Ելից գրքի մեկնություն 12։40

Ա․ Լոպուխին

40-41. Եվ Իսրայելի որդիները չորս հարյուր երեսուն տարի բնակվեցին Եգիպտոսում: [40] Եվ չորս հարյուր երեսուն տարվա վերջին օրը՝ հենց նույն օրը, Տիրոջ բոլոր զորքերը ելան Եգիպտոսի երկրից:(Սինոդական թարգ․)
   
   Հրեաները Եգիպտոսում ապրել են մոտ 430 տարի. «Իսրայելի որդիները Եգիպտոսում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի» (Ելք 12:40): Իսկ Յոթանասնից թարգմանությունն այս թվի մեջ ներառում է նաև հրեա ժողովրդի նահապետների՝ Քանանի երկրում բնակվելու տարիները. «Իսրայելի որդիներն իրենք ու իրենց հայրերը եգիպտացիների երկրում և քանանացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի»: Եվ քանի որ Աբրահամը 75 տարեկանում հաստատվեց Քանանում և 25 տարի անց ունեցավ Իսահակին (Ծննդ. 17:1, 21), Իսահակը 60 տարեկանում ունեցավ Եսավին ու Հակոբին (Ծննդ. 25:26), իսկ Հակոբը տեղափոխվեց 130 տարեկանում (Ծննդ. 47:9), հետևաբար 25, 60 և 130 թվերը գումարելով՝ ստանում ենք 215, այսինքն՝ հունական տեքստի համաձայն նահապետները 215 տարի ապրել են Քանանի երկրում, և նույնքան ժամանակ էլ նրանց սերունդներն են ապրել Եգիպտոսում:

   Եգիպտոսում հրեաների բնակության շարունակականութան հարցում բնագրերի ունեցած տարաձայնության հետևանքով հետագա ժամանակների գրականությունը ևս չի առանձնանում կարծիքների միօրինակությամբ: Հովսեփիոս Փլավիոսը, Հուլիոս Աֆրիկացին, Եվսեբիոս Կեսարացին, ռուս հեղինակներից սբ. Ֆիլարետը հետևում են Յոթանասնից թարգմանության հաշվարկին: Թեոփիլոս Անտիոքացին և Կղեմես Ալեքսանդրացին համամիտ են հրեական հաշվարկմանը: Վերջինս առավել ընդունելի է համարվում ժամանակակից մեկնաբանների կողմից և, իսկապես, ավելի հիմնավոր է, քան հունականը: Այս մոտեցման օգտին առաջին հերթին խոսում է հենց համատեքստը:

   Նահապետների կյանքի նկարագրությունը Ծննդոցի հեղինակն ավարտել էր հենց Ծննդոց գրքում: Ողջ Ելից գիրքը՝ մասնավորաբար այս հատվածին նախորդող գլուխները վերաբերում են Եգիպտոսում վերաբնակված Իսրայելին:

   Չի կարելի կարծել, որ այն երկիրը, որտեղ Աբրահամի հետնորդները պիտի 400 տարի պանդուխտ լինեին, Քանանն է: Խոստման համաձայն (Ծննդ. 12:7, 13:17, 15:18, 17:8, 18:13) այն շնորհվել էր նահապետներին ու նրանց հետնորդներին և համարվում էր իրենց «սեփականը», ուստի և չէր կարող կոչվել «օտար», «ոչ իրենցը»: Եվ եթե այդ երկիրը Քանանը չէ, ուստի Պաղեստինում նահապետների պանդխտության տարիները հնարավոր չէ ներառել այդտեղ ապրելու 400 տարիների մեջ: Հունական տարեգրությանը հակառակ վկայություն տալով՝ սույն տեղին ի մասնավորի խոսում է նաև 430-ամյա ժամանակահատվածը երկու մասի բաժանելու և յուրաքանչյուր վայրում 215-ական տարի «զետեղելու» դեմ: Համաձայն Ծննդոց գրքի (Ծննդ. 15:13)՝ պանդուխտ պիտի լինեին Աբրահամի հետնորդները, ուստի Քանանում նահապետների ապրած 215 տարիներից պետք է զեղչել Աբրահամի պանդխտության 25 տարիները (տե՛ս վերևում), այսինքն՝ ողջ ժամանակահատվածի առաջին մասը հավասար կլինի 190 տարվա, և ոչ թե 215-ի:
   
   Հրեական տարեգրությանը չի հակասում ինչպես Եգիպտոսում տեղի ունեցած միմիայն չորս սերնդի փոխությունը (Ղևի, Կահաթ, Ամրամ և Մովսես, հմմտ. Ելք 6:16-20), այնպես էլ Պողոս առաքյալի վկայությունը (Գաղ. 3:16-17): Ինչպես երևում է վերևում (Ելք 6:14-25-րդ համարների բացատրությունը), Կահաթից մինչև Մովսես 4-ից ավելի սերունդ է փոխվել, Ամրամը՝ Մովսեսի հայրը, Կահաթի որդին չէ, այլ Ղևիի հետնագույն սերունդներից է: Ինչ վերաբերում է Պողոս առաքյալի վկայությանը, ապա նախ հստակ չէ, թե որ պահից է նա սկսում 430 տարիների հաշվարկը, մյուս կողմից ու «մարդկայնորեն եմ ասում» (Գաղ. 3:15) արտահայտությունը հուշում է, որ Պողոս առաքյալը հետևում է իր ժամանակ համընդհանուր տարածում գտած տարեգրությանը:
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում 58 ապրեցին չորս հարիւր երեսուն տարի: Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիները չորս հարյուր երեսուն տարի բնակվեցին Եգիպտոսի մեջ:
(Գրաբար) Եւ բնակութիւն որդւոցն Իսրայէլի զոր բնակեցին յերկրին Եգիպտացւոց եւ յերկրին Քանանացւոց, ինքեանք
եւ հարք իւրեանց. ամք չորեքհարիւր եւ երեսուն: Եւ եղեւ յետ չորեքհարիւր եւ երեսուն ամի,