Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։4

Ա. Լոպուխին

«Դու էլ պառկի՛ր քո ձախ կողքի վրա և դրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես դրա վրա, դու պիտի կրես նրանց անօրենությունը»։ (Սինոդական թարգ․)[4]

   
   Սույն խորհրդանշական գործողությունը բովանդակում էր մարգարեի՝ մի կողքի վրա պառկած շարունակական, ամբողջ ամիսներ ձգվող վիճակը (սակայն դա երազային մի վիճակ չէր, որովհետև իր այդ պառկելու ընթացքում մարգարեն պետք է առաջ պարզած ձեռքով մարգարեանար Երուսաղեմի դեմ, որը պատկերված էր աղյուսի վրա (7-րդ համար), այս իսկ պատճառով էլ սլավոնական թարգմանությունը ճշգրիտ չէ՝ ի հակադրություն եբրայեցերեն և հունարեն տեքստերի, որոնցում ասվում է՝ «քնի՛ր»)։ Այդ քունը, ակնհայտորեն, շարունակական պիտի լիներ և, հետևաբար, հատկապես դժվարակրելի, որովհետև դա կարող էր ուղեկցվել ա՛յն կողմի ցավոտ թմրությամբ, որի վրա մարգարեն պառկած էր լինելու: Այսպիսով, այդ խորհրդանշական գործողությունը, լինելով ոչ այնքան զարմանալի, որքան նախորդ մարգարեների խորհրդանշական գործողություններն էին, ինչպիսին էին օրինակ՝ մերկ քայլելը, լուծ կրելը կամ պոռնիկի հետ համատեղ ապրելը, այդուամենայնիվ, դրանցից ոչ պակաս ավելի տպավորիչ էր, զորավոր՝ հենց իր ներքին ուժով. մարգարեն այստեղ մեծապես չարչարվեց ողջ ժողովրդի համար՝ այլաբանորեն խորհրդանշելով Քրիստոսի տառապանքներն աշխարհի համար: Եզեկիել մարգարեի հիշատակությանը նվիրված ծիսական գրություններից մեկում հենց այս գաղափարն է հիմնաքարային համարվում մարգարեի պառկած վիճակի մեկնաբանության վերաբերյալ.․․ Այդ պառկած վիճակը նշանակում էր պաշարվածների և գերիների գործողությունների միջև ցավալի կապը․ դա նմանվում էր շղթայվածների և հիվանդների գործողություններին, ու մարգարեն այդպիսով ցանկանում է հաղորդել, որ Երուսաղեմի կործանումը, ա՛յն Երուսաղեմի, որը որպես սրբավայր թե՛ Իսրայելի և թե՛ Հուդայի թագավորությունների ճշմարիտ գլուխն էր, ամբողջ ժողովրդի չարության հետևանքն էր, որը իբրև պատիժ պատուհասելու էր ինչպես Իսրայելի թագավորության, այդպես էլ Հուդայի թագավորության ժողովուրդներին: Ձախ կողմը ցույց է տալիս Իսրայելի թագավորությունը, որը ներկայացվում է կա՛մ ավելի ցածր դիրքում, քան Հուդայի թագավորությունն էր, կա՛մ որպես հյուսիսային, ձախ կողմում ընկած երկիր՝ եթե դեմքով կանգնենք դեպի Արևելք:

   «Դրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը» - «Դրա վրա», ասել է թե՝ «ձախ կողքի վրա»։ «Դի՛ր» - բառացիորեն՝ «վերցրո՛ւ»։ «Իսրայելի տան անօրենությունը» - Այստեղ մեղքը ներկայացվում է որպես բեռ, որը պետք էր կրել (Ղևտ. 5:17 և այլ տեղիներ) այնքան ժամանակ, քանի դեռ այն չէր քավվել (Թվ. 14:34)։ Այս իսկ պատճառով էլ մեղքը կրելը դառնում էր դրա հաուցվող պատիժը (Եզեկ․ 21:30 և այլ տեղիներ)։ Հնարավոր էր նաև, որ այդ մեղքը մեկը կրեր մեկ ուրիշի փոխարեն, ինչպիսին որ Յահվեի ծառայի տառապանքն էր՝ նկարագրված Եսայու մարգարեության 53-րդ։ Սակայն այդ պարագան չի վերաբերում Եզեկիելին. նա մեղքը կրում է միայն խորհրդանշական կերպով՝ որպես նշան այն բանի, որ Իսրայելն ու Հուդան պետք է այն կրեին: Յոթանասնից թարգմանությունն արդեն այս համարում ցույց է տալիս ա՛յն օրերի թիվը, որոնց ընթացքում մարգարեն պիտի պառկեր իր ձախ կողքի վրա, այն է՝ 150 օրեր։ Այս ժամանակահատվածը եբրայական տեքստում մատնացույց է արվում միայն հաջորդ համարում: Այսպիսով, սակայն, Յոթանասնից թարգմանությունն այդ թիվը մատնացույց է անում երկու անգամ՝ ամեն անգամ իրարից տարբեր թվեր հիշատակելով. այս համարում մատնանշվում է 150 թիվը, իսկ հաջորդ համարում՝ 190, ինչը կասկածի տակ է դնում դրանց վավերականությունը։
   
4-17․ «Դու էլ պառկի՛ր քո ձախ կողքի վրա և դրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես դրա վրա, դու պիտի կրես նրանց անօրենությունը»։ «Եվ ես քեզ համար սահմանեցի նրանց անօրենության տարիները՝ օրերի թվով․ երեք հարյուր իննսուն օր դու կկրես Իսրայելի տան անօրենությունը»։ «Եվ երբ որ դա կատարես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. մեկ օր՝ մեկ տարվա փոխարեն․ ամեն տարվա դիմաց Ես մեկ օր եմ սահմանել քեզ համար»։ «Եվ քո դեմքն ու քո մերկացրած աջ ձեռքն ուղղի՛ր դեպի Երուսաղեմի պաշարումը և մարգարեացի՛ր նրա դեմ»։ «Ահա, Ես կապանքներ եմ դրել քեզ վրա, և դու մի կողքից մյուս կողքիդ վրա չես շրջվի, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը»։ «Քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք լցրո՛ւ մի ամանի մեջ ու դրանցից հացե՛ր պատրաստիր քեզ համար՝ այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա․ երեք հարյուր իննսուն օր կուտես դրանք»։ «Եվ քո կերակուրը, որով պիտի սնվես, օրական քսան սիկղ կշռով կուտես․ ժամանակ առ ժամանակ կուտես այն»։ «Եվ կխմես ջուրը չափով՝ հինենի մեկ վեցերորդ մասը կխմես․ ժամանակ առ ժամանակ կխմես այսպես»։ «Եվ կուտես, ինչպես գարու շոթեր, և կթխես այն նրանց աչքի առաջ՝ մարդկային կեղտի վրա»։ «Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես պիտի ուտեն իրենց անմաքուր հացը այն ժողովուրդների մեջ, ուր որ Ես աքսորեմ նրանց»»։ «Այդժամ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, իմ հոգին երբեք չի պղծվել, և իմ պատանեկությունից մինչև հիմա ես դիակ կամ գազանի հոշոտած [միս] չեմ կերել, և ոչ մի անմաքուր միս չի մտել իմ բերանը»»։ «Եվ Նա ինձ ասաց. «Տե՛ս, Ես թույլ եմ տալիս քեզ, որ մարդու կեղտի փոխարեն կովի աթարը լինի, և դրա վրա՛ պատրաստիր հացդ»»։ «Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Ես Երուսաղեմում պիտի կոտրեմ հացի գավազանը, և նրանք հացը կշռով ու տրտմությամբ պիտի ուտեն, և ջուրը չափով ու հուսահատությամբ պիտի խմեն»»։ «Որովհետև նրանք հացի ու ջրի պակաս պիտի ունենան, և նրանք սարսափով պիտի նայեն մեկը մյուսին ու հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։
   
   Եզեկիելն այլևս չէր կարող աղյուսի վրա պատկերել պաշարման ծանրագույն պայմանները, այլ կարող էր ներկայացնել միայն ինքն իր վրա։ Նա հենց դա է անում հաջորդ խորհրդանշական գործողության ժամանակ։ Եթե ​​պաշարված Երուսաղեմի բնակիչները, առաջին հերթին, սարսափելի անազատության էին ենթարկվում, ինչը նրանց համար անհնարին էր դարձնում ցանկացած ազատ տեղաշարժ, ապա գերության մեջ նույնպես նրանց կարգավիճակն էապես չէր տարբերվելու։ Եվ ոչ միայն պաշարման մեջ եղած ժամանակ, այլ նաև գերության մեջ գտնվելիս նրանք նույնապես պիտի չնչին և անմաքուր սննդի միջոցով ապահովեին իրենց գոյությունը: Թե՛ պաշարման, թե՛ գերության վիճակներն էլ միասին ներկայացված են այդ երկու խորհրդանշական գործողություններում, և դրանցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է նախ գերության (5-6-րդ, 13-րդ համարներ), իսկ հետո նաև՝ պաշարման (8-րդ, 16-17-րդ համարներ) վերաբերությամբ, և այդ եղանակով նշված հատվածները «վերադառնում» ու հանգում են իրենց սկզբնական կետին՝ 1-3-րդ համարներին։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն օր կը կրես նրանց անիրաւութիւնները:
(Արարատ թարգ․) Եվ դու պառկի՛ր քո ձախ կողքի վրա և նրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես նրա վրա, պիտի կրես նրանց անօրենությունը։
(Գրաբար) Եւ դու ննջեսցես ‘ի ձախակողմն քո, և դիցես զանիրաւութիւնս տանն Իսրայէլի ‘ի վերայ դորա. ըստ թուոյ աւուրց զոր ննջեսցես ‘ի վերայ դորա հարե՛ւր և յիսուն օր. և առցես զանիրաւութիւնս նոցա։