, որ Աստծո իրական երևմանը նախորդել է ոչ թե պարզ ու բնական փոթորիկը, այլ մի փոթորիկ, որը կարելի է անվանել «աստվածահայտնութենական փոթորիկ»: Հին Կտակարանում բազմաթիվ աստվածահայտնություններ ուղեկցվել են կամ դրանց նախորդել են հենց նմանատիպ փոթորիկներ։ Սա վերաբերում է, մասնավորապես, աստվածահայտնութենական այդ դրսևորումներից ամենագլխավորին՝ Սինայի հայտնությանը (Ելք 19:16-18), ինչպես նաև Եղիա մարգարեի տեսիլքին (Ա Թագավորներ 19:11, 12)։ Դարձյալ, Աստված նաև Հոբի՛ հետ փոթորկի միջից խոսեց (Հոբ 38:1 հմմտ․ Զաք 9:14, Սաղմ․ 49:3): Միանգամայն հասկանալի է փոթորկի ի հայտ գալը նախքան աստվածահայտնությունը և դրա ընթացքում։ Եթե ​​Աստված կարող է հայտնվել և գտնվել երկրի վրա եղող մի որոշակի վայրում, ապա ինչպես երկրի այդ տեղամասը, այդպես էլ մարդը, եթե չասենք, որ բոլորովին անկարող են, սակայն պիտի փաստենք, որ առնվազն դժվարությամբ են ի զորու դիմանալու իրենց առջև Աստծո ներկայությանը։ Այնտեղ, որտեղ Աստված է «իջնում», այդտեղ անպայմանորեն բնությունն ալեկոծության պիտի ենթարկվի։ Աստվածահայտնության ժամանակ բնության ցնցումն ու սարսուռը արտահայտվում է նախևառաջ քամու միջոցով, որն էլ իր հերթին ոչ այլ ինչ է, եթե ոչ հուզում, օդի դողդոջում։ Ահա թե ինչու աստվածահայտնությունը հաճախ, ինչպես ներկայումս, ուղեկցվում է քամու առաջացումով։ Այդպես, օրինակ, մեղքի պատճառով անկումից հետո դրախտում Աստծո հայտնվելն ուղեկցվեց քամով (Ծննդ․ 3, եբրայերեն «laruach»-«քամով»)։ Դարձյալ, քամի առաջացավ նաև Դավթին պատահած աստվածահայտնության ժամանակ՝ փղշտացիների դեմ մղած ճակատամարտերից մեկի ընթացքում (Ա Մնաց․ 14:14, 15), Քորեբում Եղիայի առջև տեղի ունեցած աստվածահայտնության ժամանակ և այլ պարագաներում: Քանի որ քամու միջոցով Աստված Ինքը՝ Տիրոջ փառքը (28-րդ համար) հայտնվեց մարգարեին, ուստի բոլոր մեկնիչները, ոչ առանց հիմնավորման, խիստ կարևորում են այն ​​իրողությունը, որ այդ քամին եկել էր հյուսիսից, չնայած որ նրանք զանազան կերպերով են բացատրում այդ երևույթը:

   1) Մեկնաբանների մեծամասնությունն այն կարծիքին է, որ այստեղ հյուսիսը վերցված է որպես մի վայր, որտեղից որ հրեաների դեմ ձեռնարկվեցին ամենաաղետալի արշավանքները և  որտեղից որ նույնիսկ այդ ժամանակահատվածում սպառնում էր Նաբուգոդոնոսորի հարձակումը (հմմտ․ Երեմիա 1։13, 14): Սակայն մարգարեն իրեն երևացած այդ տեսիլքի ժամանակ գտնվում էր հենց հյուսիսում, որտեղից էլ Նաբուգոդոնոսորը նախապատրաստում էր իր արշավանքը, և հետևաբար այդ հյուսիսն այս հյուսիսի հետ հարաբերակցությամբ արդեն մեր հայացքն ուղղում է դեպի Մեդիա և հարակից շրջաններ, որտեղից որ տվյալ ժամանակահատվածում Հրեաստանին որևէ վտանգ չէր սպառնում։

   2) Մյուս մեկնաբանները կարծում են, որ հյուսիսի մասին հիշատակումը վերաբերում է այն ժամանակներում տարածված կարծիքին, թե իբր երկնքի հյուսիսային հատվածում մուտք կա դեպի աստվածների բնակատեղին և ամրոցը։ Եվ քանի որ արևի ճառագայթների ուղղությունը մեզ ստիպում է ենթադրել, որ հարավը թեքված է դեպի ներքև, ուստի հյուսիսն էլ տրամաբանորեն գտնվում է վերևում և իր բարձր լեռներով, Լիբանանով ու Կովկաս հասնում է երկնքին: Հնում մարդիկ այն համընդհանուր պատկերացումն ունեին, որ իբր այդ լեռներից մեկի վրա բնակվում էին աստվածները, որոնք իրենց ուսերի վրա հենած պահում էին երկինքը (հույները Օլիմպոսն էին համարում այդ լեռը): Եվ համաձայն վերոնշյալ մեկնաբանների տեսակետի՝ Եսայի մարգարեն հենց այդ լեռն ի նկատի ուներ 14:13-րդ և 14-րդ համարներում (հմմտ․ Սաղմ. 17:3, Հոբ 37:22; 38:1, Եզեկ․ 28:14): Սակայն եթե գոյություն ուներ այդպիսի մի լեռ, որը հայտնի էր հրեաներին և որի հետ կարող էին կապված լինել հեթանոսական Արևելքի նմանատիպ հավատալիքները, ապա այդպիսի լեռը յուրաքանչյուր բարեպաշտ հրեայի համար կարող էր համարվել միայն որպես մութ ուժերի հատուկ գործունեության վայր, «դևերի լեռ», ուր բնակվում էին հեթանոսական աստվածները։ Ուրեմն ինչպե՞ս կարող էր հին հրեայի պատկերացումներում Յահվեն հայտնվել այդպիսի մի լեռան վրայից։

   3) Եվ վերջապես, ոմանք էլ կարծում են, որ մարգարեն ներկայացնում է Յահվեին, Որը նրան հայտնվում է Երուսաղեմի Իր բնակավայրից՝ տաճարից, որը դեռևս լքված չէ (հմմտ․ 10-11-րդ գլուխներ)։ Սակայն հարկ է նշել նաև այն, որ իրականում Երուսաղեմն ընկած է Բաբելոնից դեպի արևմուտք, և ոչ թե դեպի հյուսիս։ Այսպիսով, ընդհանրացնելով՝ պետք է նշենք, որ Եզեկիել մարգարեից և նրա ապրած ժամանակաշրջանից առաջ, որն այդքան կարևոր էր Իսրայելի համար, սուրբգրային հեղինակները, երբ խոսում են այն մասին, թե որտեղից է գալիս Տերն ու Նրա փառքը, մշտապես հիշատակում են հարավը՝ որպես Տիրոջ հայտնվելու վայր (Բ Օր. 33:2, Ամբ․ 3:3)։ Իսկ ահա արդեն Եզեկիելի գրքի վերջնահատվածում, որում մարգարեն խոսում է գալիք, փառավոր Սուրբ Երկրի մասին, այդժամ նշում է, որ այդ հեռավոր ապագայում, երբ Տիրոջ փառքը հավիտենական բնակության համար դեպի նոր տաճար ընթանա, ծագելու է արդեն Արևելքից։ Միայն արևմուտքից՝ խավարի և չարի այդ երկրից է, որը Տերը երբևէ չի հայտնվել:

   «Մեծ ամպ» - Մեկ անգամ չէ, որ Աստված երկրի վրա հայտնվել է ամպի միջով։ Այդպես Նա Իսրայելին առաջնորդեց անապատի միջով, ներկա գտնվեց խորանում (Ելք 40:34, 38 հմմտ․33:9-10) և տաճարում (Գ Թագ․ 8:10, 11): Ամպի «ներկայությունն» աստվածահայտնության գործընթացում ա՛յն իմաստն ուներ, որ Աստված այդ ամպի միջոցով քողարկվում էր նրանցից, ում հայտնվում էր: Այս պարագայում, ինչպես Սինայի դեպքում էր (Դատ․ 5:4, Սաղմ. 67:9,10), աստվածային այդ ամպն այն փոթորկի մի մասն էր, որն ուղեկցում էր աստվածահայտնությանը (հմմտ․ Հոբ 38:1)․ դա այդ վերոհիշյալ փոթորիկը գոյացնող ամպն էր: Սակայն, իհարկե, որքանով որ աստվածահայտնության փոթորիկը գերազանցում էր սովորական փոթորկին, այնքան էլ Աստծուն քողարկող ամպը գերազանցում էր սովորական, նույնիսկ ամենամեծը եղող ամպին (մարգարեն այս իրողությունը պարզաբանում է «մեծ» հատկորոշիչով), և գերազանցում էր՝
ա) խտությամբ․ այն ունակ էր խավարի մեջ ամբողջովին ընկղմելու ողջ երկրագունդը (Սաղմ․ 17:10, 12, 96:2, Հովել 2:2, Սոփ․ 1:15, Բ Օրին․ 4:11, 5:22, Եբր․ 12:18)

   բ) Երկրի վրա իջած լինելու ժամանակ իր ունեցած ցածրությամբ․ այդ ամպն այն աստիճանի էր ցած իջել, որ ամբողջովին հավասարվել էր երկրի մակերևույթին (Սաղմ. 17:10 և այլ տեղիներ)։

   «Ու բորբոքվող կրակ» - քամու և ամպի հետ նաև այս կրակն ընթացավ դեպի մարգարեն։ Սրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսից առանձին, մեծ ու ամբողջական տեսիլքներ էին, բոլորն էր իրար հավասարազոր, յուրաքանչյուրն ինքնին սարսափելի և ահասարսուռ՝ իրենց համակցությամբ։ Մեկնիչները տարբեր կերպ են բացատրում մարգարեի կողմից այս կրակին տրված բնորոշումը, որը սահմանվում է եբրայերեն «mitlakahat» («պտտվող, բորբոքվող») բառով: Այս բառը հանդիպում է միայն Ելից գրքի 9։24-րդ համարում, ինչպես նաև այն դրվագում, երբ Եգիպտոսին պատուհասած յոթներորդ աղետի ժամանակ կարկուտի հետ նաև կրակ էր թափվում եգիպտացիների երկրի վրա։ Յոթանասնից թարգմանության մեջ, այս բառը փոխադրելով «exastraptwn» արտահայտության միջոցով, որը նշանակում է «փայլատակել» (կայծակից առաջացած կրակի իմաստով), այդպիսով ասես այն նույնացնում են կայծակի ժամանակ հաճախակիորեն շողարձակող լույսի հետ։ Սակայն «կայծակ» բառն արտահայտելու համար եբրայերենում առկա է հատուկ բառ («բարակ»), որը բազմիցս օգտագործվում է սաղմոսներում՝ հանդես գալով նույնիսկ փոխաբերական իմաստով։ «Միտլակահատը» եբրայերեն «լակահ» («վերցնել») բայի փոխակերպված ձևն է: Սակայն դժվար է միանշանակ սահմանել այս բայի սույն կիրառության նշանակությունը։ Այնուամենայնիվ ենթադրելի է, որ ինչպես քամին ու ամպը, այս կրակը նույնպես չի առաջացել բնական մի որևէ պատճառից, այլ բռնկվել է Աստծո էջքի արդյունքում և այրել այն հետագիծը, որով Աստված անցել է: Հայտնի է նաև այն, որ Աստծո Վերջին գալուստը դեպի երկիր լինելու է «բոցավառ կրակի միջով»: (Բ Թես․ 1:8):

   «Եվ մի պայծառություն նրա շուրջը» - ասել է թե՝ կրակն իր շուրջբոլորը տարածեց իր պայծառությունը։ Այս հիշատակությունը տեղին է այնքանով, որ, ըստ երևույթին, մարգարեն ցանկանում է այդպիսով ուշադրություն հրավիրել վերևում նկարագրված կրակի «կողմից» տարածվող պայծառության հատուկ լուսավորության և զորության վրա։ Ինչպես նաև մարգարեն նպատակ ունի մեր հայացքը սևեռել այն իրողության վրա, որ այդ պայծառությունը չափազանց հատու ձևով աչքի էր ընկնում հատկապես ա՛յն խավարի մեջ, որով աստվածահայտնության այն հսկայական ամպը պարուրել էր շրջակայքը։ Յոթանասնից թարգմանության մեջ այս հիշատակությունը տեղադրված է «բորբոքվող կրակ» արտահայտությունից առաջ, որտեղ այն կարծես ավելի համապատասխան դիրքում է գտնվում։ Այս պարագայում արդեն «նրա» դերանունը («նրա շուրջը») վերաբերում է ամպին, և ոչ թե կրակին, որի վերաբերությամբ այն չի կարող կիրառվել արդեն եբրայերենի քերականական կանոնների պատճառով (խնդիրը պահանջում է արական սեռի կիրառություն, որին համապատասխանում է «ամպ», և ոչ թե «կրակ» բառը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ:
(Արարատ թարգ․) Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։
(Գրաբար) Եւ տեսի՝ և ահա հողմ վերացեալ գայր ‘ի հիւսւսոյ, և ամպ մեծ ի կողման նորա. և լոյս շուրջ զնովաւ, և հուր փայլատակէր ‘ի նմանէ. և ‘ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց, և ճառագայթք ‘ի նմա։