Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։7

Ա. Լոպուխին

«Եվ իշխանին բաժի'ն տուր այս և այն կողմից՝ ինչպես Տիրոջ համար հատկացված սրբավայրի կողքին, այդպես էլ քաղաքի սեփականության կողքին, դեպի արևմուտք` արևմտյան կողմից, և դեպի արևելք` արևելյան կողմից` երկարությամբ այս ժառանգություններից մեկի չափով` արևմտյան սահմանից մինչև արևելյան [սահմանը]»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    25000 միավոր մակերեսով քառակուսու երկու կողմերում (որոնք իրենց մեջ ներառում էին Ղևտական, քահանայական և քաղաքային հողակտորները)` այդ քառակուսու լայնության ամբողջ (25000 միավոր) երկայնքով տարածվում էր իշխանական («nasi», տե՛ս Եզեկ. 44:3-րդ համարի բացատրություն) հողակտորը` արևելքում հասնելով մինչև Հորդանան, իսկ արևմուտքում` Միջերկրական ծով, այդպիսով արևելքից և արևմուտքից շրջապատելով սրբազան հրապարակը (քառակուսին) և, ինչպես 12 ցեղերից յուրաքանչյուրի «ժառանգության» դեպքում էր, զբաղեցնելով Ավետյաց երկրի ամբողջ լայնությունը (Եզեկ. 48:21): Սլավոներենում` «Եվ ավագագույնին` դրանից և ամեն ինչից», հունարենում` «ek toutou kai apo toutou», որը բառացի թարգմանությունն է եբրայեցերեն «mizze umizze» արտահայտության, որն էլ իր հերթին, Վուլգաթային («hinc et inde») հետևողությամբ, այժմ ամենքը թարգմանում են «այս և այն կողմից»: Սլավոնական տեքստը շարունակության մեջ ասում է. «Սրբերի առաջին պտուղները` քաղաքի ունեցվածքի համար», և այլն....
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) ԱԱռաջնորդին էլ է տրուելու հող քաղաքի նստավայրում, սրբարանի դիմաց, քաղաքի բնակավայրերի դէմ-յանդիման, ծովի կողմը, ծովից էլ՝ դէպի արեւելք. երկարութիւնը՝ ըստ մէկ բաժնի սահմանների դէպի ծովակողմը, լայնութիւնը՝ ըստ հողի մէկ բաժնի սահմանների դէպի արեւելք:
(Արարատ թարգ․) Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքից դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկի չափով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։
(Գրաբար) Եւ առաջնորդին յայնմանէ և անտի յերախայրիս սրբոցն ‘ի նիստ քաղաքին յանդիման երախայրեաց սրբութեանցն, ընդդէմ բնակութեան քաղաքին ընդ կողմ ծովու. և ‘ի ծովէն ընդ արևելս. և երկայնութիւն ըստ միոյ վիճակաց ‘ի սահմանացն որ ընդ ծովակողմն, և լայնութիւն ըստ սահմանաց երկրին որ ընդ արևելս․