Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[1] (Սինոդական թարգ․)
Երուսաղեմի մեղքերը։ Մարգարեն բազմիցս արդեն խոսել է այս մեղքերի մասին, որոնք այժմ պատճառ են դառնում Հուդայի թագավորության կործանման համար։ Այդ մեղքերից գլխավորը կռապաշտությունն էր՝ Իսրայելի այս պատմական մեղքը (16-րդ և 20-րդ գլուխներ), մասնավորաբար՝ բարձունքներում մատուցած պաշտամունքները (6-րդ գլուխ) և հեթանոսական պղծություններով տաճարի պղծումը (5-րդ, 8-րդ գլուխներ)։ Սրան գումարվեց նաև Սեդեկիայի դավաճանությունը (17-րդ գլուխ) և Երուսաղեմում մնացած հրեաների կողմից գերիներին հասցվող տարաբնույթ վիրավորանքներն ու նրանց նկատմամբ ցուցաբերվող արհամարհական վերաբերմունքը (11:15-րդ համար): Ընդհանուր առմամբ, Երուսաղեմում մնացած այդ հրեաները, մարգարեի կարծիքով, շատ ավելի վատն էին, քան իր հետ գերության մատնվածները (14:21-րդ, 11:16-րդ, 16:21-րդ համարներ և դրանց շարունակությունը). նրանց կողմից գործադրվող բռնությունն ու արյունահեղությունը հանգեցրին գոյություն ունեցող բոլոր տեսակի փոխհարաբերությունների ամբողջական խեղաթյուրմանը (7:12-րդ, 8:17-րդ, 9:9-րդ, 11:6-րդ համարներ և դրանց շարունակությունը): Արդեն այստեղ՝ գրքի առաջին մասի վերջնահատվածում, մարգարեն ևս մեկ անգամ ի մի է հավաքում իր բոլոր մեղադրանքները՝ ուղղված քաղաքում մնացածների դեմ, որոնք մշտապես և ամենուր հակառակվել են Աստծո կամքին ու պղծել են Սուրբ Երկիրը։ 18-րդ գլխում տեղ գտած մեղքերի թվարկումը դարձյալ ի հայտ է գալիս արդեն այստեղ՝ զգալիորեն ընդարձակված տարբերակով (2-16-րդ համարներ), իսկ ահա գլխի երկրորդ մասում ցույց է տրվում քաղաքի կատարյալ այլասերվածությունը, որ տեղ էր գտել այնտեղ բնակվող մարդկանց առանձին դասերի մեջ․ նախ կիրառվում է ձուլման հնոցի հետ համեմատությունը (17-22-րդ համարներ), իսկ այնուհետև միևնույն գաղափարն արտահայտվում է ուղղակի խոսքի միջոցով (17-31-րդ համարներ): Գլխի կազմությունը ժամանակային առումով ընկնում է դատաստանի սկսվելուց անմիջապես առաջ (14-րդ համար), երբ Հուդայի ծայրամասային քաղաքների բնակիչներն իրենց մոտեցող թշնամուց արդեն իսկ փախչում էին դեպի Երուսաղեմյան ամրոցի պարիսպները (19-րդ համար և շարունակությունը)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: