Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։24

Ա. Լոպուխին

«Եվ Հոգին մտավ իմ մեջ և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, և Նա խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛ և փակվի՛ր քո տանը»։ (Սինոդական թարգ․)[24]
   
   Աստված մարգարեին տալիս է ամենաանսպասելի և նույնիսկ հենց իր՝ մարգարեի համար (ի դեպ, հենց մարգարեն էր Աստծո մի նոր հայտնություն պահանջել)  տարօրինակ թվացող հրահանգներ իր գործունեության մեջ առաջին քայլերը կատարելու համար: Եզեկիելն իր մեծանուն նախնիների նման չպիտի քայլի արահետներով ու փողոցների միջով՝ սպառնալից ելույթներ հնչեցնելով, իր այդ խոսքերը չպիտի հասցնի ազնվականների և աղքատների տները, այլ պետք է հանգիստ նստի իր տանը։ Այն, որ «փակվի՛ր քո տանը» խոսքը պետք է հասկանալ հենց այս վերոնշյալ իմաստով, և ոչ թե նեղ ու կամայական նշանակությամբ, մեզ համար ակնհայտ է դառնում 8:1-ին և 13:1-ին համարներից ու անմիջապես այս հրահանգին հաջորդող խորհրդանշական չորս գործողություններից, որոնք իմաստ կունենային, եթե տեսանելի լինեին առնվազն գոնե մարգարեի պատահական ունկնդիրների կողմից։ Մարգարեի «տնային կալանքը» պետք է ունենար տևողություն, որը մատնանշված է 27-րդ համարում՝ ճիշտ այնպես, ինչպես նրա լռությունը, և ինչպես նրա այդ լռությունը, «տնային կալանքը» նույնպես չէր կարող անվերապահորեն ընդունվել: Այս կերպ կարելի էր ստուգել, ​​թե ինչպես կվարվեին մարգարեի հայրենակիցները նրա նկատմամբ: Հերոնիմոս Երանելին մարգարեի՝ կապանքների ենթակա լինելու մեջ (25-րդ համար) տեսնում է արդեն իսկ առաջին խորհրդանշական գործողությունը, որը մատնացույց էր անում Երուսաղեմի պաշարումը: Սակայն ինչպես երևում է 3։26-27-րդ համարներից, 1-3-րդ գլուխներն ամբողջությամբ՝ որպես գրքի ներածություն, առհասարակ նվիրված են մարգարեի՝ մարգարեական ծառայությանը կանչվելու նկարագրությանը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց: Խօսեց հետս ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։
(Գրաբար) Եւ եկն ‘ի վերայ իմ Հոգի, և կացոյց ‘ի վերայ ոտից իմոց. և խօսեցա՛ւ ընդ իս՝ և ասէ. Մո՛ւտ և արգելի՛ր ‘ի մէջ տան քոյ։