Ա․ Լոպուխին
«Եվ նրանք չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։ Նրանց թևերը դիպչում էին մեկը մյուսին. երբ գնում էին, չէին շրջվում, այլ ամեն մեկն իր դեմքի ուղղությամբ էր գնում»։ (Սինոդական թարգ․)[9]
«Եվ նրանք չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին» բառերն ուղղակի իմաստով ընկալելու դեպքում (որ իբրև թե չորս քերովբեներից որևէ մեկը զերծ չէր դեմք և թևեր ունենալուց) մի տեսակ ավելորդ ու անտեղի են թվում, որի պատճառով էլ Թարգումը դրանք թարգմանում է հետևյալ կերպ. «Եվ նրանց չորսի դեմքերն ու թևերն էլ նույնն էին», որը նույնպես ինքնին ակնհայտ է, ուստի և կարիք չկար, որ մարգարեն ավելորդ անգամ ասեր այդ մադին։ Պեշիթոն և Վուլգաթան էլ եբրայերեն «learbagtam» բառը (որ նշանակում է «նրանք չորսն էլ») թարգմանում են «նրանց չորս կողմում էլ», ինչը 6-րդ համարի հետ համեմատությամբ նոր գաղափար չի արտահայտում և միայն տեքստի մեջ է ներմուծում «կողմ» նոր հասկացությունը։ Ուստի լավ կլինի այս արտահայտության մեջ տեսնել եբրայերեն լեզվի յուրահատկությունը և Եզեկիելի համար սիրելի ոճի կիրառությունը։ Ինչ վերաբերում է քերովբեների դեմքերին և թևերին, ապա դրանք նույնն էին բոլոր չորսի համար էլ. նրանց թևերը դիպչում էին միմյանց: Այն բանից հետո, երբ մարգարեն 5-8-րդ համարներում խոսեց քերովբեների դեմքերի, թևերի, ոտքերի և ձեռքերի մասին, այժմ էլ ավելի մասնավոր ձևով նկարագրում է քերովբեների մարմնի ամենակարևոր մասերը՝ դեմքերը և թևերը. «Այս եղանակով մարգարեն քերովբեների մարմինների կազմվածքի բոլոր հատվածներից հատկապես ընդգծում է նրանց դեմքերը և թևերը, քանի որ դրանցում է առավելապես ի հայտ գալիս կյանքի ուժը, այդ «կենդանիների» էությունը (Գեֆերնիկ):
«Նրանց թևերը դիպչում էին մեկը մյուսին» - Այս արտահայտությունը, ըստ երևույթին, մատնացույց է անում յուրաքանչյուր առանձին վերցրած քերովբեի թևերի փոխադարձ շփումը, քանի որ տարբեր քերովբեների թևերի՝ միմյանց դիպչելու իրողությունը հարկ կլիներ ավելի մասնավոր ձևով հիշատակելու, այսինքն՝ այդ պարագայում պետք էր ասել, որ մի քերովբեի թևը դիպչում էր մյուս քերովբեի թևին։ Հասկանալի է նաև այն, թե ինչի պիտի հանգեցներ ամեն մի քերովբեի թևերի շփումը իրար հետ. այդ թևերը մեկը մյուսի հետ միանալով՝ ծածկում էին քերովբեի մարմինը, ինչն էլ խորհրդանշում է քերովբեների էության՝ մեզ համար լիակատար անհասանելիությունը, որը, այնուամենայնիվ, առավել նվազ անհասանելի է, քան Աստվածության անհասանելիությունը և, գուցե նաև առավել նվազ, քան սերովբեների անհասանելիությունը, որոնց նույնիսկ դեմքն էր անհասանելի մարդու աչքերի համար: Սակայն Վուլգաթան և գրեթե բոլոր մեկնիչները հակված են հավատալու, որ այստեղ մարգարեն խոսում է տարբեր կենդանիների (քերովբեների) թևերի շփման մասին, և նրանց այս տեսակետը զուրկ չէ հիմնավորումից։
«Նրանց թևերը» արտահայտությունը մարգարեի կողմից կարող էր կիրառվել՝ մատնանշելու համար բոլոր քերովբեների թևերը ամբողջությամբ վերցրած՝ առանց մեկի կամ մյուսի միջև որևէ տարբերակում մտցնելու, հետևաբար, այս հավասարազոր միության մեջ հնարավոր էր բոլոր անդամների հաղորդակցությունը միմյանց հետ։ Մարգարեն չի ասում, թե միայն քերովբեներից յուրաքանչյուրի (եբրայերենում դա կարտահայտվեր «լէիշ» բառով, ինչպես 11-րդ և 23-րդ համարներում է) թևերն են դիպչել միմյանց, այլ ասվում է, որ բոլոր քերովբեների բոլոր թևերն են դիպչել մեկը մյուսին: Համաձայն 11-րդ համարի՝ քերովբեների երկու թևերը բացված էին (այս թևերը կարող էին եզրերով դիպչել մյուս քերովբեների թևերին), իսկ երկու թևերն իջեցված էին (այս թևերն էլ կարող էին միմյանց դիպչել մարմնի վրա՝ ծածկելով այն)։ Տարբեր քերովբեների՝ իրենց թևերով միմյանց հետ փոխադարձ շփումն ու հաղորդակից լինելը
1) ուներ այն իմաստը, որ շնորհիվ թևերի նմանատիպ միացման բոլոր քերովբեներն ասես թե միևնույն ձգտումով ընթանում էին նույն ուղղությամբ և նույն արագությամբ։
2) Այդ պատկերը մարգարեին կարող էր հիշեցնել Սրբություն Սրբոցի քերովբեների՝ միմյանց դիպչող երկու թևերի մասին՝ այդպիսով Եզեկիելին ցույց տալ, որ իր տեսած այդ թևերի վրա, ինչպես որ Սրբություն Սրբոցի քերովբեների թևերի պարագայում էր, բնակություն էր հաստատել Աստծո փառքը՝ Շեխինան։ Քերովբեների թևերի այս նկարագրված դիրքն այնքան կարևոր էր, որ նույնիսկ քերովբեների շարժումը ենթակա էր նրանց այդ դիրքին և համապատասխանում էր դրան։ Թևերի այս դիրքավորվածությունը պահպանելու համար քերովբեներն «իրենց ընթացքի ժամանակ չէին շրջվում»։ Սակայն դա չէր խոչընդոտում նրանց տեղաշարժի ազատությանը, քանի որ, չորս դեմք ունենալով, քերովբեները մշտապես իրենց առջևի կողմով շրջված էին դեպի աշխարհի չորս կողմերից յուրաքանչյուրը և կարող էին ընթանալ ցանկացած ուղղությամբ՝ առանց շրջվելու դեպի այդ կողմերից որևէ մեկը, այլ ամեն մեկն իր դեմքի ուղղությամբ ընթանալով։ Այդպիսի ակնարկ են բովանդակում 3-րդ և 4-րդ համարները նախադասությունները նման կապ ունեն երկրորդի հետ. Բայց ինքնին մեծ նշանակություն ուներ այն հանգամանքը, որի մասին խոսում է համարի վերջին մասը։ Առեղծվածային կենդանիների համար ետ վերադառնալու հնարավորությունը լիովին բացառված էր հենց իրենց էության կառուցվածքով։ Նրանց կատարած յուրաքանչյուր քայլ առաջընթաց էր: Ինքն իրենով մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որի մասին խոսում է սույն համարի վերջնամասը։ Այդ առեղծվածային կենդանիների համար հետ վերադառնալու հնարավորությունը լիովին բացառված էր՝ հենց նրանց էության կառուցվածքով պայմանավորված։ Այդ էակների կատարած յուրաքանչյուր քայլ միայն ու միայն դեպի առաջ էր ուղղված: Նրանք ուղիղ գծով շարժվում էին միայն իրենց դիմաց, այլ ոչ թե շրջանցիկ կամ շրջանաձև ուղղություններով էին ընթանում։ Դա նշանակում էր, որ այս կենդանիների կերպարանքով ներկայացող հոգևոր ուժերը «երբևէ չէին ոգևորվում ու չէին նահանջում, այլ ուղղվում են մշտապես ավելի առաջ, դեպի առաջ» (Հերոնիմոս Երանելի): Վատիկանյան և մի շարք այլ հունարեն ծածկագրեր հանդես են գալիս 9-րդ համարի վերաբերյալ այնպիսի տարընթերցումով, որն այս համարի միջից վերացնում է այն բոլոր խոչընդոտները, որոնք դժվարացնում են այն ըմբռնելու գործը։ Մասնավորապես, այդպիսի մի տարընթերցում է հետևյալը. «Եվ նրանց չորսի դեմքերը չէին շրջվում, երբ նրանք քայլում էին. ամեն մեկն իր դեմքի ուղղությամբ էր գնում»։ Սակայն միգուցե այս ծածկագրերը «փորձում են օգնության հասնել Եզեկիելի կողմից որոշակիորեն անբնական ձևով արտահայտված գաղափարներին» (Կրեչմար)՝ այդ եղանակով ի չիք դարձնելով այս համարի անհարթությունը, երևակայական հակասություններն ու 11-րդ և 23-րդ համարների հետ համեմատությամբ առկա կրկնաբանությունները։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում:
(Արարատ թարգ․) Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։
(Գրաբար) և թևք չորեցունց ընդ միմեանս թևակից էին խառնեալ. և զերեսս իւրեանց ‘ի գնալն յետս ընդդէմ ո՛չ դարձուցանէին. իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: