Ա. Լոպուխին
15-18. «Թող որպես ողջակեզ մատուցեն գառը, հացի ընծան և յուղը ամեն առավոտ, մշտապես»։ [15] «Այսպես է ասում Տեր Աստված. «Եթե իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, ապա այն ժառանգություն պիտի լինի նաև նրա որդիների համար. նրանց այդ սեփականությունը պիտի լինի ժառանգաբար»։ «Եթե նա իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, ապա դա նրան կպատկանի մինչև ազատագրման տարին, իսկ հետո կվերադառնա իշխանին. նրա ժառանգությունը պիտի անցնի միմիայն իր որդիներին»։ «Բայց իշխանը չի կարող վերցնել ժողովրդի ժառանգական մասնաբաժնից՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. միայն իր սեփականությունից նա կարող է [ժառանգություն] տալ իր որդիներին, որպեսզի Իմ ժողովրդից ոչ ոք չզրկվի իր սեփականությունից»։ (Սինոդական թարգ․)
Իշխանին՝ զոհաբերությունների մատուցման գործում բացառիկ դերակատարություն ունեցող այս «խնամակալին» ունեցվածքով ապահովելը նույնքան հավիտենական և հաստատուն կանոն պետք է լինի, որքան զոհաբերությունների մասին նախորդիվ (14-րդ համարում) տրված «հրամանագիրն» էր։ Իշխանը չպետք է բաժան-բաժան անի իր ժառանգությունը, որն իր մեջ ընդգրկում էր հենց Իր` Տիրոջ ժառանգությունը, և այդպիսով ասես աստվածապատկան այդ ժառանգությունը տարանջատվում էր աշխարհային ամեն բանից: Իշխանն իր ժառանգությունը կարող էր բաժանել միայն իր ցեղատոհմի «շրջանակներից» ներս, և ի դեպ` այս թույլտվությունն ինքնին արդեն ենթադրել էր տալիս, որ նրա ունեցվածքի մեծ մասը պետք է անցներ առաջնեկին՝ ժառանգին։ Իսկ ահա եթե իշխանը ժառանգություն տար իր ծառային (հնում թագավորները հաճախ այդպես էին կոչում առհասարակ իրենց բոլոր պաշտոնյաներին, նույնիսկ նախարարներին), ապա այդ ժառանգությունը ծառայի մոտ կարող էր մնալ միայն մինչև այդ ծառայի ազատագրման տարին, այսինքն` մինչև 7-րդ տարին (Ես. 21:2, Բ Օրին. 15:12, Երեմ. 34:14), հետևաբար` ոչ ավելի, քան 7 տարի: Մյուս կողմից էլ` իշխանին թույլ չի տրվում մեծացնել իր ժառանգությունը ժողովրդի ունեցվածքի հաշվին. այս դեպքում մարգարեն կարող էր ակնարկել անցյալի տխրահռչակ հիշողությունները։ Համաձայն նորագույն շրջանի մեկնիչների տեսակետի` Եզեկ. 46:16-18-րդ համարներին և 45:8-րդ համարին կցված հատվածները, եթե իհարկե դրանք դիտարկենք զուտ որպես գործնական օրենքներ, այստեղ բոլորովին անհարկի են հավելադրված։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ամէն օր վաղ առաւօտեան պէտք է մատուցուի գառը, մաննան ու իւղը, որպէս մշտնջենական ողջակէզ»:
(Արարատ թարգ․) Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։
(Գրաբար) հանապազ մատուցանիցէ զգառնն և զմաննայն, և զեւղն արասցէ այգո՛ւն այգուն ողջակէզ հանապազորդ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: