Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։3

Ա. Լոպուխին

«Ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Մի մեծ արծիվ՝ մեծ թևերով, երկար փետուրներով, փափկամազ, խայտաբղետ, թռավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը»»։[3] (Սինոդական թարգ․)
   

   Արծիվը, որը դեռևս պարսիկների շրջանում համարվում էր թռչունների արքան (Կիրոպեդիա, I, 7), թագավորի լավագույն խորհրդանիշն է և Աստվածաշնչում հաճախ ծառայում է որպես հատկապես նվաճող-թագավորի խորհրդանիշ (արտացոլելով արծվի գիշատչության և արագասլացության հատկորոշիչները; Բ Օրին․ 28:49, Օս․ 8:1, Ամբ․ 1:8, Ես․ 46:1, որոնցում ներկայացվում է Կյուրոսի պատկերը)։ Արծիվը մասնավորապես Նաբուգոդոնոսորի խորհրդանիշն էր (Եր․ 48:40, 49:22): Ահա թե ինչու Եզեկիելի մարգարեության մեջ Նաբուգոդոնոսորի համեմատությունն արծվի հետ ինքնին ենթադրելի էր։

   «Մեծ արծիվ» - միգուցե այստեղ ակնարկվում է Բաբելոնական թագավորի տիտղոսը (Ես․ 36:4 հմմտ․ Եզեկ․ 26։7

   «Մեծ թևերով, երկար փետուրներով (սլավոներենում՝ «լայնատարած»), փափկամազ (սլավոներենում՝ «առանց մերկության»), խայտաբղետ» - սրանք բնորոշիչ գծեր են, որոնք ծառայում են արծվին իր ողջ շքեղությամբ ներկայացնելու գործին և որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող է և այլաբանական որևէ նշանակություն չունենալ, բայց նաև այդ առանձնահատկությունները կարող են խորհրդանշել հետևյալը․ մեծ թևերը ցույց են տալիս հսկայական տիրապետության ծավալը, թավ փետուրները խորհրդանշում են ենթակա ժողովուրդների բազմությունը, իսկ ահա խայտաբղետությունը խորհրդանշում է ազնվականներին հատուկ գույնզգույն հագուստները:

   «Թռավ Լիբանան» - հնարավոր է, որ այստեղ մատնանշվում է Պաղեստինի լեռնային բնությունը, իսկ ահա Լիբանանի լեռներն էլ ավելի կատարյալ են դարձնում պատկերը. բացի այդ, Լիբանանով է անցել Բաբելոնից դեպի Երուսաղեմ տանող ռազմական ճանապարհը։ Ոմանք էլ կարծում են, որ Լիբանանը հիշատակվում է որպես մայրի ծառի (եղևնու) «ծննդավայր» և կիրառվում է որպես այդ ծառատեսակի մակդիր։ Մայրին կերպավորում է Հուդայական թագավորությունը՝ գուցե և ակնարկելով Երուսաղեմի մայրու պուրակների մասին (12-րդ համար)։

   «Կատարը» - սլավոներենում՝ «ընտրյալներին»։ Ինչպես պարզ է դառնում 4-րդ և 12-րդ համարներից՝ Հեքոնիայի հեռ գերեվարվածները թագավորության լավագույն մարդիկ էին։ Հատկանշական է, որ շատ մեծ թռչուններ նմանատիպ արկածախնդրությամբ են զբաղվում՝ պոկելով ծառերի կատարները (Սմենդ):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով, մագիլներով լեցուն: Մտածեց Լիբանան մտնել, ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
(Արարատ թարգ․) Ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Մի մեծ արծիվ՝ երկու մեծ թևերով, երկար փետուրներով, լի գույնզգույն, բարակ փետուրներով, եկավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը,
(Գրաբար) եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր.Արծուին մեծ՝ մեծաթև՛ երկայնատարած՝ լի՛ լիամագիլ որ խորհեցաւ մտանել 'ի Լիբանան, և ա՛ռ զընտիր ընտիր մայրիցն.