Եզեկիելի մարգարեության մեկնություն 2։4

Ա․ Լոպուխին

«Եվ այդ որդիները պնդերես ու խստասիրտ են. Ես քեզ նրանց մոտ եմ ուղարկում, և դու նրանց կասես. «Այսպես է ասում Տեր Աստված»։(Սինոդական թարգ․)[4]

   

   Իսրայելի համառությունն ասես թե գնալով ավելի խորացավ սերունդների երկարաձիգ հերթափոխի ընթացքում, և ներկայիս («այդ որդիները») սերնդի դեմքը կորցրել է կարմրելու և ամոթխած վիճակում հայտնվելու իր «ունակությունը», ու այդ սերնդի ներկայացուցիչների սրտին հավատքի բերելը բոլորովին անհնարին է դարձել:

   «Նրանց կասես. «Այսպես է ասում․․․», այսինքն՝ «դու մարգարե պիտի լինես, որն Աստծո բերանն ​​է»։ «Այսպես է ասում Տեր Աստված», նույն Ինքը՝ Ադոնայ Յահվեն։ Եզեկիելի մարգարեության եբրայեցերեն բնագրում Աստծո այս կրկնակի անունն օգտագործվում է 228 անգամ, մինչդեռ պարզապես «Տեր» (Յահվե) անունը գործածվում է 218 անգամ։ Շատ դեպքերում դժվար է ասել հենց այս, և ոչ թե մեկ այլ անվան կիրառության պատճառը։ Թվում է, թե կրկնակի անունը պետք է կիրառվեր համեմատաբար ավելի հանդիսավոր առիթներով, սակայն, ինչպես որ երևում է, այդ տեսանկյունից գրչագիրներն այստեղ իրենք իրենց ազատություն են շռայլել։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ում մօտ որ ես քեզ ուղարկում եմ՝ պնդերես ու խստասիրտ որդիներ են. կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը»:
(Արարատ թարգ․) Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. Այսպես է ասում Տեր Աստված։
(Գրաբար) Որդիք եղջերիկք և խստասիրտք են առ որս առաքեմն զքեզ, և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր․