Ա. Լոպուխին
«Իշխանի պարտականությունները պիտի լինեն ողջակեզները, հացի ընծան և հեղելու ընծաները` տոներին, ամսագլուխներին և շաբաթներին, Իսրայելի տան բոլոր տոնակատարություններին: Նա պետք է ընծայի մեղքի համար մատուցվող զոհաբերությունը և հացի ընծան, ողջակեզը և գոհության զոհը՝ Իսրայելի տան մաքրագործման (քավություն անելու) համար»։ [17]
Իր ստացած տուրքի փոխարեն իշխանը ժողովրդի համար պետք է մատուցեր զոհաբերություններ, ինչը հենց իշխանի գլխավոր պարտականությունն իսկ էր (եբրայեցերենից բառացիորեն թարգմանաբար՝ «և իշխանի վրա («al») պիտի լինեն ողջակեզները», և այդպես շարունակ; սլավոներենում՝ «և երեցները թող ողջակեզներ մատուցեն», ու այդպես շարունակ): Ժողովրդի առջև ունեցած իշխանի այս պարտականությունն այնքան կարևոր էր, որ մյուս պարտականությունների մասին նույնիսկ չի էլ հիշատակվում։ Ահա թե ինչու Հերոնիմոս Երանելին իշխանի կերպարի մեջ իրավացիորեն տեսնում է Քրիստոսի կերպարի նախանշումը: Սկզբնապես մատնացույց են արվում իշխանի մատուցած տոնական զոհաբերությունները, իսկ հետո արդեն՝ առհասարակ նրա մատուցած մյուս զոհաբերությունները (որոնք հիշատակվում են 17բ համարում, սակայն հազիվ թե այստեղ խոսքն ամենօրյա զոհաբերությունների մասին լինի. հմմտ. Եզեկ. 46:13-14)։ Առաջին «կարգում» հիշատակված զոհաբերությունների թվին ողջակեզների հետ մեկտեղ գումարվում է նաև հացի ընծան (Յոթանասնից թարգմանությունն այս «հացի ընծա» արտահայտության փոխարեն առաջարկում է առավել ընդհանրական՝ «զոհաբերություններ» տարընթերցումը), ինչպես նաև` «հեղելու ընծաները» եբրայեցերենում` «nesek», մի եզրույթ, որը Մովսիսական օրենքին առնչվում է միայն գինու հեղման օրենքի հետ համեմատությամբ դիտարկվելու դեպքում: Սակայն քանի որ Եզեկիելի մարգարեության մեջ գինի հեղելու կարգն ամբողջովին բացակայում է պաշտամունքի միջից (տե՛ս Եզեկ. 44:21-րդ համարի բացատրությունը; հմմտ. Եզեկ. 23:42), ուստի ենթադրվում է, որ այստեղ խոսքը յուղի հեղման մասին է (Եզեկ. 46:5, 7, 15, հմմտ. Միք. 6:7): Տոները, որոնց օրերին իշխանը պետք է մատուցեր վերոնշյալ երեք տեսակի զոհաբերությունները, նույնպես երեք տեսակի կարող էին լինել. առհասարակ տոները՝ իրենց բուն իմաստով, որոնց թվին են պատկանում ամենամեծ տարեկան տոները («khag», ինչպես օրինակ՝ Պասեքը…), ինչպես նաև (երկրորդ տեսակը)` առավել նվազ հանդիսավոր ու հաճախակի հանդիպող տոները՝ ամսամուտները, և վերջապես երրորդ տեսակը` ամենշաբաթյա տոները՝ շաբաթականները: Սրանք բոլորը միավորվում են «տոնակատարություններ» - «moadim» եզրույթի մեջ, որը ծագում է «հավաքել» արմատից և նշանակում է «տոնախմբություններ», «հավաքույթներ» (Ծննդ. 1:14, Ղևտ. 23:2). Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տոներ»: Որպես սովորական, ոչ տոնական զոհաբերություններ (բացի առաջին «կարգին» պատկանող վերոհիշյալ զոհաբերություններից` ողջակեզներից և հացահատիկի ընծաներից) հիշատակվում են նաև ավելի մեծ հոգեկան վշտի փարատման համար մատուցվող զոհաբերությունները՝ մեղքի համար մատուցվող զոհաբերությունը («khala») և առավել նվազ հանդիսավորություն ունեցող խաղաղության (գոհության) զոհաբերությունը։ Իշխանի կողմից մատուցվող այս բոլոր զոհաբերությունները ոչ այնքան նրա համար էին (նույնիսկ կարելի է ասել` ամենևին էլ նրա համար չեն), որքան ժողովրդի՝ Իսրայելի տան մաքրագործման («kapar» - տե՛ս 15-րդ համարը) համար: Այդպիսով իշխանն Աստծո առջև բարեխոս և միջնորդ էր դառնում իր ամբողջ ժողովրդի համար:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Առաջնորդի ձեռքով պէտք է կատարուեն ողջակէզները, զոհերն ու սպանդը՝ տօներին, ամսագլուխներին, շաբաթներին: Եւ Իսրայէլի այդ տան բոլոր տօներին նա պէտք է մատուցի զոհերն ու ողջակէզները՝ մեղքերի համար ու փրկութեան, սրբագործելու համար Իսրայէլի այդ տունը»:
(Արարատ թարգ․) Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։
(Գրաբար) Եւ ‘ի ձեռն առաջնորդին եղիցին ողջակէզքն՝ և զոհքն՝ և սպանդքն, ‘ի տօնս և յամսագլուխս և ‘ի շաբաթս. և յամենայն տօնս տանդ Իսրայէլի նա մատուսցէ զվասն մեղացն, և զզոհսն՝ և զողջակէզսն, և զվասն փրկութեանն քաւե՛լ զտունդ Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: