Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։3

Ա. Լոպուխին

«Եվ ասա՛. «Իսրայելի՛ սարեր, լսե՛ք Տեր Աստծո խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հովիտներին ու հեղեղատներին. ահա, Ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և պիտի կործանեմ ձեր բարձունքները»»։ [3] (Սինոդական թարգ․)
   

   Այն, որ ​​մարգարեն լեռներից պահանջում է լսել Տիրոջ խոսքը, դա ավելին է, քան հռետորական պատկերավորությունը։ Դեռևս Եսայի մարգարեն էր անշունչ բնությունը կրոնական քննության առարկա դարձնում։

   «Հեղեղատներ» - բառացիորեն՝ «հոսքեր», այսինքն՝ ժամանակ առ ժամանակ չորացող առուները, որոնք այդքան շատ են Պաղեստինում և այժմ այնտեղ հայտնի են «վադիներ» անվամբ։ «Հովիտները լեռների հետ փոխկապակցելը նպատակ ունի մատնանշելու ողջ երկիրն ընդգրկելու իրողությունը (հմմտ․ 32:5-6 և այլ տեղիներ)։ Սակայն, դրանից բացի, այստեղ, ինչպես լեռների մասին հիշատակության մեջ էր, նկատի է առնվում հովիտների ունեցած կռապաշտական ​​«դերակատարությունը»։ Այս առումով հատկապես նշանավոր էր Ենոմի որդիների հովիտը (Երեմ․ 7:31, 32:35)։ Հովիտները ծածկված էին ծառերով ու պուրակներով, որոնց ստվերների ներքո տեղի էր ունենում հատկապես Աստարտին նվիրված երկրպագությունը։

   «Սուր», այսինքն՝ պատերազմ։

   «Բարձունքներ» - եբրայեցերեն՝ «բամոտ»․ «terminus technicus» (տեխնիկական եզրույթ է)։ Այն որոշակի հատուկ պաշտամունքների համար նախատեսված վայրն էր (Երեմ․ 7։31)։ Դրանց վերաբերյալ Եզեկիելի տեսակետն ավելի մանրամասնորեն ներկայացված է 20:27-29-րդ համարներում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ‘Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը,
(Արարատ թարգ․) Եվ ասա՛. Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. "Ահա ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և ոչնչացնեմ ձեր Բարձր տեղերը։
(Գրաբար) և ասասցես. Լերի՛նք Իսրայէլի՝ լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցլերինս և ցբլուրս՝ և ցձորս և ցդաշտս. Ահաւադիկ ես ածե՛մ ‘ի վերայ ձեր սուր, և ապականեսցին բարձունք ձեր.