Ա. Լոպուխին
«Եվ նրա նախասրահները արտաքին գավթի համար էին, և արմավենիներ կային նրանց սյուների վրա, այն բարձրանալու համար՝ ութ աստիճաններ»։ [31] (Սինոդական թարգ․)
Առհասարակ նման լինելով արտաքին դարպասներին՝ ներքին դարպասները, այնուամենայնիվ, որոշակի տարբերություններ ունեին դրանց հետ համեմատությամբ։ Մասնավորապես կարող ենք առանձնացնել երեք տարբերություն՝
1) դրանց նախասրահը՝ նույն է թե՝ 9-րդ համարում նկարագրված դարպասի նախասրահը (այստեղ հարկ է հիշել, որ եբրայեցերենում «էլամմավ» բառը կրկնակի նշանակություն ունի․ տե՛ս 22-րդ, 25-րդ և 26-րդ համարների բացատրությունը։ Յոթանասնից թարգմանության մեջ այստեղ արդեն եզակի թիվն է կիրառված, բայց ինչ-ինչ պատճառներով՝ սեռական հոլովի վերջավորությամբ՝ «tou»։ Սլավոներենում՝ «էլամա»), գտնվում էր «արտաքին գավթում», հետևաբար, այն զբաղեցնում էր դարպասի առջևի հատվածը, և ոչ թե հետևի մասը՝ ի տարբերություն արտաքին դարպասի։ Արտաքին գավթից էլ ավելի սուրբ լինելով՝ ներքին գավիթն իր արտաքին նախասրահով այնտեղ մտնողներին հիշեցնում էր իր սրբության մասին, ինչը հոգևոր մաքրություն էր պահանջում արդեն իսկ գավթի շեմին գտնվելիս:
2) Այսպիսով, արմավենու զարդանախշերով պատված այդ սյուներով (այս համարից՝ ավելի մեծ վստահությամբ, քան դա կարող էինք ունենալ արմավենիների մասին վկայող նախորդող հիշատակումներից, կարող ենք եզրակացնել, որ արմավենիները զարդարում էին նախասրահի սյուներից միայն երկուսը) արտաքին դարպասի կառույցն ավարտվում էր, և սկսվում էր ներքին դարպասի կառույցը։ Քանի որ այդ սյուների հաստությունը՝ 2 կանգուն ըստ 9-րդ համարի, համընկնում էր դարպասի նախասրահի առջևի պատի հաստությանը, և քանի որ ներքին դարպասի կառույցում այն պետք է ներքին գավիթը շրջապատող պատի մաս կազմեր, ուրեմն այդ պատը ևս այդ նույն հաստությունն ուներ (այդ իսկ պատճառով էլ այն որևէ տեղում չի չափվում, այլ միայն պատահականորեն (ասել է թե՝ ոչ հատուկ դիտավորությամբ) հիշատակվում է Եզեկ․ 47:7-րդ և 10-րդ համարներում):
3) Ներքին և արտաքին դարպասների երրորդ տարբերությունն այն էր, որ դեպի այս արտաքին դարպասներ տանող սանդուղքը բաղկացած էր ոչ թե 7, այլ 8 աստիճաններից՝ մի թիվ, որը մեկով ավելի է, քան որպես լիակատար ամբողջության խորհրդանիշ ծառայող սրբազնագույն 7 թիվը։ Քանի որ (ինչպես ցույց է տրված 6-րդ համարի բացատրության մեջ) աստիճաններն ունեին 1/3 մետր բարձրություն, ուստի ներքին գավիթն արտաքին գավթից 2, 2/3 մետրով ավելի բարձր էր՝ մի բարձրություն, որի պարագայում միայն արտաքին գավթից տեսանելի կլիներ այն ամենը, ինչ կատարվում էր ներքին գավթում և հատկապես դրա խորքերում՝ տաճարի շրջակայքում։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Կամարներ կային եւ արտաքին գաւթում, կամարների վրայ՝ արմաւենիներ եւ սանդուղք եօթը աստիճաններով:
(Արարատ թարգ․) Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։
(Գրաբար) Եւ կամարք 'ի յարտաքնում սրահին, և արմաւենի՛ք' ի կամարսն. և եւթն սանդուխք ելանելիք նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: