Ա. Լոպուխին
«Եվ ձեր զոհասեղանները պիտի ավերվեն, պիտի փշրվեն արևի պատվին կանգնեցված ձեր սյուները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ»։ [4] (Սինոդական թարգ․)
«Զոհասեղանները» տարբերակվում են «բարձունքներից» նաև այլ տեղիներում (Դ Թագ․ 21:3, 23:18)։
«Արևի պատվին կանգնեցված ձեր սյուները» - սլավոներենում՝ «կռատները», եբրայեցերենում՝ «համան» - հատուկ սյուներ, որոնք Բահաղի՝ արևի աստծո խորհրդանիշներն էին՝ տեղադրված նրա զոհասեղանների կողքին կամ վրա (համաձայն Բ Մնաց․ 34:6-րդ համարի վկայության; փյունիկյան արձանագրություններում դրանք կոչվում էին «վաալհամոն»)։ Եբրայական անվանումը կարող է ծագած լինել Սիրիայի և Կիլիկիայի միջև ընկած լեռնաշղթայի անունից։
«Եվ ձեր սպանվածներին (սլավոներենում, ավելի ճիշտ ձևով, «խոցվածներին», ասել է թե՝ վիրավորներին, որովհետև սպանվածների մասին խոսվում է հաջորդիվ) ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ» - Կուռքերի աննշանությունը շոշափելի պիտի դառնա, երբ նրանցից առաջ սպանվեն նրանց ծառաները, որոնք օգնություն էին ակնկալում այդ կուռքերից իրենց թշնամիների դեմ պայքարելու համար։ Այստեղ կուռքերը կոչվում են «գիլպուլ», որը նրանց բնորոշելու համար Եզեկիելի սիրած անունն է։ Այդ անվանումը Եզեկիել մարգարեն գործածել է 38 անգամ, և դա այն դեպքում, որ այդ բառն առհասարակ կիրառվել է ընդամենը 47 անգամ (այդ գործածությունները տեղ են գտել Ղևտացվոց, Երկրորդումն Օրինաց գրքերում և Երեմիայի մարգարեության մեջ)։ Յոթանասնից թարգմանության մեջ դրանք պարզապես կոչվում են «կուռքեր»։ «Հրեաները հիմնականում շատ խորագետ են նմանատիպ արհամարհական անունների ստեղծման գործում» (Բերթոլետ): Մարգարեի խոսքը սարերից ու հովիտներից՝ որպես ունկնդիրների, անցում է կատարում դրանց բնակիչներին։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ:
(Արարատ թարգ․) Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։
(Գրաբար) և կործանեսցին սեղանք ձեր. և խորտակեսցին մեհեանք ձեր. և տապա՛ստ արկից զվիրաւորս ձեր առաջի կռոց ձերոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: