Ա․ Լոպուխին
«Եվ երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը եղավ այնպես, որ երբ ես տարագիրների մեջ էի՝ Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները»։ (Սինոդական թարգ․)[1]
Աստծո Փառքի տեսիլքը քերովբեների մասին։
«Եվ» - Բացի Եզեկիել մարգարեի գրքից «և»-ով են սկսվում նաև Ելք, Հեսու Նավե, Հռութ, Դատավորներ, Թագավորություններ, Հովնան, Եսթեր, Ա Մակաբայեցիներ գրքերը: Այս իսկ պատճառով էլ հին ժամանակների հրեայի համար գրքերի շարադրանքը սկսելու նմանատիպ եղանակն այնքան անսովոր և տարօրինակ չէր, ինչպիսին որ մեզ համար է: Վերոնշյալ թվարկված գրքերի մեծ մասի պարագայում, սակայն, նմանատիպ «սկիզբը» որոշակիորեն բացատրվում է այն հանգամանքով, որ այդ գրքերն իրենց նախորդած գրքերի շարունակությունն են հանդիսանում։ Մինչդեռ ահա Եզեկիելի գրքի պարագայում խոսքը «և»-ով սկսելը հատկապես անսպասելի է։ Պետք է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ «և»-ն այստեղ դրված է ոչ միայն գրքի առաջին նախադասությունից առաջ, այլ նաև երկրորդ՝ բոլորովին անկախ այն նախադասությունից առաջ, որն առաջինին կապված է ժամանակային հաջորդականության առումով (հայերեն թարգմանության մեջ այդ երկրորդ «և»-ը թարգմանված է «երբ» բառով)։ Այսպիսով, գրքի լայն ընդգրկունության, սահընթացության և հանդիսավորության մասին հռչակելու նպատակով (ինչը խիստ կարևոր է յուրաքանչյուր գրքի սկզբնահատվածի համար) հեղինակը «և» շաղկապը զետեղում է ոչ միայն երկրորդ նախադասությունից, այլ նաև առաջինից առաջ։ Այսպիսի «և»-ը հունարենում նմանություն ունի «men» բառի, իսկ լատիներենում՝ «nam», «itaque» արտահայտությունների հետ։ Հետևաբար, ուրեմն, Եզեկիելի գրքի սկզբնահատվածում «և» շաղկապի կիրառությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ գրքի սկզբում ինչ-որ կորած հատված է եղել, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, մեկ այլ տեսիլքի պատմությունը (Spinoza Tract, theol.-pol. p. 10) կամ էլ որոշակի մի տեղեկություն մարգարեի կյանքի նախորդող շրջանի մասին (Clostermann, Ezechiel in Studien u. Kritiken 1877, 391 և այլ տեղերում):
«Երեսուներորդ տարում» - Եզեկիելն իր՝ մարգարեության կանչվելու տարին անվանում է «երեսուներորդ»՝ առանց նշելու, թե որ թվականից սկսած է հաշվում այդ երեսուներորդը։ Երկրորդ համարում, սակայն, մարգարեն լրացնում է այս անհասկանալի ամսաթվի մասին տեղեկությունը՝ նշելով, որ այդ երեսուներորդ տարին Հովակիմ թագավորի գերության 5-րդ տարին էր։ Այս առեղծվածային ամսաթվի վերաբերյալ կան նաև հետևյալ բացատրությունները.
1) Հին շրջանի հեղինակները (Որոգինես, Եփրեմ Ասորի, Գրիգոր Մեծը, մասամբ էլ՝ Հերոնիմոս Երանելին) այս թվագրության ներքո հասկացել են մարգարեի կյանքի 30-րդ տարին։ Այսպիսի ըմբռնումը հիմնավորվում է հետևյալ տեսակետով. «Եթե սա մարգարեի կյանքի 30-րդ տարին է, ապա Եզեկիելը մարգարեական ծառայության է կոչվել այն տարիքում, երբ այլ հանգամանքների պարագայում նա պետք է քահանայական օծում ստանար, ուստի այս երեսուներորդ տարում նա հոգևոր մկրտություն է ստանում մարգարեությա՛ն համար՝ որպես գերկատարյալ «փոխարինում» քահանայական կորուսյալ ծառայությանը» (Kretschmar, Das Buch Ezechiel 1900): Դա հենց այն կատարյալ տարիքն էր, որը, համաձայն Նախախնամության, անհրաժեշտ եղավ հենց Իրեն՝ Փրկչին, Իր ծառայությունը սկսելու համար: Սակայն եթե այս թվագրությունն իսկապես մարգարեի կյանքի 30-րդ տարվան էր վերաբերում, ապա նա պետք է ավելացներ «իմ կյանքի․․․» հատկորոշիչ արտահայտությունը:
2) Մյուսները (ինչպես օրինակ՝ Թարգումը և ռաբբիները) ենթադրում են, որ այստեղ հիշատակվող ժամանակագրությունը սկսվում է Հոսիայի 18-րդ տարով, երբ Երուսաղեմի տաճարում հայտնաբերվեց Օրենքի գիրքը և երբ հանդիսավորապես նշվեց երկար ժամանակ չտոնախմբված Պասեքը, մի ժամանակաշրջան, որը նշանավորեց հրեական թագավորությունների կրոնական-բարոյական վերածննդի սկզբնավորումը և այդպիսով նաև՝ համայն Իսրայելի ու նրա կյանքի նոր ժամանակաշրջանի սկիզբը: Եվ իսկապես, այդ իրադարձություններից մինչև Եզեկիելի մարգարեական կանչն ընկած միջանկյալ ժամանակահատվածը մոտավորապես 30-32 տարի էր։ Քանի որ Օրենքի գրքի հայտնաբերման տարում Աստված Հուլդամա մարգարեուհու միջոցով վերահաստատեց իր սպառնալիքները Հրեաստանի մոտալուտ աղետի վերաբերյալ, ուստի, համաձայն Թեոդորետոս Երանելու և մյուսների կողմից առաջ բերված տեսակետի, հենց այդ տարին էլ պետք է համարել բաբելոնյան գերության սկզբնավորման տարեթիվը, մանավանդ, որ ըստ Եզեկիելի մարգարեության 4-րդ գլխի վեցերորդ համարի՝ մարգարեի ծառայության կանչվելու տարում արդեն Հուդային մնացել էին գերության 40 տարիներ, հետևաբար Եզեկիելի մարգարեական կանչը տեղի ունեցավ գերության 30-րդ տարում։ Սակայն որքան էլ որ նշված իրադարձության հասարակական նշանակությունը կարող էր մեծ լինել, այնուամենայնիվ հրեաների կյանքում, անկասկած, եղել են նաև շատ ավելի կարևոր իրադարձություններ, մինչդեռ դրանք չեն վերածվել առանցքային նշանակություն ունեցող ժամանակաշրջանների, ինչպես օրինակ՝ տաճարի կառուցման իրադարձության պարագայում էր, և այդպես շարունակ։
«Չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը․․․» - Այն դեպքում, երբ մյուս մարգարեները նշում են միայն իրենց մարգարեական կանչի տարին (ինչպես օրինակ՝ Երեմիան), մյուսները սահմանափակվում են նշելով միայն այն թագավորությունների մասին, որոնց իշխանության օրոք իրենք ծառայության են կոչվել (ինչպես օրինակ՝ Եսային, Ամոսը և ուրիշներ), իսկ ոմանք ընդհանրապես չեն նշում իրենց գործունեության ժամանակը (ինչպես նաև վայրը, ինչպես օրինակ՝ Նավումը, Ամբակումը, Հովնանը), Եզեկիել մարգարեն, ի տարբերություն վերոնշյալ մարգարեների, տարվանից բացի հիշատակում է նաև իր մարգարեական կոչման ամիսն ու օրը։ Իսկ դրա պատճառն այն է, որ ուրիշ ոչ մի մարգարե նույնքան զարմանալի հանգամանքներում չի կանչվել իր ծառայությանը, ուստի և նույնիսկ իր կանչի օրը չէր կարող չտպավորվել Եզեկիելի հոգում: Եվ առհասարակ, «ուշ շրջանի աստվածաշնչյան հեղինակները ժամանակագրական առումով շատ ավելի մեծ հոգածություն են դրսևորում, քան դա անում էին հին շրջանի հեղինակները» (Gefernik, Commentar uber d. Pr. Ezechiel 1843):
Այսպիսով, մարգարեի կանչը տեղի ունեցավ Արևելքի ամառվա կեսին, որն աչքի էր ընկնում իր տապով, որը երբեմն ընդհատվում էր ավերիչ փոթորիկներով. մարգարեի տեսիլքը նույնպես փոթորկով սկսվեց:
«Երբ ես տարագիրների մեջ էի» - «և ես՝ գերիների մեջ»։ Օժանդակ բայը միտումնավոր է բաց թողնված՝ Նեեմիայի 1։1 մարգարեության հետ համեմատությամբ։ Սակայն բայի կիրառությամբ արտահայտությունը կարող էր ունենալ միայն որոշակի իմաստ. մարգարեն (տեսիլքի պահին) գերիների միջավայրում էր։ Ի դեպ, բոլոր տեղիներում, որոնցում մարգարեն հիշատակում է իր առաջին տեսիլքը, նա այն առնչում է այս գետին. ակնհայտ է, որ այստեղ նույնպես մարգարեն այս գետը համարում է ոչ միայն իր բնակության վայրը, այլև այն ներկայացնում է որպես իր տեսիլքի վայր։ Աստվածահայտնության և տեսիլքների դեպքեր բազմիցս տեղի են ունեցել գետերի ու ծովերի ափերին. Դանիելը երկու տեսիլք է տեսել գետերի ափերին, հայտնութենական-վախճանաբանական (ապոկալիպտիկ) տեսիլքները հայտնվել են բաց ծովում: Տեսիլքների հաղորդման տեղային առումով ջրերը կարող են մրցակցել լեռների գագաթների և անապատների հետ, որոնք տեսիլքների և աստվածահայտնության համար բնորոշ վայրեր էին. ջրի աղմուկի մեջ միշտ ինչ-որ մի խորհրդավոր ձայն է լսվում՝ Ամենակարողի ձայնը (Եզեկ․ 1։24 և այլ տեղիներ): Հնարավոր է, որ Եզեկիելը նույնպես 1-ին գլխի այս նկարագրվող հատվածում «նստել էր Քոբարի ափին՝ ջրերի աղմուկի մեջ վսեմագույն գաղափարների մասին խորհելով, գաղափարներ, որոնք վերաբերում էին թե՛ իր և թե՛ իր ժողովրդի սարսափելի ճակատագրին» (Կրեչմար): «Տարագիրներ» - եբրայեցերեն՝ «գոլա»։ Այս գոյականը, որը ծագում է ռուսերեն նույնահունչ և նույնանշանակ «голь» բառից («մերկանալ» - Ծննդոց 9:21 և այլ տեղիներ) գրական գործածության մեջ է մտել բաբելոնական գերության ընթացքում (Բ Թագ. 24:15)։ Այս մեկ բառով մարգարեն բավականաչափ դիպուկ նկարագրում է ինչպես իր կյանքի արտաքին պայմանները, այնպես էլ իր հոգեվիճակը։ Ի հակադրություն նոր շրջանի աստվածաշնչագետների (օրինակ՝ Stade, Gesch. d. v. Isr. II, 1-63) տեսակետի՝ Բաբելոնում հրեա գերյալների վիճակը, մանավանդ սկզբնական ժամանակաշրջանում, չէր կարող դժվարին չլինել. Քրտնաջան աշխատելու եղանակով միայն կարելի էչ ապրելու միջոցներ գտնել այնպիսի մի անծանոթ երկրում, որտեղ, անկասկած, ամենաանպետք և ոչ մեկին անհրաժեշտ չեղող հողակտորներն էին հատկացվում գերիներին։ Ուշադրության է արժանի այն իրողությունը, որ մարգարեն ասես անկարող է անվանապես հիշատակել իր բնակության վայրը, իր ապրած քաղաքը կամ գյուղը: Նա մատնացույց է անում միայն այն գետը, որի ափին ապրում էր հրեական այն համայնքը, որի ներկայացուցիչն էր ինքը՝ մարգարեն։ Ամենայն հավանականությամբ դա գերիների աշխատանքով ու քրտինքով բոլորովին վերջերս կառուցված մի աննշան բնակավայր էր, որը դեռ չէր հասցրել նույնիսկ անուն ձեռք բերել։ Իսկ ահա գալիք մարգարեական գալիք գործունեության համար Աստված Եզեկիելին որպես սկզբնական բնակատեղի է հատկացնում ոչ թե այս բնակավայրը, այլ Թել-Ավիվի մեկ այլ, հավանաբար ավելի նշանավոր և հարուստ մի բնակավայր (Եզեկ․ 3:15):
«Քոբարը» - (ըստ մասորեթական տեքստի՝ «Քեբար»), որն այստեղ հիշատակում է Եզեկիել մարգարեն, նախկինում նույնացվել է «Քաբոր» (Դ Թագավորաց 17։6) գետի հետ, որը հավանաբար եղել է Տիգրիսի վտակը, որի առափնյա շրջաններում էլ ասորեստանցի արքաները բնակեցրել են Իսրայելի թագավորությունից բերված գերիներին։
«Երկինքը բացվեց» - «Երկնքի բացվելը հասկացիր ո՛չ թե որպես երկնակամարի բաժանման հետևանք, այլ համաձայն հավատացյալի հավատքի՝ այն իմաստով, որ նրան բացահայտվել են երկնային խորհուրդները» (Հերոնիմոս Երանելի)։ Քոբարի տեսիլքի նկարագրությունից պարզ չէ, թե արդյո՞ք այդ տեսիլքի հայտնության ընթացքում երկինքը բացվել է ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի մկրտության ժամանակ, կամ էլ ինչպես սուրբ Ստեփանոսի, Պողոսի, Հովհաննես Աստվածաբանի աղոթքների արդյունքում։ Ավելի շուտ՝ այն մի երկնային տեսիլք էր, որը մարգարեին երևաց այս երկրի վրա։ Ճիշտ այդպիսին էին Եզեկիելի բոլոր տեսիլքները, որոնք իրենցից ներկայացնում էին երկնային տեսարաններ, սակայն իրականացած երկրի վրա (Եզեկ․ 8-9 և այլն): Այս արտահայտությունը բնութագրում է ոչ այնքան Քոբարի տեսիլքը, որը մարգարեն սկսում է նկարագրել միայն 4-րդ համարից, որքան մարգարեի ողջ գործունեության բնույթը։ Սկսելով մի գիրք, որը հատկապես աչքի էր ընկնում տեսիլքների առատությամբ՝ մարգարեն բնականորեն այդ մասին նախապես պիտի տեղեկացներ իր ընթերցողին և պիտի հատկանշեր, թե երբվանից էր սկսվել տեսիլքների այդ շարքը և երբ էր երկինքը բացվել իր առջև։ Այս արտահայտության կիրառության սույն իմաստն ու նպատակը հաստատվում է հետևյալ նախադասությամբ՝ «և ես տեսա Աստծո տեսիլքները», որում կիրառվող հոգնակի ժամանակը ցույց է տալիս, որ մարգարեն այստեղ խոսում է իր բոլոր տեսիլքների մասին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի: Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ:
(Արարատ թարգ․) Եվ երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրը եղավ, երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։
(Գրաբար) Եւ եղև յամին երեսներորդի, յամսեանն չորրորդի, որ օր հինգ էր ամսոյն. և էի ես ‘ի մէջ գերութեանն առ ափն Քովբար գետոյ. և բացան երկինք, և տեսի զտեսիլ Աստուծոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: