Ա. Լոպուխին
«Ինչո՞ւ եք դուք Իսրայելի երկրում օգտագործում այս առածը՝ ասելով. «Հայրերը թթու խաղող կերան կերան, բայց երեխաների ատամներն են սրթսրթում»։ [2] (Սինոդական թարգ․)
«Հայրերը թթու խաղող կերան կերան, բայց երեխաների ատամներն են սրթսրթում» - մի այսպիսի ասացվածք էլ հիշատակում է Երեմիա մարգարեն (Երեմ․ 31:29 հմմտ․ Ողբ 5։7): Ներկայումս էլ Սիրիայում շատ մեծ քանակությամբ չհասած խաղող են ուտում (Դելիչ, Hiob XV, 33): Ատամների սրթսրթոցը ի հայտ է գալիս թթու պտուղները ճաշակելուց անմիջապես հետո և իսկույն էլ անհետանում է, հետևաբար, միանգամայն անհեթեթ (adductio ad absurdum) կլիներ ենթադրելը, որ այն փոխանցվում է հայրերից՝ իրենց երեխաներին: Մինչդեռ այն ժամանակվա հրեաների կարծիքով՝ Յահվեի գործողությունները, որոնք հիշատակված են այս առածում, ասել է թե՝ Յահվեի կողմից Հրեաստանի այդ ժամանակվա բնակիչներին իրենց հայրերի մեղքերի պատճառով պատժելը տվյալ ժամանակաշրջանում պատուհասած աղետներով տեսքով, այդ ամենը նման է ատամների սրթսրթոցի ժառանգաբար փոխանցմանը։ Դժվար չէ կռահել, թե ինչպես կարող էր առաջանալ այս ասացվածքը, որն ինքնին կասկածի տալ է դնում Աստծո արդարությունը և ժառանգներին մի յուրատեսակ ինքնագոհացում է պարգևում՝ ժամանակակից բոլոր պատուհասներն իրենց նախնիների վրա բարդելու միջոցով: Առածի համար տեսանելի հիմքեր կարելի է գտնել նաև Սուրբ Գրքում. Աստված Մովսեսին ասում է, որ Նա երեխաներին պատժում է իրենց հայրերի մեղքերի համար՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը (Ելք 20:5, Ղևտ․ 26:39, 40), սակայն չի կարելի աչք փակել հետևյալ կարևորագույն հավելումի վրա, ըստ որի՝ խոսքը նրա՛նց մասին է, ովքեր «ատում են Աստծուն», ինչը քերականական կառուցվածքի առումով հնարավորություն է տալիս այդ արտահայտությունը կիրառելի համարել ինչպես երեխաների, այդպես էլ հայրերի նկատմամբ: Եվ այդպիսով, ամբարիշտ Մանասեից սկսած մինչև 3-րդ և 4-րդ սերունդները (Հովաքազ, Հեքոնիա, Սեդեկիա՝ Մանասեի թոռներն ու ծոռները) բոլորն էլ պատժվում են։ Նույնիսկ Հոսիան, չնայած իր բարեպաշտությանը, տխուր վախճանի է արժանանում Մեգիդոյի ճակատամարտում։ Մարգարեները նույնպես հայտարարեցին, որ Մանասեի մեղքերի պատճառով Տերը երես կթեքի Հուդայից (Դ Թագ․ 24:3; Երեմ․ 15:4)։ Եվ իսկապես որ, Մանասեի ժամանակներից ի վեր Հուդայի վիճակն ավելի ու ավելի վատթար է եղել՝ չնայած Յահվեի բարկությունը մեղմացնելու որոշակի ջանքերին (հմմտ․ Երեմ. 44:18, 14:20, 18:12):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայէլացիներիդ մէջ, թէ՝ «Հայրերն ազոխ են կերել, զաւակների ատամներն է առել»:
(Արարատ թարգ․) «Ի՞նչ նշանակություն ունի այն առածը, որ դուք ասում եք Իսրայելի երկրի վերաբերյալ. Հայրերն ազոխ կերան, բայց որդիների ատամներն առան»։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ զի՞նչ է ձեզ առակդ այդ՝ ‘ի մէջ որդւոցդ Իսրայէլի զոր ասեն. թէ հարք ազո՛խ կերան, և որդւո՛ց ատամունք առան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: