Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։19

Ա. Լոպուխին

«Եվ նա չափեց ստորին դարպասից մինչև ներքին գավթի արտաքին եզրը ընկած լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս»։ [19] (Սինոդական թարգ․)
   

    Ինչպես դարպասը, գավիթը նույնպես պետք է չափվեր, իսկ այն բավական էր չափել միայն լայնությամբ, քանի որ դրա երկարությունը հավասար էր տաճարի տարածքի չափին։ Այդպիսով, գավիթն ուներ միայն մեկ չափում՝ այն դեպքում, երբ դարպասներն ունեն երկու հիմնական և բազմաթիվ երկրորդական չափումներ: Գավթի լայնությունն ամենահեշտ ձևով որոշվում էր դարպասների միջև ընկած հեռավորությամբ, քանի որ մարգարեն կանգնած էր դրանց կողքին։ Արտաքին դարպասից, որն այստեղ կոչվում է «ստորին դարպաս» (քանի որ արտաքին գավիթը 8 աստիճան ավելի ցածր էր ներքին գավթից՝ 37-րդ համար) մինչև ներքին գավթի արտաքին եզրը (չի ասվում՝ «մինչև ներքին դարպասը», քանի որ դրա մասին դեռևս խոսք չէր եղել, հմմտ. 23-րդ և 27-րդ համարները) մեծ ու կլոր մի թիվ էր կազմում՝ 100 կանգուն․․․

    «Դեպի արևելք և դեպի հյուսիս» - այս նկատառման իմաստը, հնարավոր է, միայն այն էր, որ գավիթն այդքան լայնություն ուներ ոչ միայն չափված ուղղությամբ՝ նրա արևելյան հատվածում, այլ նաև հյուսիսայի՛ն մասում, որի «սահմաններում» գտնվող դարպասն էլ հենց մարգարեն մտադիր է այժմ չափել․․․
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) նաեւ շրջանակաձեւ սիւներ կային ներսում: Նա չափեց գաւթի լայնքը արտաքին դռնից մինչեւ ներքին դուռը, որ արեւելք էր նայում. հարիւր կանգուն էր:
(Արարատ թարգ․) Ապա չափեց ստորին դարպասի առաջից մինչև ներքին գավիթի առաջը՝ դրսից. լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս։
(Գրաբար) և սիւնք շրջանակաւ 'ի ներքոյ։ Եւ չափեաց զլայնութիւն սրահին 'ի միջոցէ դրանն արտաքնոյ մինչև ցմիջոց դրանն ներքնոյ որ հայէր ընդ արևելս. հարե՛ւր կանգուն: