Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։1

Ա. Լոպուխին

1-2. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] «Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Տյուրոսի վրա»։ (Սինոդական թարգ․)
   

    Ողբ Տյուրոսի համար։ Տյուրոսի կործանումն այնքան միանշանակ է մարգարեի համար, որ նա արդեն իսկ կարող է նրա վրա սգո ողբ անել։ Այս ողբը պակաս անկեղծ չէ, քան 19-րդ գլխում տեղ գտած սուգն Իսրայելի իշխանների վրա, քանի որ Տյուրոսը նույնպես, իր տեսակի մեջ, Աստծո ընտրյալն էր (28:12-14), իսկ յուրաքանչյուր մեծության ոչնչացումն էլ չի կարող ափսոսանք չառաջացնել: Տյուրոսին ներկայացնելով որպես թագավորական մեծասքանչությամբ զարդարված այն նավերից մեկը, որոնցով լեցուն էր քաղաքի նավահանգիստը, մարգարեն Տյուրոսի կործանումը պատկերում է ծովում խորտակվող այդ «նավ»-ի կերպարի ներքո։ Արդյունքում ստացվում են այս մարգարեական խոսքը բովանդակող երկու տարբեր հատվածներ՝ նավի (3-9-րդ համարներ) և դրա խորտակման (24-36-րդ համարներ․ այս երկրորդ մասը նախորդից կրկնակի երկար է, քանի որ Տյուրոսի կործանումը մարգարե համարում գլխավոր տեղում է․ 24-31-րդ համարներում նկարագրվում է բուն կործանումը, իսկ 32-36-րդ համարներում՝ այն տպավորությունը, որն առաջանում է այդ կործանման արդյունքում) նկարագրությունը։ Վերոնշյալ երկու հատվածներն ընդմիջարկվում են 10-23-րդ համարների շրջագծում եղող մի հատվածով, որում մարգարեն զետեղել է իր համեմատությունը և Տյուրոսի հարուստ շուկայի նկարագրությունը: Սույն գլուխը համարվում է մարգարեության մեջ տեղ գտած ամենագեղարվեստական գլուխներից մեկը։ Խոսքը հատկապես գլխի 1-ին և 3-րդ հատվածների մասին է, որոնք ունեն նաև բանաստեղծական, մասնավորապես՝ երկտողյա կառուցվածք, ինչպես օրինակ. «Ո՛վ Տյուրոս, դու ասում ես. «Ես գեղեցկության կատարելությունն եմ»։ Նաև՝ «Քո սահմանները ծովերի սրտում են. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը», և այդպես շարունակ։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.