Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։22

Ա. Լոպուխին

«Ուստի, ո՛վ Օղոլիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա, Ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զզվանքով հեռացել է, և նրանց քո դեմ եմ բերելու բոլոր կողմերից»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   Օղոլիբայի պատիժը նույնն է, ինչ նրա քրոջ պատիժը (9-րդ համար), չնայած որ Օղոլիբայի վարքուբարքն ավելի վատթար է: Որպես պատժի գործիք են ծառայելու այն նույն գործիքները, որոնք գործադրվել են որպես մեղքի գործիքներ. սա է պահանջում Աստծո արդարությունն ու բարկությունը: Չնայած որ 16:37-րդ համարում պոռնիկի՝ Երուսաղեմի հանդեպ դատաստանն իրականացվում է նրա՛նց ներկայությամբ, ում այդ պոռնիկը սիրում կամ ատում էր, այստեղ արդեն դատաստանը գործադրողները նրա այն նույն սիրեկաններն են, որոնցից նրա հոգին զզվանքով հեռացել էր և որոնք այդ վիրավորական «հեռացումի» պատճառով էլ առավել դաժանաբար պիտի գործեն. նրանք, անշուշտ, դատաստանը կիրականացնեն՝ առանց որևէ կարեկցանք ցուցաբերելու:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ,
(Արարատ թարգ․) Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝
(Գրաբար) Վասն այնորիկ Ո՛ողիբա՝ այսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես յարուցից ‘ի վերայ քո զհոմանիսն յորոց յափրացա՛ւ անձն քո, և ածից պատեցից զնոսա զքև: