Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։4

Ա. Լոպուխին

«Նրանց անուններն էին․ մեծինը՝ Օղոլա, իսկ նրա քրոջը՝ Օղոլիբա։ Եվ նրանք Իմն էին, և ծնեցին որդիներ ու դուստրեր, և կոչվեցին՝ Օղոլան՝ Սամարիա, իսկ Օղոլիբան՝ Երուսաղեմ»։ [4] (Սինոդական թարգ․)

   

   Օղոլա և Օղոլիբա քույրերի անունները նախկինում թարգմանվում էին առաջինը՝ որպես «նրա խորանը», իսկ երկրորդը՝ «իմ խորանը նրա մեջ», և այդ անունների հիշատակությամբ մատնացույց էր արվում այն, որ քանի դեռ Իսրայելի թագավորությունը պաշտամունք էր մատուցում օտար աստվածներին և նրանց համար խորաններ էր կառուցում բարձունքների վրա (Եզեկ․ 16:16), այդ ժամանակահատվածում Հուդայի թագավորությունն ուներ իր օրինական տաճարը, որը փոխարինում էր Երուսաղեմում գտնվող հին խորանին: Սակայն ավելի ուշ շրջանի մեկնիչներն իրենց ուշադրությունը սևեռեցին այն հանգամանքի վրա, որ նմանատիպ բացատրությունը չէր կարող համադրելի լինել Եզեկիելի այն տեսակետի հետ, համաձայն որ՝ Հուդայի թագավորությունն Իսրայելի թագավորությունից էլ ավելի մեծ հակում ուներ դեպի կռապաշտությունը (Եզեկ․ 16:46-47): Բնականաբար, մարգարեն նպատակ էր հետապնդում քույրերի անունների միջոցով միատեսակ պատգամներ փոխանցել. եթե ավագ քրոջ անունը վկայում է նրա գործած մեղքի մասին, ապա կրտսեր քրոջ անվան հիշատակությամբ այլօրինակ ցուցում չէր կարող բովանդակվել։ Հետևաբար, միօրինակ ցուցումներ «ստանալու» համար նորագույն շրջանի մեկնիչներն առաջարկում են այդ անունների մեջ «ի» - «խիրեկ» ձայնավորը չհամարել որպես «իմ» դերանուն, այլ եբրայեցերեն քերականական արտահայտչամիջոցներից մեկի՝ «status constructionis»-ի հնագույն ձևի մի դրսևորում։ Այսպիսի «խիրեկ»-ը կոչվում է «chirek compaginis»։ Այն առկա է «Եփսիբա» (Դ Թագ․ 21:1) անվան մեջ, որ նշանակում է «ընդունելի», «հաճելի»: Այս պարագայում Օղոլիբան կունենա այն նույն իմաստը, ինչ Ծննդոց 26:2-րդ համարի «Օղոլիբամա»-ն, որ նշանակում է «խորան բարձունքի վրա»; Իսկ եթե նման կրճատ տարբերակը կարող է կասկածելի թվալ, ապա «Օղոլիբա»-յի պարագայում ավելի հիմնավոր կարող է լինել «խորանը (այսինքն՝ հեթանոսական խորանները)՝ նրա մեջ», իսկ «Օղոլա»-յի դեպքում՝ «նրա խորանը» մեկնողական թարգմանությունները։ Արևելքում երեխաներին հաճախ նմանահունչ անուններ էին տալիս (Էվալդը հիշատակում է Ալիսի որդիների՝ Ազանի և Ուզենի անունները): Եղկանայի օրինակը ցույց է տալիս, որ սովորական կարգավիճակ ունեցող իսրայելացու համար բնական էր 2 կին ունենալը։ Իսկ Հակոբի օրինակն էլ ցույց է տալիս, որ մեկի համար կին էին լինում նաև երկու քույրերը (սրա վերաբերյալ սահմանափակում է տրվում Ղևտ․ 18։18-րդ համարում): Հիշատակելի է նաև այն (Skinner, Expositor Bible 1895, 191), որ «Օղոլա» անունն ունի նույնքան բաղաձայններ, որքան Սամարիան, իսկ Օղոլիբան՝ այնքան, որքան Երուսաղեմը: Համարի երկրորդ կեսն այն միտքն է հաղորդում, որ քույրերը «Սամարիա» և «Երուսաղեմ» սկսեցին կոչվել դեռևս Քանանում եղած ժամանակ (հնարավոր է, որ նրանք ամուսնությունից կամ երեխաների ծնվելուց հետո երբեմն փոխում էին իրենց անունները):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա: Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Շամրինինը՝ Ոողա, Երուսաղէմինը՝ Ոողիբա:
(Արարատ թարգ․) Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողա և նրա քրոջը՝ Ոողիբա։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։
(Գրաբար) Անուն դստերն երիցու Ոողա, և քե՛ռ նորա Ոողիբա. և եղեն ինձ՝ և ծնան ուստերս և դստերս, և անուն նոցա՝ անուն Շամրնի Ոողա, և Երուսաղեմի Ոողիբա: