Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից բարձրացավ ու կանգնեց այն լեռան վրա, որ քաղաքի արևելքում էր»։ [23] (Սինոդական թարգ․)
Քաղաքի արևելքում գտնվող լեռը Ձիթենյաց լեռն է, որն այդ անվանումով է կոչվում Բ Թագ․ 15:30-րդ, Զաք․ 14:4-րդ համարներում։ Այդ լեռն ունի 818 մետր բարձրություն և քաղաքում բարձր դիրք է զբաղեցնում։ Համաձայն Զաքարիայի վկայության՝ Աստված այդ լեռան վրայից է դատաստան բերելու ամբարշտության դեմ և փրկելու է Իր ժողովրդին։ Այդ լեռան վրա Փրկիչը հայտնեց Իր փառքը։ Տիրոջ փառքը ուղիղ գծով ընթանում է դեպի արևելք՝ Սրբություն Սրբոցից «ուղևորվելով» տաճարի մուտքի, արևելյան դարպասի և արևելյան լեռան «միջով»՝ անշուշտ, առանց դրանք շրջանցելու կարիքը զգալու: Այդ լեռը գտնվում էր հորիզոնի գծի վրա և, այս լեռից սկսած՝ մարգարեն այլևս անկարող էր հետևել Տիրոջ փառքի շարժմանը, այլ կարող էր միայն ենթադրել, որ այն ընթանում էր դեպի էլ ավելի արևելք, որպեսզի հետագայում՝ ժամանակների վախճանին, այնտեղից վերադառնար դեպի խորհրդավոր տաճարը։ (Եզեկ․ 43:2): Իսկ թե ինչո՞ւ Տիրոջ փառքը կանգ առավ հենց Ձիթենյաց լեռան վրա, այդ մասին տարատեսակ ենթադրություններ են արվում։ Ձիթենյաց լեռը գտնվում էր քաղաքային շրջանի ծայրամասային (արևելյան) հատվածում, ճիշտ այնպես, ինչպես տաճարի արևելյան դարպասը, որի մոտ էլ տեղի էր ունեցել Տիրոջ փառքի նախավերջին կանգառը և այդ դարպասն էլ իր հերթին գտնվում էր տաճարի ծայրամասային (անկյունային) հատվածում։ Թե՛ այստեղ, և թե՛ այնտեղ Տիրոջ փառքի այս կանգառը կարող էր նշան լինել Տիրոջ առջև ծառացած այն «դժվարության», որը Նա կրում էր Սիոնի իր դարավոր բնակավայրից հեռանալու կապակցությամբ: Սա շատ ավելի հավանական ենթադրություն է, քան այն տեսակետը, համաձայն որի՝ Աստված ցանկանում էր լեռան վրայից դիտել քաղաքի այրվելը (նկարագրության ընթացքից ենթադրելի է, որ այդ պատիժն արդեն իսկ իրագործված էր) կամ էլ թե՝ ցանկանում էր մնալ այդ լեռան վրա՝ մինչև նոր տաճար վերադառնալը (այդքան մոտ մի վայր տեղափոխվելը չէր կարող այդքա՜ն դժվարընթաց և հանդիսավոր լինել)։ Մյուսները ենթադրում են, որ այս լեռան վրայից էր, որ Տիրոջ փառքը պիտի բարձրանար երկինք, իսկ ահա րաբբիներն էլ ասում են, որ Շեծխինան երեք ամիս մնաց այդ լեռան վրա՝ ժողովրդին ապաշխարության կանչելով, սակայն՝ ապարդյուն (Սթենլի, Պաղեստին, էջ 186):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ու Տիրոջ փառքը քաղաքի միջից վեր բարձրացաւ, կանգ առաւ այն լերան վրայ, որ քաղաքի դիմացն էր:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից վերև բարձրացավ ու կանգնեց այն սարի վրա, որ քաղաքի արևելքում էր։
(Գրաբար) Եւ ամբարձան փառքն Տեառն ‘ի միջոյ քաղաքին. և կացին ‘ի վերայ լերինն որ էր յանդիման քաղաքին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: