Ա. Լոպուխին
«Եվ վերցրո՛ւ նրա արյունից ու ցողի՛ր դրա (զոհասեղանի) չորս եղջյուրների վրա և հրապարակի չորս անկյունների վրա ու եզրագծի վրա՝ շուրջանակի, և այդպես մաքրի՛ր այն ու սրբացրո՛ւ այն»։ [20] (Սինոդական թարգ․)
Բուն զոհասեղանի օծումը պետք է բաղկացած լինի զոհաբերվող կենդանու արյունը զոհասեղանի բոլոր առավել ցցուն մասերի վրա ցողելուց, և ոչ միայն այդքանը․ արյունը պետք էր հեղել՝ ա) եղջյուրների վրա, որոնք արյունով էին ցողվում նաև ըստ Մովսիսական օրինատվության (Ելք 29:12), այլև բ) հրապարակի («azra», բառ, որը 14-րդ համարում թարգմանվում է «ելուստ»․ տե՛ս այդ համարի բացատրությունը) անկյունների վրա, որոնք, կարելի է ասել, մի ուրիշ տեսակի եղջյուրներ էին (այստեղ դրանք բոլորը մատնանշվում են միասին) և գ) եզրագծի («գեվուլ») վրա (տե՛ս 13-րդ համարի բացատրությունը): Արյուն ցողելը, ըստ երանելի Հերովիմի, խորհրդանշում է «Փրկչի արյունը»։ Այն, որ մաքրագործվում են զոհասեղանի 4 եղջյուրները, դա էլ նշանակում է աշխարհի 4 ծայրերի մաքրագործումը։ Այն, որ մաքրագործվում է (արյամբ է ցողվում) եզրագիծը կամ հիմքը՝ շուրջանակի, դա նշանակում է առհասարակ ամեն ինչի մաքրագործում ու սրբացում, այլև դա նշանակում է, որ այս սրբագործումը հաստատուն է»։ Նմանատիպ ցողումով զոհասեղանը ոչ միայն մաքրվելու էր (ի դեպ, ինչպես կարծում է Սմենդը, այստեղ կարող է ակնարկվել Ելից 20:25-րդ համարի հրամանը, որը խախտվում է ներկայիս զոհասեղանի կառուցման ժամանակ), այլ նաև սրբագործվելու էր։ Աստված մարգարեին պատվիրում է կատարել օծման ծիսակատարությունները, որոնք չի կարելի հասկանալ ուղիղ իմաստով, այսինքն՝ այնպես, ինչպես որ ժամանակին դա հրամայվել էր անել Մովսեսին, այլ այդ ծիսակատարությունները պետք էր հասկանալ մարգարեական խորհրդանշական կանխասացության իմաստով․․․
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Թող վերցնեն սրա արիւնից, դնեն զոհասեղանի չորս եղջիւրներին, քաւութեան չորս անկիւններին էլ, ցանեն յատակի շուրջը ու դրանով սրբագործեն:
(Արարատ թարգ․) Պիտի վերցնես նրա արյունից և քսես զոհասեղանի չորս եղջյուրներին ու շրջանակի չորս անկյուններին և չորս կողմից՝ եզրին. կմաքրես ու քավություն կկատարես նրա համար։
(Գրաբար) Եւ առցեն յարենէ նորա, և դիցեն ‘ի վերայ չորեցունց եղջերաց սեղանոյն, և ‘ի վերայ չորեցունց անկեանց քաւութեանն. և շուրջ զյատակաւն, և ցանեսցեն՝ և քաւեսցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: