Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Մարգարեություն երկրի վերաբերյալ։ 4-րդ և 5-րդ գլուխներում մարգարեն ամենամոտ իմաստով ի նկատի ուներ քաղաքը։ Այժմ նա անցում է կատարում ամբողջ երկրին (իսկ արդեն 7-րդ գլխում՝ թագավորությանը)՝ հեռակա կապով ցույց տալու համար մեղքն ու պատիժը։ Կռապաշտության միջոցով տաճարի պղծումը կապված է «բարձունքների պաշտամունքի» հետ, որը լայն տարածում էր գտել ամբողջ երկրում (3-րդ համար) և որը կարող էր արմատախիլ լինել միայն այդ երկրի ամբողջական ավերումով (6-րդ համար) և նրա բնակչության կործանումով (5-րդ և 7-րդ համարներ)։ Միայն այն ժամանակ, երբ այս բոլոր սրբավայրերն իրենց հեթանոսական պատկերներով հանդերձ ոչնչացվեն (4-րդ համար) և կռապաշտ ժողովուրդը վայր ընկնի հենց իր իսկ կուռքերի առաջ (7-րդ համար), միայն ա՛յդ դեպքում կկոտրվի այն ոչ մեծ թվով իսրայելցիների համառությունը, որոնք պիտի փրկվեն՝ ամբողջ աշխարհով մեկ ցրվելով (8-9-րդ համարներ), ու այդպիսով նրանք պիտի հասնեն այն գիտակցությանը, որ մարգարեների կողմից քարոզված Յահվեն միակ ճշմարիտ Աստվածն է (10-րդ համար): Ահա թե ինչ էր նախապատրաստվել Իսրայելական երկրի համար։ Զայրույթով լեցուն ծիծաղով և անթաքույց վրդովմունքով մարգարեն կարող էր հայացք գցել ժողովրդի վարքագծին. Յահվեն շուտով վերջ պիտի դներ այդ վարքուբարքին (11-13-րդ համարներ)։ Խիտ բնակեցված հողը վերածվելու էր անապատի, որը տարածվելու էր անսահման տարածության մեջ (14-րդ համար):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: